Եթե տարիներ առաջ մուրացկանությամբ զբաղվողները ծայրահեղ աղքատ ու թշվառ
մարդիկ էին, ապա այսօր ոմանց համար մուրացկանությունը դարձել է կենսաձեւ:
Մի քանի օր տեւող մեր հետաքննությունը, կարելի է ասել, բացահայտեց որոշ
մուրացկանների կյանքի մութ էջերն ու խաղի կանոնները: Նրանց փող վաստակելու
ամենաառաջին նախապայմանը խաղն է. խաղ, որի միջոցով կարելի է ազդել
անցորդների վրա ու որսալ նրանց խիղճը:
Լեյտենանտ Շմիդտի որդի Մանվել հոպարը
«Գարեգին Նժդեհ» հրապարակի գետնանցումում ականատես եղանք, թե ինչպես է
մուրացկանը՝ առողջ ու երիտասարդ տղամարդը, հաշմանդամի կարգավիճակով խաբում
անցորդներին: Բավական երկար ժամանակ գաղտնի հետեւում էի վերջինիս. մոտ
45-ամյա տղամարդը՝ գետնանցումի հատակին նստած, իբրեւ անկարող հաշմանդամ,
տարբեր ձեւերով արտահայտելով ֆիզիկական անկարողությունը, մարդկանցից փող
էր մուրում: Տեսարանը բավականին ազդեցիկ ու ցավոտ էր: Քիչ անց, երբ արդեն
որոշակի գումար հավաքվել էր, մուրացկանը, որ հաշմանդամ էր ձեւանում, դեմքի
գոհունակ արտահայտությամբ, ճկունությամբ ոտքի կանգնեց ու շարժվեց դեպի վեր
տանող աստիճանների ուղղությամբ: Տպավորություն կար, որ աշխատանքն
ավարտվեց. բայց… Քիչ առաջվա մուրացկանը աչքերին դրեց իր սեւ ակնոցները,
հագավ պիջակն ու «փլեյբոյի» տեսքով մտավ հարակից տարածքում գտնվող
լահմաջոյանոց: Թվում էր, թե վաստակած գումարով ինչ-որ բան կուտի, մինչդեռ
դրամները հաշվելով՝ գրամով օղի պատվիրեց ու ագահաբար սկսեց խմել, ապա մի
քիչ պտտվեց, զբոսնեց, ու նույն արարողությունը կրկնվեց մի քանի անգամ: Քիչ
անց ճոճվելով վերադարձավ աշխատանքի վայր, դարձավ հաշմանդամ ու սկսեց նորից
փող մուրալ: Լահմաջոյանոցի աշխատակցուհուն հարցրի նրա մասին. «Ես
զարմանում եմ, թե մարդիկ ոնց են խղճում սրա նման ժուլիկներին: Ամեն օր
նույն պատմությունն ա, իջնում ա «պադզեմկա», փող ա հավաքում ու, հենց օղու
փողը դզվում ա, գալիս ա արաղ ա խմում: Սրանք ալկաշներ են, չեն ուզում
աշխատել, մարդկանց շահագործում են, երբ տեսնես՝ լակած ման ա գալիս ու չի
էլ ամաչում, առողջ տղամարդ ա, փոխանակ աշխատի՝ մուրում ա: Առավոտից
իրիկուն երեխեքիս թողած, ոտքի վրա աշխատում եմ, բայց ինքը ինձնից շատ փող
ա աշխատում: Սա դեռ ոչինչ, մի ընտանիք կա, էլի ստեղից փող են մուրում՝
կինը, ամուսինն ու նորածին երեխան: Մուրում են ու գալիս արաղ են առնում
խմում: Դուք տեսնեք էդ երեխու վիճակը, ոնց որ կենդանի մեռել լինի: Հանկարծ
որ լաց ա լինում՝ երեխու բերանը արաղ են լցնում, շշմում ա ու ձեն չի
հանում, սպանում են էդ երեխուն, սպանում: Դրանց նմանները դիտմամբ են երեխա
բերում, որ երեխու միջոցով փող աշխատեն»: Ինչեւէ, հաջորդ օրը որպես
պատահական անցորդ՝ մոտեցա նույն այս մուրացկանին:
– Աշխատանք չկա՞, որ աշխատեք:
– Ես նենց տղա եմ եղել դզող-փչող, եթե գործ կա, թող բերեն մոտս անեմ.
ավարիայի տակ եմ մնացել, ոտքս ու ձեռքս հաշմանդամ են դարձել, ձեռքդ տուր,
օգնի ինձ, բարձրացրու խոսանք:
– Ոչինչ, նստած խոսեք, վատ մի զգացեք:
– Դե որ չես օգնում, ես կկանգնեմ, ես լավ էլ կարամ կանգնեմ (շատ արագ կանգնում է.- Լ. Ս.):
– Բայց ոնց որ հարբած եք հա՞:
– Չէ՛, ի՞նչ ես ասում, օրական 300-400 դրամ փող եմ աշխատում, հազիվ հաց ու
պապիրոս եմ առնում. ես մուրացկան չեմ, ես Մանվել հոպարն եմ, ընենց շրջապատ
ունեմ գեներալներով ու պաշտոններով, շատ էլ, որ ստեղ եմ փող աշխատում, ես
խմող չեմ, քուր ջան, վաբշե չեմ խմում: (Գրպանից հանում է դանակն ու
մոտենում է ինձ.- Լ.Ս.): Դու գիտե՞ս, թե ես ով եմ. ես մարդ եմ ման գալիս,
որ խփեմ իրան: Ես պիտի մեկին սպանեմ, այ դրա համար եմ ստեղ: (Անցորդ է
գալիս, ետ է քաշվում ու սպասում է, որ գնան, գործի անցնի, արդեն շշնջում
է.- Լ.Ս.) մեկին կսպանեմ, էդ ինձ պետք ա»:
Զանգահարելով ՆԳՆ լրատվական բաժին՝ փորձեցինք պարզել, թե արդյո՞ք
մուրացկանի մոտ առկա սառը զենք համարվող դանակի համար քրեական
պատասխանատվություն նախատեսվում է, հատկապես, երբ վերջինս կարող է
ցանկացած պահի որեւէ մեկին սպանել, ինչպես սպառնաց մեր հանդիպման ժամանակ:
ՆԳՆ լրատվական բաժնից մեզ պատասխանեցին այսպես. «Դե՛ գիտե՛ք ինչ, սառը
զենքը մեծ հասկացողություն է, կարող է մուրացկանն իր մոտ դանակ է պահում,
որպեսզի աղբարկղի միջից խնձոր հանի ու այդ դանակով խնձոր մաքրի: Բացի դա,
եթե նա ուզում է մեկին սպանել… բայց այ, եթե ձեզ սպաներ, նոր քրեական
պատասխանատվության կենթարկվեր»:
Նկուղի բնակիչները
Գրիգորյան Լուսիկն ապրում է Շենգավիթ համայնքում գտնվող բարձրահարկ
շենքերից մեկի նկուղում, որի համար օրական վճարում է 500 դրամ: Առավոտից
մինչեւ երեկո գետնանցումում մուրացկանություն է անում: Ամեն օր վաստակում
է 1000-2000 դրամ: 8-ամյա որդին նույնպես այդ գործով է զբաղվում, բայց
քանի որ գիշերօթիկ դպրոցում է սովորում, միայն շաբաթ-կիրակի օրերին է մոր
հետ փող մուրում: Հիմա արդեն ամառային արձակուրդ է, իսկ դա նշանակում է,
որ տղան, ուզած-չուզած, պիտի մուրացկանություն անի: Լուսիկն ասում է, որ
1000 դրամ մուծել է աշխատանքի տեղավորման գործակալությանը, որ աշխատանք
գտնեն իր համար, բայց խաբել են, ոչ մի աշխատանք էլ չկա: Ասում է՝ «Մինչեւ
օգոստոս մուրացկանություն կանենք, հետո՝ սեպտեմբերի 1-ից, սրան (որդուն.-
Լ.Ս.) դպրոց կտամ, ես էլ կգնամ չաշխատողների հիմնարկ, կասեմ՝ գործ տվեք,
աշխատեմ»: Հաջորդ օրն այցելելով Լուսիկին՝ տեսա, թե ինչպես էր որդին
գետնին քնած:
Ի դեպ, շատ մուրացկաններ երեխաներին օգտագործում են փող աշխատելու
նպատակով, բայց որպեսզի երեխան իր լացով չանհանգստացնի, գործին չխանգարի,
քնաբեր են ներարկում կամ ոգելից խմիչք խմեցնում: Այդկերպ վարվում են
հիմնականում նորածինների հետ, ընդ որում, այդ երեխաները երկար չեն ապրում:
Անցորդները նկատած կլինեն, որ մուրացկանների գրկի երեխաները մշտապես քնած
են լինում, ինչը հենց քնաբերի կամ ոգելից խմիչքի արդյունք է: