Մինչ հայրենի իշխանություններն օրուգիշեր հիշեցնում են, որ Հայաստանը շուտով կդառնա ֆինանսական կենտրոն, մրցունակ՝ տնտեսությամբ, մինչ խոստանում են, որ մի քանի տարի անց մենք կհամեմատվենք արդեն արեւելաեվրոպական երկրների տնտեսությունների հետ, Հայաստանի տնտեսությունը, կարծեք թե, գնում է լրիվ հակառակ ուղղությամբ` սեփական ղեկավարների ցանկություններից ու խոստումներից բացարձակ անտեղյակ։ Կամ՝ ի հեճուկս նրանց ազնվագույն մղումների:
Այն, որ մրցունակության առումով տրվող խոստումներն առայժմ միայն բարի ցանկությունների ոլորտից են, ակնհայտ է դառնում հենց միայն պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ որոնք արձանագրում են, որ մեր ներմուծման ծավալները մի քանի անգամ ավելի արագ են աճում, քան արտահանման ցուցանիշները, իսկ արդյունաբերությունն ընդհանրապես կիսամեռ վիճակում է։ Սակայն այսպիսի ոչ մասնագիտական դատողություններն ավելի են հիմնավորվում, երբ տրվում են կոնկրետ գնահատականներ՝ արդեն տվյալ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների կողմից։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum) եւ նրա կողմից ամեն տարի հրապարակվող գլոբալ մրցունակության զեկույցին (Global competitiveness report)։
Հայաստանի «մրցունակ տնտեսության մրցունակության տեսլականը» (ինչպես սիրում են ասել մեր իշխանությունների նոր սերնդի ներկայացուցիչները) միանգամից կասկածելի է թվում եւ կորցնում է իր հմայքը, երբ թերթում ենք նշված կազմակերպության 2008-2009թթ. զեկույցը։ Գնահատված 134 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 97-րդ տեղը։ 1-7 բալանոց սանդղակով (7-ը մրցունակության ամենաբարձր ցուցանիշն է, 1-ը` ամենացածրը) Հայաստանը ստացել է 3.7 բալ եւ իր պատվավոր տեղը զբաղեցրել Սենեգալի եւ Դոմինիկյան Հանրապետության արանքում։ Սակայն զբաղեցրած տեղն այնքան վատ չէ, որքան միտումը՝ նախորդ զեկույցում մենք 93-րդ տեղում էինք՝ 3.8 միավորով, իսկ 2006-2007թթ. զեկույցում՝ 80-րդ տեղում՝ 3.9 միավորով։ Փաստորեն, մրցունակության մասին խոսելուն զուգընթաց՝ մենք կայուն կերպով կորցնում ենք մրցունակությունը։
Ըստ առանձին չափանիշների՝ կան գնահատականներ, որոնք պարզապես սարսափ են հարուցում։ Օրինակ, ինովացիոն (նորարարական տեխնոլոգիաների) առումով զբաղեցնում ենք 106-րդ տեղը, ապրանքային շուկայի արդյունավետության առումով զբաղեցնում ենք՝ 110-րդ, իսկ տեխնոլոգիական պատրաստվածության առումով՝ 112-րդ հորիզոնականները։
Տխուր է նաեւ ըստ զարգացման փուլերի դասակարգման՝ մեր տնտեսությանը տրված գնահատականը։ Իսկ ըստ զարգացման փուլի՝ WEF-ը տնտեսությունները դասակարգում է 3 հիմնական փուլերով՝ գործոնների վրա հիմնված տնտեսություն, արդյունավետության վրա հիմնված եւ ինովացիոն տնտեսություն։ Հայրենի իշխանությունների խոսքերով, մենք ուր որ է կհասնենք վերջինին՝ ինովացիոն տնտեսությանը, մինչդեռ զեկույցի հեղինակների կարծիքով, մենք անցումային փուլում ենք՝ առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ։
Բավական վատ ցուցանիշներ ունենք նաեւ հետեւյալ ուղղություններում՝ մտավոր սեփականության պաշտպանություն՝ 108-րդ տեղ, դատական համակարգի անկախություն՝ 123-րդ տեղ, պետական ծրագրերի թափանցիկություն՝ 103-րդ տեղ եւ այլն։ Ինչ վերաբերում է կրթական համակարգին, որը մրցունակ տնտեսություն ունենալու թերեւս ամենակարեւոր նախապայմանն է, ապա այդ համակարգի որակի առումով 98-րդ տեղում ենք, իսկ կառավարման դպրոցների որակի առումով՝ 124-րդ տեղում։ Եվ վերջապես՝ ներքին մրցակցության ցուցանիշներով զբաղեցնում ենք ցանկի՝ վերջից առաջին տեղերը։ Այսպես՝ տեղական մրցակցության ինտենսիվության առումով 132-րդ տեղում ենք։ Նույն հորիզոնականն ենք զբաղեցնում նաեւ հակամրցակցային քաղաքականության արդյունավետության առումով։ Այլ կերպ ասած, Աշոտ Շահնազարյանի գլխավորած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստացել է մի գնահատական, որը համարժեք է «2-ից հանած»-ին։ Բայց դա իրականում ոչ թե Աշոտ Շահնազարյանի, այլ մեր իշխանությունների գնահատականն է:
Զեկույցում ներկայացված են նաեւ հարցման արդյունքները՝ որո՞նք են Հայաստանում բիզնեսով զբաղվելուն խանգարող հիմնական խոչընդոտները։ Հարցման մասնակիցներն առաջին հերթին նշել են կոռուպցիան (17.5%), հետո՝ հարկային վարչարարությունը (15.7%), արտարժույթի փոխարժեքի տատանումները (10.3%), բյուրոկրատիան եւ այլն։