Մաքսային ձեւակերպումների ընթացակարգը պարզեցվել է

12/11/2008

Հայաստանից ՌԴ արտահանվող ենթաակցիզային ապրանքների մաքսային ձեւակերպումների ընթացակարգը պարզեցվել է: Ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի մաքսային ծառայությունն այս ուղղությամբ արդեն մշակել է նոր կարգ: Այսուհետ Հայաստանից ՌԴ այդ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցները կապարակնքվելու են, կապարակնիքների համարները նշվելու են արտահանման բեռնամաքսային հայտարարագրում: Մաքսային կապարակնիքների առկայության դեպքում ռուս մաքսավորների կողմից բեռներն այլեւս լրացուցիչ զննում չեն անցնի: ՀՀ մաքսային մարմինները նշումներ են կատարելու նաեւ բեռն ուղեկցող բոլոր փաստաթղթերի վրա, որոնք նույնպես ընդունելի կլինեն ՌԴ մաքսային մարմինների համար: Այսպիսով ալկոհոլային խմիչքների արտահանումը կազատվի լրացուցիչ զննման ընթացակարգերից: Հայաստանում մաքսային ձեւակերպումների ավարտից հետո ռուսական «Կովկաս» նավահանգստով ՌԴ արտահանվող ալկոհոլային ապրանքների մաքսային հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կուղարկվեն «սեյֆ փաթեթների» միջոցով, որոնց առկայությունը բավարար կլինի ռուսական մաքսային մարմինների համար փաստաթղթերի արժանահավատությունը ստուգելիս:

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային գործի ռազմավարության եւ միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը եւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Տիգրան Կիրակոսյանը երեկ արտադրողներին են ներկայացրել նոր կարգը: Կ. Բեգլարյանի խոսքով` նախատեսվում է, որ մաքսային ձեւակերպումներն այս եղանակով կիրականացվեն արդեն այս ամսվանից: Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: 2006-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է՝ 121 մլն դոլարի, իսկ 2007թ-ին` 202 մլն դոլարի ապրանք: Ռուսաստանից 2006-ին Հայաստան ներմուծվել է 305 մլն դոլարի, իսկ 2007-ին` 691 մլն դոլարի ապրանք: Այդ թվում` Հայաստանից 2006-ին Ռուսաստան արտահանվել է` 56 մլն դոլարի, իսկ 2007-ին՝ 99 մլն դոլարի կոնյակ:

Ռուսական կողմի առաջարկությամբ դեռեւս այս տարվա մայիսին ՀՀ մաքսային ծառայությունն աշխատանքային խումբ էր գործուղել Մոսկվա, որտեղ կողմերը քննարկել էին «Փոթի-Կովկաս» երթուղով ենթաակցիզային ապրանքների տեղափոխման հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր: Արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում մշակել ենթաակցիզային ապրանքների տեղափոխման հետ կապված նախապատրաստական միջոցառումների համալիր ծրագիր: Այժմ ռուսական կողմը համապատասխան աշխատանքներ է իրականացնում «Կովկաս» նավահանգստում Հայաստանից ենթաակցիզային ապրանքների արտահանումը կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես այդ նավահանգիստը պետք է համարվի մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային կետ: Նախագիծը ՌԴ կառավարությունը դեռ քննարկում է: