Այսօր առավոտից երեկո խոսվում է իշխանական ճամբարում դավադրությունների, Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալու, նրա վերադարձի համար պարարտ հող ստեղծելու մասին, եւ գնալով այս խոսակցություններն ավելի են ուժգնանում: Փորձենք հասկանալ, թե այդ վերլուծությունների մեջ ո՞րն է միֆ, իսկ ո՞րը` իրականություն:
Քոչարյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում իշխանական բուրգի տեսքով կուռ հիերարխիկ համակարգ էր ստեղծել եւ յուրաքանչյուրի տեղն ու ազդեցության չափը որոշում էր սեփական հայեցողությամբ: Չունենալով հասարակական աջակցություն՝ նրան հարկավոր էր հզոր թիմ, ամուր հենման կետեր` «գորշ կարդինալների» տեսքով, մասնավորապես` Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հրանտ Մարգարյանի, Գագիկ Ծառուկյանի: Նախագահական ընտրություններից հետո ամենաազդեցիկ գորշ կարդինալը` Ս. Սարգսյանը, դարձավ երկրի առաջին դեմք: Սակայն իշխանական ուժի կենտրոնի մոտ հավաքվածները չէին պատրաստվում հեշտությամբ հեռանալ` տեղ բացելով Ս. Սարգսյանի սեփական թիմի համար, քանի որ տեւական ժամանակ բոլորն էին նույն թիմի անդամ: Բացի այդ, ծանր ընտրապայքարում Ս. Սարգսյանին էականորեն աջակցած անձինք ու ուժերը նույնպես հավակնում էին տեղ զբաղեցնել նախագահի մերձավոր շրջապատում: Այս վիճակը բնական է, որ պետք է մեծացներ լարումը կենտրոնի մոտ, մինչդեռ նպատակ ունենալով փոխել ուժերի հարաբերակցությունը, Ս. Սարգսյանը միաժամանակ ցանկանում էր երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ: Եվ չունենալով հասարակական հենարան, այդ բարեփոխումներն իրենց արագությամբ ու մասշտաբայնությամբ պետք է որ լինեին բարեշրջումների տեսքով, որպեսզի փորձ արվեր կարճ ժամանակահատվածում հասարակական վստահություն ձեռք բերել: Չմոռանանք նաեւ համաշխարհային ճգնաժամի օբյեկտիվ ազդեցությունը մեր երկրի վրա: Այս պարագայում Ս. Սարգսյանը չէր կարող նոր խաղի կանոններ հաստատել՝ չնեղացնելով իշխանական կերակրատաշտից օգտվողներին, քանի որ այնտեղ չգտնվողները հազիվ գոյություն են քարշ տալիս, նրանց կերածն ի՞նչ է, որ մի հատ էլ կարողանան ուրիշներին կերակրել: Սրան զուգահեռ՝ միամտորեն կարծեցին, թե համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա չեզոքացնելու, ինֆլյացիայի, դեւալվացիայի եւ էլի շատ ու շատ գործոնների պարագայում, աղքատության դեմ արդյունավետ պայքարելու լավագույն մեթոդը համընդհանուր «հսկիչիզացիան» է` երկրում բոլորը բոլորին հսկելու են. տեսնես ո՞վ է աշխատելու:
Բնական է, որ Ս. Սարգսյանը չէր կարող գալ ու նստել իշխանական բուրգի գագաթին, քանի որ իր պատկերացրած խնդիրները լուծելու համար իշխանական մեքենան միանգամայն այլ տեսք պետք է ունենար: Ուստի, կերակրատաշտում էական ու կտրուկ վերադասավորումներ անելու համար, առաջին քայլը, որ արեց` «ցենտրիֆուգ» միացնելն էր, որի արդյունքում թույլերն ու կենտրոնից հեռու գտնվողներն անմիջապես դուրս թռան, իսկ սա փորձեցին հասարակությանը ներկայացնել որպես կոռուպցիայի դեմ տարվող հետեւողական պայքարի սկիզբ: Սակայն ընդամենը իր թիմակիցների համար ավելի լայն տեղ բացելով՝ երկրի առաջ ծառացած աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական մարտահրավերների դեմ ինչպե՞ս պետք է պայքարեր: Իսկ դուրս թռնողները երկրի ռելիեֆային անհարթությունների պատճառով աստիճանաբար հավաքվելու են կոնկրետ տեղերում` ստեղծելով նոր ուժի կենտրոններ: Եվ որքան մեծանա ստեղծվող ուժի կենտրոնի մասսան, այնքան մեծանալու է նաեւ նրա ձգողական ուժը: Էլ չեմ խոսում այն մասին, որ գործից հասկացողները, առանց ավելորդ աժիոտաժի, զբաղված են կերակրատաշտից պոկվող հոսքերը ցանկալի հունով ուղղորդելու համար՝ ձագարի պես մի բան պատրաստելով:
Ս. Սարգսյանը ժամանակին լինելով գորշ կարդինալ եւ տեսնելով, թե ինչպիսի հսկայական ազդեցություն ուներ երկրում, դառնալով նախագահ՝ նման կարգավիճակ չէր պատրաստվում ապահովել ուրիշների համար: Ու եթե ժամանակին երկրում գորշ կարդինալների առկայությունն ուներ թե՛ դրական եւ թե՛ բացասական ազդեցություն, ապա այդ ինստիտուտը «ցենտրիֆուգային» գործելաոճով վերացնելը հանգեցրեց իր ողջ շրջապատը գորշ գույնով լղոզելուն, ինչը միայն բացասական հետեւանք ունեցավ: Եվ զարմանալի չէ, որ Ս. Սարգսյանը ոչ միայն Երրորդ Հանրապետության ամենաթույլ նախագահն է, այլ նա թույլ է անգամ ինքն իր համեմատ: Չէ՞ որ ժամանակին նա ավելի ազդեցիկ էր իբրեւ նախարար, քան այժմ` իբրեւ նախագահ: Եվ պատճառն այն չէ, որ փոփոխված սահմանադրությամբ էականորեն մեծացել է վարչապետի դերն ի հաշիվ նախագահի: Նույն վիճակն է նաեւ Տիգրան Սարգսյանի պարագայում` նա թույլ է ոչ միայն իր նախորդների, այլ ինքն իր համեմատ, քանզի ավելի ազդեցիկ էր՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ:
Այժմ Ս. Սարգսյանը փորձում է պայքարել անհատների դեմ, մինչդեռ նրան այս ծանր վիճակի մեջ գցել են երեւույթները, ու եթե նույնիսկ նա այլեւս պատասխանատու ու կառավարելի ԶԼՄ-ներն էլ «գլավլիտի» ենթարկի, միեւնույն է, դրանից վիճակն ավելի կվատանա, քանզի, եթե նույնիսկ երկրում իշխանավորների ընդդիմախոսները բոլորը միահամուռ կերպով հայտարարեն չխոսելու միամսյակ, միեւնույն է, մեր իշխանությունների պրոբլեմները դրանից չեն պակասի, այլ` կավելանան:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մի պահ փորձեց վիճակը փրկել` գործող նախագահի համար հասարակական հենարան ստեղծելու գործին լծվելով, բայց հասկանալով, որ ի պաշտպանություն Ս. Սարգսյանի միտինգ անելու արդյունքում ինքն է արագորեն կորցնում հասարակական վստահությունը, գերադասեց պաուզա վերցնել: Սակայն դաշտ մտնել ու չխաղալը պարզապես կործանարար է` այն բարձր նշաձողը, որ հասարակական աջակցությամբ պահում էր Տեր-Պետրոսյանը, պաուզայի պայմաններում պահպանելը դարձավ անհնարին: Ուստի ժամանակի ընթացքում իր մոտից էլ է հոսք սկսվելու դեպի նոր ստեղծվելիք ուժի կենտրոններ: Եվ որքան էլ առավոտից երեկո թե՛ Ս. Սարգսյանին եւ թե՛ Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն ասեն, թե՝ հայ-հարայ, հասեք-փրկեք, երկիրը կարող է ընկնել Քոչարյանի ձեռքը, միեւնույն է, նրանց խոսքերը հակառակ ազդեցություն են ունենում:
Երբ բանասիրական կրթությամբ եւ ուժային կառույցներ ղեկավարելու մեծ փորձով Նախագահն իր թիմակիցների հետ խոսում է կոմպրոմատների լեզվով, ու եթե մարդիկ այդ փաստերի ճնշման տակ լռում են, միեւնույն է, իրենց ակնհայտ դժգոհությունն արտահայտում են տարբեր պատերի տակ «լաց» լինելով: Եվ Քոչարյանին ոչինչ չէր մնում, քան Ս. Սարգսյանից դժգոհների համար մի «լացի պատ» կառուցելը: Ու եթե փորձում են ներկայացնել, թե Քոչարյանի մոտ որոշները գնում են երախտագիտության զգացումից դրդված, դա պարզապես ինքնախաբեություն է: Մեր իշխանական էլիտան անցյալի գործիչների արածները գնահատող չէ, բավական է նշել, որ անգամ երկրի երկրորդ դեմքին, կուսակցության փոխնախագահին, այդ կուսակցության հնաբնակին միահամուռ կերպով դուրս շպրտեցին՝ ընդամենը բավարարելով գործող նախագահի ցանկությունը: Ուստի պարբերաբար շրջանառելով տարբեր անուններ ու վարկածներ, թե՝ տեսեք, Վարդան Օսկանյանը, Սամվել Բաբայանը, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, ՀՀԿ-ի մի հատվածը ցանկանում են Քոչարյանին իշխանության բերել, ապա համոզված եմ, որ ոչ միայն նրանք նման ցանկություն չունեն, այլեւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլորը միասին ի վիճակի չեն լինի դա անել, եթե Սերժ Սարգսյանն իր վարած քաղաքականությամբ չնպաստի դրան: Եվ եթե մեկը սրանից մի քանի ամիս առաջ ասեր, որ մեր երկրում կգտնվեն մարդիկ, ովքեր Քոչարյանի ժամանակներին երանի կտան, այդ մարդուն անմիջապես կտեղափոխեին մոտակա հոգեբուժական հիվանդանոց, իսկ հիմա եթե ամբողջ օրվա ընթացքում Քոչարյանը ոչինչ չանի, իսկ Ս. Սարգսյանը քրտնաջան աշխատի, ապա օրվա վերջում, միեւնույն է, Սարգսյանի դիրքերն ավելի թուլացած կլինեն, քան օրվա սկզբում: Իսկ պատճառն այն է, որ Ս. Սարգսյանի շրջապատում Քոչարյանի ժամանակներին երանի տվողների թիվն օր օրի ավելանում է:
Ակնհայտորեն Ս. Սարգսյանն էլ է հասկանում, որ ինքն այլեւս ի վիճակի չէ սեփական ուժերով կամ էլ միայն թիմակիցների ջանքերով շտկել վիճակը, եւ փորձում է այդ անել արտաքին ուժերի օժանդակությամբ: Սակայն նման գործելաոճը չի թուլացնելու ներքաղաքական լարումն ու արտաքին քաղաքական ճնշումները, քանի որ աշխարհի ուժի կենտրոններին որքան էլ փորձես գոհացնել, նրանց շահերը տրամագծորեն տարբերվում են մեր տարածաշրջանում, էլ չեմ խոսում այն մասին, որ դրանք շատ հաճախ հակասում են մեր պետության շահերին: Ուստի, դրսի ուղղությամբ չհիմնավորված ակտիվությունն էլ է որոշ ժամանակ անց մեր իշխանավորների դեմ աշխատելու:
Ստեղծված իրավիճակում Ս. Սարգսյանն, ուզի թե չուզի, ստիպված է լինելու առաջին հերթին կանգնեցնել իրեն գլխապտույտի հասցրած այս խելահեղ ցենտրիֆուգը ու դա անելու է ներսի ուժերի աջակցությամբ, քանի որ ներկայումս ոչ թե ինքն է վճիռներ կայացնում` իրեն հատուկ դանդաղ տեմպով, այլ արդեն պարտադրված է իր իսկ ձեռքով միացրած ցենտրիֆուգի արագությամբ վճիռներ կայացնել, իսկ վերջինիս արագությունն այլեւս գերազանցում է գործող նախագահի վճիռ կայացնելու արագությանը:
Իսկ թե ի՞նչ պետք է անի գործող նախագահը եւ ո՞ւմ միջոցով, որպեսզի դուրս գա այս վիճակից, դա արդեն այլ թեմա է:
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ
ԴԵՄՊՐՈՍ հ/կ նախագահ