Շաքարի մոնոպոլիան ընդլայնվում է

13/11/2008

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ կայացած նիստում որոշում է ընդունել «Սալեքս գրուփ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերություններից յուրաքանչյուրին (երկուսն էլ պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) «Մանկական հյութեր» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող համարելու մասին:

«Մանկական հյութեր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը կատարվել է 2007թ. եւ 2008 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա: Համաձայն «Մանկական հյութեր» ապրանքային շուկայում գործող 3 տնտեսվարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվության` 2007 թվականին Հայաստան է ներկրվել 9 հազար 360 կգ մանկական հյութ, իրացվել 8 հազար 770,7 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունի «Սալեքս գրուփը»` 55,5 տոկոս: Նրան հաջորդում են «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 44,27 եւ «Սլավէքսը»` 0,22 տոկոս բաժիններով: «Մանկական հյութեր» ապրանքային շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին երկու տնտեսվարող սուբյեկտներն իրացման ծավալներով միասին գրավում են շուկայի 99,78 տոկոսը, իսկ նշված 3 տնտեսվարող սուբյեկտները միասին` 100 տոկոսը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող «Սալեքս գրուփ» եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլ» ընկերություններից յուրաքանչյուրն իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին: 2008 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 3 հազար 543,5 կգ մանկական հյութ, իրացվել 3 հազ. 643,5 կգ: Նշված ապրանքային շուկայում 2008 թ. առաջին կիսամյակի տվյալներով իրացման առավել մեծ ծավալներ ունի «Սալեքս գրուփը»` 60,6 տոկոս: Նրան հաջորդում են «Ալեքս Գրիգը»` 36,6 եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 2,7 տոկոս բաժիններով: Այս տարվա տվյալներով նույնպես «Սալեքս գրուփ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերություններից յուրաքանչյուրը համարվում է «Մանկական հյութեր» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող:

ՏՄՊՊՀ-ն երեկ որոշում է ընդունել նաեւ մայրական կաթին փոխարինող կերերի շուկայում «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության` գերիշխող դիրք ունենալու մասին: ՏՄՊՊՀ-ն որոշեց նաեւ, որ մանկական շիլաների շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Սլավէքս», իսկ մանկական խյուսերի շուկայում` «Ալեքս Գրիգ» ընկերությունները: Մայրական կաթին փոխարինող կերերի շուկայում գործող 7 տնտեսվարողների կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն, 2007 թ. Հայաստան է ներկրվել 190 հազար 70 կգ մայրական կաթին փոխարինող կեր: Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Սալեքս գրուփը»` 32,46 տոկոս, «Հայր եւ որդի Երիցյանները»` 27,4 տոկոս եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 21,63 տոկոս բաժիններով: Առաջին երկուսը գրավում են շուկայի 59,86 տոկոսը` շուկայի կեսից ավելին: 2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 172 հազար 555,4 կգ մայրական կաթին փոխարինող կեր եւ իրացվել` 152 հազար 433,4 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Հայր եւ որդի Երիցյանները»` 34,49 տոկոս, «Ալեքս Գրիգը»` 25,35 տոկոս եւ «Սալեքս գրուփը»` 24,29 տոկոս բաժիններով: Հանձնաժողովն այսօր «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությանը համարել է որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել է գերիշխողների գրանցամատյանում:

Մանկական շիլաների շուկայում 2007 թ. Հայաստան է ներկրվել 71 հազար 398,2 կգ մանկական շիլա եւ իրացվել` 62 հազար 754 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Սլավէքսը»` 43,71 տոկոս, «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 29,81 տոկոս եւ «Կոնսոնը»` 9,16 տոկոս բաժիններով: Առաջին երկուսը միասին գրավում են շուկայի 73,53 տոկոսը: 2008-ի առաջին կիսամյակում շուկայում գործել է 7 տնտեսվարող: Համաձայն նրանց ներկայացրած տեղեկատվության, 2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 34 հազար 419,6 կգ մանկական շիլա: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Սլավէքսը»` 33,61 տոկոս, «Հայր եւ որդի Երիցյանները»` 26,98 տոկոս եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 20,43 տոկոս բաժիններով: Հանձնաժողովը երեկ «Սլավէքս» ընկերությանը համարել է որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող:

Մանկական խյուսերի (պյուրեների) շուկայում 2007թ. Հայաստան է ներկրվել 17հազար 941,9 կգ մանկական խյուս եւ իրացվել` 17 507,6 կգ: Շուկայում, 2007 թ. տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունի «Սալեքս գրուփը»` 80,32 տոկոս: Հաջորդում են «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 19,35 տոկոս եւ «Սլավէքսը»` 0,34 տոկոս բաժիններով: 2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 19 հազար 456,4 կգ մանկական խյուս եւ իրացվել` 17 770,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Ալեքս Գրիգը»` 68,35 տոկոս, «Սալեքս գրուփը»` 27,88 տոկոս եւ «Ինտերմիլկը»` 2,01 տոկոս բաժիններով: Հանձնաժողովը երեկ «Ալեքս Գրիգ» ընկերությանը համարել է որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել գերիշխողների գրանցամատյանում:

ՏՄՊՊՀ-ն երեկ որոշում է ընդունել նաեւ «Ակվատեխավտոմատիկա» ընկերությանը «Իշխան եւ կարմրախայտ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցումից հանելու մասին: ՏՄՊՊՀ-ն որոշել է նաեւ «Թառափազգիներ» ապրանքային շուկայում «Ա. Հովհաննիսյան» եւ «Արթուր Տաթեւիկ» ընկերություններին համարել գերիշխող դիրք ունեցող: Ըստ ՏՄՊՊՀ-ի 2006 թվականի հուլիսի 12-ի ուսումնասիրությունների` «Իշխան եւ կարմրախայտ ձկնատեսակներ» ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման են ճանաչվել ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրված եւ իրացված իշխան, կարմրախայտ ձկնատեսակները, իսկ աշխարհագրական սահման` Հայաստանի Հանրապետության տարածքը: 2007 թվականի ընթացքում Հայաստանում իրացվել է 640 հազար 826 կգ իշխան եւ կարմրախայտ, արտահանվել` 53 հազար 942 կգ: «Իշխան եւ կարմրախայտ» ապրանքային շուկայում իրացման ծավալներով առաջատարը «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունն է (18,98%), նրան հաջորդում է «Ա. Հովհաննիսյան» ընկերությունը (16,93%), ապա` «Սպիտակ դելֆինը» (9,59%): Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին 2 տնտեսվարող սուբյեկտներն իրացման ծավալներով միասին գրավում են շուկայի 35,91 %-ը, իսկ 3-ը միասին` 45,5 %-ը: Հետեւաբար, ըստ հանձնաժողովի, «Իշխան եւ կարմրախայտ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չկան: Նշված ապրանքային շուկայում 2007 թվականի տվյալներով՝ «Ակվատեխավտոմատիկա» ընկերության բաժինը կազմել է 18,98 %, հետեւաբար, այն կորցրել է շուկայում ունեցած գերիշխող դիրքը: Ըստ «Թառափազգիներ» ապրանքային շուկայում գործող 18 տնտեսվարող սուբյեկտների կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվության` 2007 թվականին Հայաստանում իրացվել է 148 հազար 383 կգ թառափազգի, արտահանվել 4 հազար 60 կգ: «Թառափազգիներ» ապրանքային շուկայում ամենամեծ իրացման ծավալներ ունի «Ա. Հովհաննիսյան» ընկերությունը` 38,77%, երկրորդը «Արթուր Տաթեւիկ» ՍՊԸ-ն է` 33,36%, իսկ երրորդը «Ձկների աշխարհ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը` 9,64%: Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը: Հետեւաբար` «Թառափազգիներ» ապրանքային շուկայում առավել մեծ ծավալներ ունեցող «Ա. Հովհաննիսյան», ինչպես նաեւ «Արթուր Տաթեւիկ» ՍՊԸ-ներից յուրաքանչյուրը համարվում է գերիշխող դիրք ունեցող, համապատասխանաբար, 38,77% եւ 33,36% բաժիններով: