Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունն ԱԺ ուղարկեց «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը, սակայն, կարճ ժամանակ անց
հետ վերցրեց:
Փոփոխությունների այդ նախագծով նախատեսվում է այսուհետ բոլոր 18 տարին լրացած պատանիներին զորակոչել բանակ` անկախ բուհում սովորելու հանգամանքից: Այս փոփոխությունների հիմնական հիմնավորումը բանակն անհրաժեշտ թվակազմով համալրելն է, քանի որ արդեն հաջորդ տարվանից բանակ պետք է զորակոչվեն 1990-91 թվականին ծնված պատանիները: Դեռեւս հայտնի չէ` այդ նախագիծն ի՞նչ տեսքով եւ ե՞րբ կրկին կներկայացվի ԱԺ: Հիշեցնենք, որ այդ օրինագծի վերաբերյալ որոշ դիտողություններ էր արել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` հայտարարելով, որ եթե այն ընդունվի, ինքը կդիմի Վենետիկի հանձնաժողով:
Ի՞նչ խնդիրներ է սրանով փորձում լուծել իշխանությունը, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ: Այս մասին փորձեցինք ճշտել տարբեր բուհերի որոշ դասախոսների ու ուսանողների կարծիքները: Ոմանք, իհարկե, խուսափում էին տեսակետ հայտնել, ինչպես, օրինակ, ՀՊՃՀ Էներգետիկայի դեպարտամենտի վարիչ Հ. Հովսեփյանը, որն ասաց, թե դեռ չգիտի` բոլոր 18 տարեկաններին բանակ տանելը լա՞վ է, թե՞ վատ: Իսկ ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունում հրաժարվեցին մեկնաբանություններ տալ, պատճառաբանելով, որ իրենք չեն ստացել փոփոխությունների որեւէ նախագիծ:
Կարծիքները խիստ բազմազան ու հետաքրքիր էին, նաեւ՝ միմյանցից տարբերվող, թեեւ զրուցակիցների մեծ մասը` եւ՛ ուսանողներ, եւ՛ դասախոսներ, խիստ բացասաբար էին վերաբերվում այդ փոփոխությանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, 25 տարվա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող Վարդան Խաչատրյանը նշեց, թե իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ ունեցած շփումներից կարող է ենթադրել, որ սրանով փորձ է արվում սոցիալական արդարության խնդիր լուծել: Սակայն որպես դասախոս՝ Վ. Խաչատրյանը կարծում է, որ «այս դրականի կողքին կան խիստ մտահոգիչ հանգամանքներ»: Ըստ նրա, առաջին հերթին տուժելու է հենց բանակի մարտունակությունը, քանի որ «բանակին անհրաժեշտ են նաեւ լուրջ կրթական ցենզ ունեցող զինվորներ, այսինքն՝ մարդիկ, որոնք կկարողանան ներկայիս տեխնիկայի վրա իրականացնել արդյունավետ աշխատանք»: «Կրթական ցենզի բացակայությունը կարող է կտրուկ նվազեցնել բանակի մարտունակությունը»,- նշեց նա: Անդրադառնալով բանակի թվակազմի համալրման խնդրին, Վ. Խաչատրյանն ասում է, որ թվաքանակի աճ կարող է լինել միայն առաջիկա 2-4 տարիներին, որից հետո վերադառնալու ենք նույն շրջափուլին: Սակայն ամենակարեւորը, ըստ պրն Խաչատրյանի՝ այն է, որ բոլորին 18 տարեկանից բանակ զորակոչելով՝ մենք անդառնալի վնաս ենք հասցնում գիտությանը: «Գիտական զարգացման տեսակետից միջավայրի փոփոխությունները շատ ավելի դեֆորմացնող կարող են լինել 18 տարեկանների համար, քան թե համեմատաբար ավելի կայացած անձնավորության համար, որը կարող է լինել, ասենք, 21 տարեկան»,- ասում է նա` ավելացնելով` պետք է հաշվի առնել նաեւ այն, որ այս դեպքում գործ ունենք ոչ միայն գիտության, այլեւ մշակութային շերտի հետ: «Մենք խոսում ենք կարեւորագույն արխետիպային, առանցքային, հիմնասյունային արժեքի մասին: Հայ ժողովրդի վերաբերմունքը կրթության հանդեպ չկա երկրագնդի ոչ մի ծայրում: Ուրիշ ազգերի մոտ այսպիսի կիսապաշտամունքային վերաբերմունք սեփական սերնդի կրթական ցենզի ապահովման հարցերում գոյություն չունի, բացի հրեաներից»,- ասում է պատգամավորը: Ուստի իշխանությունների կողմից այդ երեւույթը խարխլելու փորձը, ըստ Վ. Խաչատրյանի, կարող է լինել ճակատագրական: Պատահական չէ, որ 2004թ. ներկայացված նմանատիպ մի օրինագիծ, հանդիպելով ուսանողների լուրջ դիմադրությանը, անմիջապես հետ տարվեց եւ, փաստորեն, երկար ժամանակով շրջանառությունից հանվեց:
Ակադեմիական տեսակետից կրթության շարունակականության հարցը խիստ կարեւորում է նաեւ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր, գիտության եւ որակի կառավարման վարչության ղեկավար Արմեն Ճուղուրյանը: Ըստ նրա, բանակից վերադարձած երիտասարդների զգալի մասը սովորաբար չի ձգտում կրթություն ստանալ նաեւ այն պատճառով, որ կենցաղային խնդիրներ լուծելու հարցը նրանց համար դառնում է ավելի կարեւոր: «86-87թթ. ԽՍՀՄ-ում սկսեցին նորից տղաներին բանակ զորակոչել, իսկ երբ նրանք վերադառնում էին, կազմում էին հատուկ խմբեր՝ այսպես կոչված, բանակայինների խմբեր: Եվ դասախոսների համար այնտեղ դասավանդելը շատ բարդ գործ էր, քանի որ երեւում էր, որ կրթության նկատմամբ մարդկանց մեջ սերը մարած է»,- նշեց Ա. Ճուղուրյանը: Ինչպես պարոն Խաչատրյանը, այնպես էլ նա, վստահ է, որ բնական հարստություններից՝ նավթից ու գազից զուրկ Հայաստանի միակ պոտենցիալը մարդկային կապիտալն է, մասնավորապես՝ մեր գիտական ներուժը, ինչով մենք միշտ պարծեցել ենք: Մյուս կողմից էլ, սակայն, ըստ պարոն Ճուղուրյանի, մեր հանրապետությունում ստեղծվել է մի վիճակ, երբ կեղծ ուսումնասերներ են հայտնվել բուհում, որոնք բանակից խուսափելու լավ միջոց են գտել: «Դրանք զգալի տեսակարար կշիռ ունեն տղա ուսանողների շրջանում, բայց ասել, թե ողջ երիտասարդությունն է այդպիսին, սխալ կլիներ: Այսինքն՝ վնասը, որ ես տեսնում եմ կրթական գործընթացի խզումից, ավելի շատ է, քան թե այն վնասը, որ հիմա կա՝ կապված բանակից խուսափող երիտասարդների հետ՝ հատկապես, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ նրանց ճնշող մեծամասնությունն ի վերջո ծառայում է բանակում բակալավրիատը կամ մագիստրատուրան ավարտելուց հետո»,- ասում է Ա. Ճուղուրյանը:
Դասախոսները կարեւորում են նաեւ օրինագծի ընդունման դեպքում պետական բուհերին հասցվող հարվածը` ուսանողների թվի կտրուկ նվազման առումով: Օրինակ, ըստ Ա. Ճուղուրյանի, մասնավոր բուհերի վրա այս օրինագիծը բացասաբար չի անդրադառնա. նրանք նույնիսկ կարող են շահել, քանի որ բանակից վերադարձած եւ սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների մի մասը կարող են դիմել ոչ պետական բուհեր: Բոլորովին այլ է վիճակը պետական բուհերի պարագայում, որտեղ, Ա. Ճուղուրյանի տվյալներով, ուսանողների ավելի քան 70 %-ը սովորում է վճարովի համակարգում, եւ այդ ֆինանսական հոսքերի կրճատումը կստիպի բուհերին նաեւ կրճատել դասախոսների թիվը:
Այն հարցում, որ ուսանողների եւ դասախոսների թիվը կտրուկ կնվազի, վստահ է նաեւ ՀՊՃՀ դոցենտ Վիգեն Շամիրյանը: Ըստ նրա, սովորելու նկատմամբ հետաքրքրությունն այն տղաների մոտ, ովքեր սովորաբար բուհ են ընդունվում բանակից խուսափելու համար, կվերանա: Պարոն Շամիրյանը գտնում է, որ բանակի մարտունակությունը չի կարելի պայմանավորել քանակով: «Մենք ունենք այնպիսի երիտասարդներ, որ դպրոցն ավարտելուց հետո գնում են բանակ եւ նույնիսկ տառաճանաչ չեն, ուստի նրանց կարգապահ դարձնելու, ինտեգրելու խնդիրն ավելի հեշտությամբ կարող է լուծվել բուհն ավարտած զինծառայողների, քան թե սպաների կամ հրամանատարների միջոցով»,- ասում է նա:
Մեր զրուցակից որոշ ուսանողներ նույնպես ենթադրում էին, որ այս փոփոխություններով փորձ է արվում լուծել սոցիալական արդարության խնդիրը: «Երիտասարդը, որ սկզբունքորեն ցանկանում է ծառայել, շատ դեպքերում կոտրվում է, երբ տեսնում է, թե իր կողքինն ինչպես է թեկուզ հենց բուհական համակարգի միջոցով ազատվում ծառայությունից կամ հետաձգում այն»,- ասում է ՀՊՏՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արամայիս Մարգարյանը: Նա մեզ հանդիպած միակ ուսանողն էր, որ ողջունում էր բոլորին նույն տարիքում բանակ զորակոչելու գաղափարը: «Ավելի լավ է բոլորը նույն տարիքում գնան, քանի որ բուհն ավարտածների համար հոգեբանորեն դժվար է ծառայել իրենցից փոքր զինվորների հետ»,- նշեց Արամայիսը, որն ունենալով 2 տարվա տարկետման իրավունք եւ սովորելով անվճար հիմունքներով՝ ցանկություն է հայտնել հենց այս տարի զորակոչվել բանակ, սակայն տեղեկանալով, որ զորացրվելուց հետո չի կարողանալու պահպանել իր անվճար տեղը, հրաժարվել է այդ ցանկությունից: Նա նաեւ համաձայն չէր այն տեսակետին, թե գիտությունը կարող է մեծ վնասներ կրել սրանից: «Երբ բուհն ավարտած եւ սովորելը շարունակելու խիստ ցանկություն ունեցող երիտասարդը գնում է բանակ եւ 2 տարի հետո մոռացած հետ է գալիս, շատ հաճախ փոխված է լինում հոգեբանորեն եւ վերհիշելու տրամադրվածություն չի ունենում»,- նշում է Արամայիսը՝ հավելելով, որ 20 տարեկանում բանակից զորացրվածի համար ավելի հեշտ կլինի սկսել ուսումը: Արամայիսը վստահ է, որ այս հարցը կկարգավորի նաեւ շուկան: «Բանակից եկած եւ սովորելու ցանկություն չունեցող երիտասարդը, տեսնելով, որ չի կարողանում աշխատանք գտնել, կսկսի սովորել՝ սովորելու, ոչ թե բանակից ազատվելու համար»,- վստահ է նա: Ընդհանրապես, ուսանողները խիստ կարեւորում են այն հանգամանքը, թե բանակից զորացրվածները կարողանալո՞ւ են արդյոք սովորել անվճար հիմունքներով: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի IV կուրսի ուսանող Դանիել Իոանիսյանը, որը մտադրվել է մինչեւ վերջ պայքարել այդ օրինագծի դեմ, կարծում է, որ մի քանի շաբաթ առաջ ԱԺ մտած օրինագիծը հետ է կանչվել հենց այն նպատակով, որ բանակից զորացրվածներին հնարավորություն տրվի սովորել պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ: Սա, ըստ Դանիելի, թեեւ մխիթարող հանգամանք կարող է լինել, բայց դա չի նշանակում, թե բոլոր 18 տարեկան տղաներին բանակ զորակոչելը արդարացված է: Այս փոփոխությունների շարժառիթների նրա բացատրությունը շատ հետաքրքիր էր: Ըստ այդմ` իշխանությունը սրանով առաջին հերթին փորձում է հարվածել քաղաքացիական հասարակությանը: «Մենք 2008թ. նախագահական ընտրություններից առաջ կատարել էինք հարցումներ, որի արդյունքներով բանակից զորացրված ուսանողների մեջ ընդդիմադիրներ գրեթե չկային: Իսկ նրանք, ովքեր ընդդիմադիր էին, ծառայել էին ոչ թե 18-20 տարեկանում, այլ բուհն ավարտելուց հետո»: Ըստ Դանիելի, եթե մարդուն 18-20 տարեկանում անընդհատ ներշնչում են, թե հրամանատարի ասածը չի քննարկվում, միշտ ճիշտ է, դա անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց մեջ քննադատական մտածողության, հետեւաբար նաեւ՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման տեսակետից: «Նա սկսում է ենթադրել, որ իշխանությունները միշտ ճիշտ են, իշխանությունների որոշումները չեն բողոքարկվում եւ, որ դրանց ընդդիմանալն իմաստ չունի»,- ասում է Դանիելը: Ըստ նրա՝ այն, որ շատերը գալիս են բուհ բանակից խուսափելու համար, բանակին եւ հասարակությանը վնաս չի տալիս, քանի որ, միեւնույն է, 4 տարի (կամ 6 տարի) հետո ծառայության պիտանի բոլոր երիտասարդները զորակոչվում են բանակ: Մնում են ընդամենը ասպիրանտուրայում սովորելուց հետո գիտությունների թեկնածու դարձած տարեկան շուրջ 150-200 երիտասարդ, ինչը, բնականաբար, գրեթե նշանակություն չունի բանակի թվակազմը լրացնելու տեսակետից: Դանիելը վստահ է, որ մեր գիտությանը նույնպես մեծ վնաս է հասցվելու: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ ԽՍՀՄ-ում բոլոր 18 տարեկաններին բանակ էին տանում, այդ թվականների ուսանողներից գիտնականներ դարձածների քանակը զգալիորեն ավելի քիչ է, քան նրանց, ովքեր չեն ծառայել»,- նշեց նա:
Մեր զրուցակիցները նաեւ հետաքրքիր «փոխզիջումային» տարբերակներ առաջարկեցին: Օրինակ, ըստ Դանիելի՝ պետությունը կարող է օգտագործել նաեւ ԼՂ-ի պատերազմում կռվածներին՝ որպես պայմանագրային զինծառայող, ինչը ձեռնտու կլինի եւ՛ նրանց, քանի որ նրանց մեծ մասն այսօր զբաղված է շատ ավելի անարդյունավետ աշխատանքով, եւ մյուս կողմից էլ՝ ուսանողներին հանգիստ կթողնեն: Վարդան Խաչատրյանը նշեց, որ կարելի է գնալ շատ կոշտ տարբերակների: Ըստ նրա` հաշվի առնելով նաեւ ամեն վայրկյան պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը՝ «ուսանողների մեջ եղել են նույնիսկ առաջարկներ՝ բոլոր արձակուրդներն անցկացնել բանակային բանակումներում»: Արմեն Ճուղուրյանն առաջարկում է, այսպես կոչված, իսրայելական մոդելը: Ըստ նրա՝ Իսրայելում «բանակ գնում են նաեւ կրթություն ստանալու համար, այսինքն՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվում զորանոցներում, որ որոշ առարկաներ հենց այնտեղ են անցնում»: «Ինչո՞ւ չի կարելի, ասենք, հայոց պատմությունը, հայոց լեզուն եւ խոսքի մշակույթը, որ անցնում են բուհերում, անցնել բանակում, ընդ որում՝ ռազմահայրենասիրական ոգով: Եթե դու բանակում ես եւ հայոց պատմություն ես ուսումնասիրում, արդյունավետությունն ավելի բարձր կլինի»,- ասում է Ա. Ճուղուրյանը: