Զբոսաշրջիկ պատգամավորների մասին

12/11/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ԱԺ-ում տեսնելը մեծ բախտավորություն է, որովհետեւ նրանք պատգամավորական մանդատն օգտագործում են ԱԺ հաշվին աշխարհով մեկ ճամփորդելու համար:

Նման պատգամավորները բաց չեն թողնում ոչ մի առիթ` նույնիսկ ամենաանհեթեթ ու իրենց չառնչվող խնդիրների մասին արտերկրում տեղի ունեցող կոնֆերանսներին մասնակցելու համար: Բանը հասել է այնտեղ, որ մի շարք պատգամավորներ չեն էլ հասցնում մի երկրից վերադառնալ Հայաստան, հետո մեկնել մյուս երկիր, ու շատ հաճախ մի ինքնաթիռից իջնում են ու անմիջապես մյուսն են բարձրանում:

Այս գումարման խորհրդարանում, որքան էլ զարմանալի է, «ճամփորդական» արշավանքներով անփոխարինելի է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հենց այդ պատրվակով էլ հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից` իր տեղը զիջելով խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանին` տուրիզմի նկատմամբ ունեցած անհագ մոլուցքով հաջորդում են ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ու ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ` ցանկը համալրում են ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը:

Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ՀՀ ԱԺ ԵԽ ԽՎ պատվիրակության եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ է, անդամակցում է ԵԽ ԽՎ այնպիսի հանձնաժողովներին ու պարտաճանաչորեն ամիսը 2-4 անգամ մասնակցում է այնպիսի նիստերի, որոնք վերաբերում են, ասենք, աբորտին, ծնելիության խնդիրներին եւ այլն: Պատկերացնելու համար, թե որքան «ծանրաբեռնված» է ԵԽ ԽՎ-ում աշխատում մեր ընդդիմադիր պատգամավորը, ընդամենը պետք է մտնել ԵԽ ԽՎ-ի կայքէջ եւ ծանոթանալ, թե քանի հանձնաժողովների անդամ է նա: Եվ այսպես` նա ԵԽ ԽՎ թվով 7 հանձնաժողովների անդամ է` մարդու իրավունքների, մամուլի, մշակույթի, կրթության եւ գիտության, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: Սակայն այս հանձնաժողովների բոլոր նիստերին մասնակցելուց բացի, երբ ազատ «պատուհան» է լինում, նա անպայման մասնակցում է ԱԺ այլ՝ բարեկամության, միջխորհրդարանական խմբերի գործուղումներին, որոնց նույնպես անդամակցում է: Օրինակ, Ր. Հովհաննիսյանը այսքանից հետո հասցրել է նաեւ փետրվարին որպես դիտորդ ներկա լինել ՌԴ նախագահական ընտրութուններին: Ամբողջական ցանկը, թե անցած բոլոր ամիսներին ու օրերին որտեղ են եղել պատգամավորները` ԱԺ-ում գաղտնի են պահում, ուստի կներկայացնենք միայն տարբեր երկրներ այցեր կատարած ամենաակտիվ պատգամավորների այն այցերը, որոնք մեզ հաջողվեց տարբեր հանձնաժողովներից պարզել: Եվ այսպես` մարտ ամսին Ր. Հովհաննիսյանը նախ մեկնել է Փարիզ` ԵԽ ԽՎ հերթական նիստին մասնակցելու, այնուհետեւ` Արմեն Ռուստամյանի հետ մեկնել է Աթենք: Իսկ ապրիլին` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ր. Հովհաննիսյանն Արթուր Աղաբեկյանի հետ մեկնել է Բելգրադ: Մայիսին` նախ Փարիզ` ԵԽ ԽՎ նիստի, այնուհետեւ` Բեռլին, ՆԱՏՕ-ի նիստին մասնակցելու: Սեպտեմբերին (հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին նույնպես բազմաթիվ ճամփորդություններ են եղել, սակայն մեզ չհաջողվեց մանրամասներ պարզել) Դավիթ Հարությունյանը, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը եւ Արմեն Ռուստամյանը գնացել էին Փարիզ` մասնակցելու ԵԽ ԽՎ նիստին: Իսկ հոկտեմբերի վերջին Ր. Հովհաննիսյանը ԵԽ ԽՎ հանձնաժողովի նիստերի շրջանակներում մեկնել էր Պրագա` մասնակցելու մշակութային ժառանգության վերաբերյալ ինչ-որ քննարկումների: Գրեթե նույն օրերին Դ. Հարությունյանը Մադրիդում էր: Նոյեմբերը նույնպես գործուղումներով հարուստ է զբոսաշրջասեր պատգամավորների համար: Օրինակ, նոյեմբերի 13-ին, հանձնաժողովներից ստացած տեղեկություններով, Արթուր Աղաբեկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնելու են Վալենսիա, իսկ Դ. Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը 7-8 օրով լինելու են Բեռլինում: Բեռլինում գործուղումն ավարտելու հաջորդ օրը Դ. Հարությունյանը մի քանի օրով գնալու է Փարիզ` ԵԽ ԽՎ մոնիտորինգի նիստին մասնակցելու համար:

ԱԺ-ում նման պատգամավորների մասին իրենց գործընկերներն ասում են՝ «Նոր տարվա լիմոնադ» կամ «թանկագին տղա», որոնց ԱԺ-ում տեսնելը ոչ միայն բարդ է, այլեւ անհնար: Եթե որոշ պատգամավորներ նման գործուղումների արանքում հասցնում են Հայաստան գալ ու մի քանի բառ ասել իրենց կատարած այցերի մասին` դժվարությամբ կարեւորելով իրենց այնտեղ լինելու անհրաժեշտությունը, ապա շատերը դա էլ չեն անում, որովհետեւ կամ «ազատ», ոչ գործուղային օր չեն ունենում, կամ` ասելիք: Ի դեպ, նշենք, որ պատգամավորներից շատերն ընդգրկվել են այնպիսի միջխորհրդարանական հանձնաժողովներում, որոնց գործունեության ոլորտից կիլոմետրերով հեռու են, ու երբ նման այցեր են լինում՝ զանգում են տարբեր գերատեսչություններ ու տեղեկանք են ուզում, ասենք, այն մասին, թե ինչպես են Հայաստանում անցել ՏԻՄ ընտրությունները, կամ` ԱԺ մարտի 1-ի հանձնաժողովն ի՞նչ հարցեր է քննարկել այս ամիսների ընթացքում, որպեսզի կարողանան իրենց այցերի ժամանակ պատասխանել իրենց տրվող հարցերին: Օրինակ, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը միանգամից մի քանի միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահ է, իսկ մի քանիսին էլ անդամակցում է շարքային անդամի կարգավիճակով: Նա ՀՀ ԱԺ եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի եւ Հայաստան-Սլովակիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ է, միաժամանակ ղեկավարում է Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Հունաստան, Հայաստան-Չինաստան բարեկամության պատգամավորական խմբերը: ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը ՀՀ ԱԺ-ում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի, Հայաստան-Բրազիլիա բարեկամության պատգամավորական, Հայաստան-Մոլդովա բարեկամության եւ Հայաստան-Ֆիլիպիններ բարեկամության պատգամավորական խմբերի ղեկավարն է, միաժամանակ նաեւ՝ Հայաստան-Սլովակիա, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբերի շարքային անդամ: