Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ նոյեմբերին ընդունվելու է համաներման որոշում, որը երկրում ամենաընդգրկունն է լինելու վերջին տարիների ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է այդ հարցի շուրջ ընդդիմության հետ խորհրդակցության ավարտից հետո: «Դա կլինի վերջին տարիների ընթացքում ամենանշանակալի եւ ընդգրկուն համաներումը Վրաստանի պատմության մեջ: Համաներումից եւ դրանով նախատեսված ցանկին եւս 22 հոդված հավելելուց բացի, մենք նաեւ պայմանավորվել ենք, որ մի շարք այլ հոդվածների նկատմամբ կօգտագործվի վաղաժամկետ-պայմանական ազատման մեխանիզմը»,- ասել է Բաքրաձեն:
Ըստ նախնական տեղեկատվության՝ նոյեմբերի 23-ին՝ «Վարդերի հեղափոխության» հինգերորդ տարեդարձի օրը, բանտերից կազատվեն մոտ 3 հազար կալանավորներ: