Ժամկետներ է նշում

12/11/2008

Նախօրեին Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական նիստի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները տեղեկատվություն են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր ելույթում որպես նշանակալի իրադարձություն է գնահատել ԼՂ հակամարտության վերաբերյալ Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը: «Հռչակագիրը կոչ է անում արտգործնախարարներին Մինսկի խմբի աջակցությամբ եւ մադրիդյան առաջարկների բազային սկզբունքների հիման վրա ակտիվացնել հակամարտության կարգավորման ջանքերը: Հռչակագրում կողմերը նաեւ ընդգծում են փոխադարձ վստահության ստեղծման անհրաժեշտությունը հավասարակշռված որոշման հասնելու համար: Մենք հետագա ջանքեր կգործադրենք ընդհանուր լուծում գտնելու համար: Եվ մենք շնորհակալ ենք ռուս գործընկերներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նման հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է Բրայզան: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ հռչակագրում առաջադրված առաջարկությունները վերջնագրային չեն, այլ ավելի շուտ ձեւակերպումներ են բովանդակում հիմնարար մի քանի սկզբունքների շուրջ, որոնք առավել լուրջ տարաձայնություններ են առաջացնում կողմերի միջեւ: Մադրիդյան առաջարկությունների փոխանցումից մեկ տարի անց համանախագահները համոզված են, որ այդ քայլը թույլ տվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները ձեւակերպել՝ որպես Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի առաջարկություններ, որոնք ներառում են հավասարակշռված փոխզիջման բոլոր բաղադրիչները: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր ելույթում ասել է. «Ես մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, 2008թ. տեղի ունեցած ընտրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները չբերեցին մեռյալ կետի: Այս տարի «մադրիդյան սկզբունքների» իրականացման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել»:

Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 24-ին կժամանեն Ադրբեջան, նոյեմբերի 25-ին՝ Հայաստան: Մեթյու Բրայզան նոյեմբերի 13-ին Բաքվում նաեւ մասնակցելու է միջազգային էներգետիկ գագաթաժողովին, որտեղ հիմնական թեմաներից մեկը կդառնա «Օդեսա-Բրոդի» նավթամուղի հարցը, որով կասպիական նավթը պետք է փոխադրվի Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Ի դեպ, վերջինս «Թրենդ» լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ վստահությունն աճում է, եւ օբյեկտիվ փաստերն այնպիսին են, որ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում լուրջ առաջընթացը հնարավոր է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում»: