Անցած շաբաթ օրը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵՈՒ) ընկերությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են հայկական 11 բեռնափոխադրող ընկերություններ` «Ապավեն», «Տրանս-Ալյանս», «Մելտրանս», «Տրանս-Լոջիստիկ-Կոկսիս», «Սենտրակո-Սերվիս», «Արմտրեկս», «Վեստտրանս», «ԶՏԷԿ» ՓԲԸ, «Ռեյլ-Էսպրեսս», «Ռեյլ Վնեշ Տրանս» եւ «Մոբտրանս»: Վերը նշված ընկերությունները ՀԿԵՈՒ ընկերության հետ ՀՀտարածքում բեռնափոխադրումներ իրականացնելու եւ դրանց վճարման իրավունք ունենալու մասին պայմանագիր ունեն: ՀԿԵՈՒ ՓԲԸ մամլո ծառայությունից հաղորդել են, որ խորհրդակցության ընթացքում «տեղի է ունեցել երկաթուղու աշխատանքների եւ բեռնափոխադրումների իրականացման մասին տեղեկությունների փոխանակում»: Մշակվել են երկաթուղու, ինչպես նաեւ՝ բեռնափոխադրողների ու բեռների հասցեատերերի կողմից տեխնոլոգիաները զարգացնելու եւ տեղեկացվածությունը բարձրացնելու համատեղ միջոցառումներ: «Մասնավորապես, քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ բեռների անվտանգությունը, փոխադրման օպերատիվությունը, փաստաթղթաշրջանառության կատարելագործումը եւ այլն: Քննարկվել են նաեւ խնդիրներ` կապված մաքսային ծառայությունների հետ, որոնք, ըստ աղբյուրի, որոշակիորեն խոչընդոտում են բեռնափոխադրման գործընթացին»: Ըստ հաղորդագրության, կողմերը համաձայնության են եկել երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով կանոնավոր կերպով մտքերի փոխանակում իրականացնել: «Արձանագրվել է, որ հանդիպումն անցել է ոչ թե փոխադարձ պահանջների արտահայտման, այլ` երկխոսության ձեւով: Իսկ ՀԿԵՈՒ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հաշվի առնել բեռնափոխադրողների բոլոր առաջարկներն ու ցանկությունները»,- նշված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի շարք հայկական ընկերություններ, հիմնականում՝ բենզինի ու դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող, բողոքներ են ներկայացրել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին առ այն, որ ՀԿԵՈՒ-ն` չարաշահելով գերիշխող դիրքը՝ ավելացնում է բեռնափոխադրման արժեքը: