Երեկ «Միացում» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի հետ: «Միացում» ազգային նախաձեռնությունը խորին վրդովմունքով դատապարտում է սույն թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների համատեղ հռչակագրի ստորագրումը` որպես Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող եւ տարածաշրջանում 1994 թ. հրադադարի կնքմամբ հաստատված փխրուն կայունությունը խախտելուն միտված վտանգավոր ձեռնարկ»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները մտահոգիչ են համարում, առաջին հերթին, հռչակագրի` «հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգային նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա» կետը, քանի որ դա ընկալվում է ոչ միայն որպես ազգերի ինքնորոշման, այլեւ որպես տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության նորմ: «Հռչակագրի առաջին կետի 2-րդ մասը բացահայտում է, որ փաստաթուղթ ստորագրած ՀՀ Նախագահը շարունակում է վարել բանակցային գործընթացը` երկրի եւ հայության ճակատագրի նկատմամբ պատասխանատվության իսպառ բացակայության պայմաններում»,- նշված է հայտարարության մեջ: Մանրամասն վերլուծելով հռչակագիրը` «Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է «անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու քաղաքականությունը, արագ եւ վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով պատկանող ԼՂՀ սահմանադրական ողջ տարածքում ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ»: