Ֆինանսական ճգնաժամն ԱՄՆ-ից հասավ հեռավոր Հայաստան: Հայերիս համար գլոբալ ճգնաժամն ունի բացառապես մեկ դրական կողմ. այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանն, այնուամենայնիվ, աշխարհի մի մասն է: Եվ գուցե թե մեզ հաջողությամբ եւ համառորեն շրջանցում են ժողովրդավարությունն ու այլ կարեւոր արժեքները, սակայն գոնե ո՛չ ԱՄՆ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները:
Ֆինանսական ճգնաժամի խնդիրների մասնագիտական վերլուծությունը թողնելով մեր թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանին՝ խնդրին անդրադառնանք դիլետանտ, սակայն ճգնաժամի հարվածի տակ պոտենցիալ ընկնող ՀՀ քաղաքացու դիտանկյունից: Պաշտպանված զգո՞ւմ է իրեն շարքային քաղաքացին ամեն կարգի արտաքին եւ ներքին ճգնաժամերից: Ակնհայտորեն՝ ոչ, քանի որ դրա համար պետք է ունենալ իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ պարտավորություն զգացող երկրի նախագահ, գրագետ եւ սրտացավ կառավարություն: Ունենալով հիշաչար եւ մեծահոգության եւ ոչ մի օրինակ չդրսեւորած նախագահներ, ստացվում է այնպես, որ քաղաքական յուրաքանչյուր անհամաձայնություն իշխանությունների հետ կարող է թանկ նստել ողջ հասարակության վրա: Օրինակը իշխանությունների կողմից, առանց հասարակական ընդվզման լուրջ ալիքի՝ «Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատանքի կասեցումն էր: Հարյուրավոր մարդիկ մնացին անգործ: Եվ նրանք՝ երկրի նախագահի, վարչապետի փոքրոգության պատճառով օրվա հացից զրկված այդ մարդիկ, միայնակ են իրենց պրոբլեմի հետ: Հայտարարություններն այս դեպքում ընդամենը դիրքորոշում են՝ առանց գործնական հետեւանքի: Լավագույն դեպքում, գործազուրկ դարձած այդ մարդկանց կարող են մխիթարել Հյուսիսային պողոտայի ցուցարարները՝ իրենց վանկարկումներով, գրկաբաց ընդունելությամբ, եւ վերջ: Աշխատավորների շահերն ու իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, արհմիություններ մենք վաղուց չունենք: Իսկ հասարակությունն, ով իր վճռական «ոչը» կարող է ասել պետության ղեկավարների ամենաթողության դեմ` լռում է: Ինչպես լռում էր, երբ պետական շահի գերակայության անվան տակ իրենց բնակարաններից տեղահան էին անում հարեւան փողոցի մարդկանց՝ կառուցելու համար Հյուսիսային պողոտան: Ինչպես անտարբեր էր այն մարդու հանդեպ, ով օրեր առաջ ինքնահրկիզվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առաջ՝ նախապես բացականչելով, թե ինքը հաշմանդամ է, հետեւաբար՝ անտեր-անտիրական: Նրա անուն-ազգանունը, հետագա ճակատագիրն ինքնահրկիզման պրոցեսից հետո անմիջապես դադարեց հետաքրքիր լինել: Գուցե թե խոշոր հանրահավաքում մեկը ելույթի ժամանակ հիշատակեր տարաբախտ այդ մարդուն, անդրադառնար «Բջնի» գործարանի աշխատակիցներին ապօրինաբար աշխատանքից զրկելու հանգամանքներին, եւ բոլորը «ամոթ» գոռային իշխանությունների հասցեին, սակայն, եթե հավատանք ընդդիմության առաջնորդի ելույթին, դեռ մեկ կամ երկու ամիս կա՝ մինչեւ հանրահավաքների վերսկսում:
Հիմա էլ աշխարհում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկման պատճառով Սյունիքի մարզի երեք կոմբինատներ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի 1400 բանվորներից մոտ 300-ը ստիպված են հարկադիր պարապուրդի անցնել, աշխատանքից ազատվել են մոտ 50 թոշակառուներ: Սակայն այս դեպքում էլ կա մի բայց: Մասնավորապես «Գիեպրո Մայնինգ» ընկերությանը պատկանող Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի բանվորները, ովքեր մինչեւ իրենց աշխատավարձին սպառնացող վտանգը, աչք էին փակում գործարանի տնօրինության ապօրինությունների վրա, ցույց էին տալիս, թե ոչինչ չի խանգարում իրենց անդուլ աշխատանքին, հանկարծ սկսեցին բարձրաձայն դժգոհել իրենց ղեկավարներից: Ըստ որում՝ ոչ անտեղի: Համաձայն գործադուլ անող բանվորների՝ պարզվում է, որ գործարանի տնօրենը եւ վերջինիս բարձրաստիճան գործընկերները ոչինչ չանելով՝ միլիոնավոր դոլարներ են ստանում, փոշիացնում են տասնամյակների պատմություն ունեցող գործարանի միջոցները, գրավ են դնում գործարանի մեքենաները՝ ջիփեր գնելու նպատակով, եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ մինչ ֆինանսական ճգնաժամի՝ Սյունիքի մարզ հասնելը, երբ գործարանի տնօրինությունն ակնհայտորեն ոչ խելամիտ եւ անազնիվ էր աշխատում, բանվորները հանդուրժում էին, քանի որ իրենց աշխատավարձին իրենց վերադասի անազնվությունից ոչինչ չէր սպառնում:
Ի դեպ, ֆինանսական նույն խնդրի առաջ է նաեւ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփընի» ընկերությունը, ուր, ըստ մամուլում հայտնված տեղեկատվության, 348 մարդ ժամանակավոր պարապուրդի մասին վկայող ծանուցում է ստացել: Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում եւս նույն պատկերն է:
Ստացվում է՝ ինչպես միշտ: Հայաստանի ղեկավարությունն ազատ է գործել այնպես, ինչպես ցանկանա՝ վստահ, որ այն փոքրաթիվ կոլեկտիվները, ում իրավունքները ոտնահարի, մնալու են միայնակ: Որ հասարակությունը, գործարարները կառավարությունից հաշիվ չեն պահանջելու՝ ի՞նչ իրավունքով են առանց աշխատանքի թողել «Բջնի» գործարանի աշխատակիցներին, ինչո՞ւ են Սյունիքի, մասնավորապես՝ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը վստահել տգետ եւ ոչինչ չանելով՝ միլիոններ կուտակող կառավարիչներին, եւ այլն:
Պարզապես լուրջ խնդիր ունի նաեւ հասարակությունը, ում պայքարի բնազդն արթնանում է միայն հանրահավաքների, խմբակային հավաքների ընթացքում: Անհատական որոշումներ, անհատական նախաձեռնություններ, անհատական ըմբոստություն չկա: Հանրահավաքի ժամանակ հազարավոր մարդկանց մեջ մենք աննկատ ենք, մեր ձայնը խառնվում է բոլորի ձայնին, չի առանձնանում, հետեւաբար՝ անվտանգ է մերձավորին պաշտպանելը: Միայնակ պայքարելը վայել է մեծ անհատականություններին: Իսկ մեր հասարակությունում նրանց ճրագով էլ չես գտնի: