Ի՞նչ ենք հիշում մենք` հայաստանցիներս, մեր երկրի նախագահական ընտրություններից: Արժանի մրցակիցների ծրագրերի բախո՞ւմ, երկիրը քաղաքակրթական նոր մակարդակի հասցնելու ցանկությունների տարբեր ճանապարհնե՞ր, հաղթող եւ պարտված թեկնածուների արժանապատիվ վերաբերմունք միմյանց հանդե՞պ: Ամենեւին ոչ, եւ ճիշտ հակառակը: Սկսած 96 թվականից` իշխանությունն իր դիրքերը պահում է ամենաանհասկանալի մեթոդներով: Մրցակիցները միմյանց պատրաստ են մեղադրել, մեջբերում ենք բառացի` ճիվաղության, թուլամտության, ֆաշիզմի, սիոնիզմի գործակալի, կոռումպացված եւ քրեական պատմություններով հարուստ կենսագրություն ունենալու, Ղարաբաղը օր առաջ ծախելու ցանկության մեջ: Եվ սա պիտակավորումների ընդամենը փոքրիկ բուկետն է: Իսկ նախորդ նախագահի կողմից հաջորդին շնորհավորելու ավանդույթը մեր քաղաքական մշակույթը պարզապես մերժում է: Նախ` երբեւէ հասարակությունը վստահ չի եղել, որ իր նախագահը լեգիտիմ է, եթե չասենք հակառակը` կա քրոնիկ համոզմունք, որ մեր երկրի նախագահն այլեւս երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող լինել լեգիտիմ: Երկրորդ` նույն կարծիքին է նաեւ պարտված թեկնածուն, ով երբեք չի համաձայնի սեղմել հակառակորդի ձեռքը` այդպիսով լեգիտիմացնելով նրա ընտրությունը: «Լրագրի» կայքում վերջերս տպագրված իր հարցազրույցում Իգոր Մուրադյանը նշել էր, որ հայ ժողովրդին ռուսաստանյան գաղտնի ծառայություններն իրենց զեկուցագրերում ներկայացնում են որպես բարոյալքված, հուսահատված եւ ցանկացած որշման պատրաստ ժողովուրդ: Ցավոք, խոշոր առումով այս եզրակացությունը ճիշտ է եւ ենթակա արդեն մեր փորձագետների եզրակացությանն` ինչո՞ւ է այդպես: Եթե փորձենք սրա պատճառները դիտարկելիս վերանալ համընդհանուր արձանագրվող ցածր գիտակցությունից, ապա ակնհայտ է, որ յուրաքանչյուր ընտրություն` լինի նախագահական, ՏԻՄ թե խորհրդարանական, մեկ եւ ավելի նիշով իջեցնում է մեր ժողովրդի բարոյական նկարագիրը: Ընտրակաշառքի, ընտրակեղծիքների, ֆեոդալական ժամանակաշրջանին բնորոշ փոխհարաբերությունները կոտրում են յուրաքանչյուրի հավատը պետության, իշխանությունների եւ անգամ սեփական անձի հանդեպ: Եվ ավելորդ է քրեական խճանկար հիշեցնող ընտրություններից հետո ձեռք բերված հաղթանակը վերագրել սեփական արժանիքներին եւ փորձել երկրում բարոյահոգեբանական իրավիճակը կարգավորելու դասախոսություններ կարդալ:
Ի՞նչ կապ ունեն փետրվարի 19-ի եւ դրանից առաջ եւ հետո տեղի ունեցող իրադարձությունները կոնկրետ այսօրվա հետ: Պարզապես այս շաբաթ Ամերիկայի 44-րդ նախագահի ընտրություններն էին: Զրույցները, թե ԱՄՆ նախագահին եւ, առհասարակ, երկրների նախագահներին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ նրանց նշանակում են ֆինանսական գերհզոր ընկերություններ, ինչ-որ օթյակներ, գուցե համոզիչ է դավադրության տեսության սիրահարների համար, սակայն որքան կուզեինք հայերս եւս, որ մեր երկրի նախագահի թեկնածուների ընտրարշավը եւս անցներ հասարակության հանդեպ հարգանքի այդքան ընդգծված եղանակով: Երբ երկրի նախագահի թեկնածուները մոտ երկու տարի, առանց մեկ օր հանգստանալու, թող որ հասարակական գիտակցությանն ավելի մատչելի՝ շոուների ճանապարհներով, փորձում են հասարակությանը հակել այն բանին, որ մարդիկ իրենց ընտրությունը կատարեն հիմնականում հաշվի առնելով թեկնածուի ծրագրերը, անտեսելով մորթի գույնը, եւ հաշվի առնելով ոչ պակաս կարեւոր հանգամանք` երիտասարդ տարիքն ու ամուր, առողջ ընտանիք ունենալու փաստը:
Թեեւ Բարաք Օբաման աչքի ընկավ հայերի ականջին հաճելի ելույթներով, եւ թեեւ այսօր իսկ կանխատեսումներ կան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ցանկությունը կարթնանա միայն հաջորդ ընտրություններից առաջ, ամեն դեպքում, հայերս անթաքույց նախանձով էինք հետեւում ամերիկացիներին. կոսմոպոլիտ ու էգոիստ հասարակության համբավ ունեցող այդ նույն ամերիկացիներն էին առավոտ կանուխ հերթի կանգնել՝ ընտրելու իրենց նախապատվելի թեկնածուին, եւ ակնհայտ էր, որ Օբամայի շտաբից նրանց երթուղայիններով որեւէ մեկը ընտրատեղամաս չէր բերել: Ամերիկացիները, անկախ` Օբամայի թե ՄըքՔեյնի կողմնակիցներն էին, անկեղծորեն հրճվում էին իրենց նախապատվելի թեկնածուի հաղթանակով կամ հեկեկում Ջոն ՄըքՔեյնի պարտությունից: Եվ հարյուր-հազարանոց հանրահավաքներ կազմակերպողները մանկապարտեզներից եւ դպրոցներից աշակերտներին ու երեխաներին չէին քշել հրապարակներ: Դա ազատ երկրի ազատ քաղաքացիների ընտրություն էր: Ինչը գնահատեց ոչ միայն պարտված թեկնածուն, այլեւ նույնիսկ մեր երկրի նախագահը, ով առաջիններից մեկը շնորհավորեց ԱՄՆ նոր նախագահին, մինչդեռ փետրվարից այս կողմ նա այդ կողմերից որեւէ շնորհավորանք չի ստացել: Ի դեպ, ընտրությունների հարուստ փորձ ունեցող հայերիս համար այս պատմության մեջ առավել անհասկանալին ՄըքՔեյնի պահվածքն էր: Նա արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը, ի դեպ, այն համարելով ոչ թե կուսակցության, այլ բացառապես սեփական պարտություն, շնորհավորեց մրցակցին եւ նշեց, որ հարգում է ժողովրդի ընտրությունը եւ ԱՄՆ նոր նախագահին: Քանի որ վստահ էր` ժողովրդի մեծամասնությունն ընտրել է հենց Օբամային: Հետաքրքիր էր նաեւ Օբամայի ելույթը: Նա չհեգնեց ՄըքՔեյնի տարիքը, նրան չհամեմատեց մաշված, հետեւաբար եւ՝ անպետք սարքավորման հետ, ինչպես դա իրեն թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանը ընդդիմության առաջնորդի հասցեին: Ամենից առաջ նա` ԱՄՆ հաջորդ նախագահը, շնորհակալություն հայտնեց իր մրցակցին` նրան համարելով արժանի մրցակից, եւ խոստացավ Ամերիկան վերափոխելու գործում համագործակցել նրա հետ: Նա իր օրինակով բարոյականության, մրցակցի հանդեպ մեծահոգության եւ հարգանքի օրինակ մատուցեց իր ժողովրդին` թերեւս նրանից եւս ակնկալելով նաեւ համարժեք վերաբերմունք միմյանց նկատմամբ: Այնպես որ` ամենեւին պետք չէ զարմանալ եւ անկեղծորեն զայրանալ, երբ ամերիկացիները, եվրոպացիներն անգամ մեր երկրում` Հայաստանում, մեզ լուրջ չեն ընդունում: Եվ ամենեւին կապ չունի` մենք թատրոն ունեի՞նք այն ժամանակ, երբ եվրոպացիները ծառերի վրա էին, թե՞ նույնիսկ ավելի շուտ: Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին է, որ 21-րդ դարում հայերիս առավել ձգում են ծառերը: