Կարծիքի բացակայությունը՝ բիզնեսի գրավական

12/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսի նկատմամբ մոտ մեկ տարի առաջ (այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին) հարկային ու իրավապահ մարմինների կողմից սկսված ստուգումները հանգեցրին նրան, որ ի վերջո դադարեցվեց «Բջնի» գործարանի գործունեությունը:

Հայաստանի սակավաթիվ խոշոր արտահանող ձեռնարկությունն այլեւս չի գործում, քանի որ իշխանություններն այդպես են որոշել: Առաջին հայացքից առանձին գործարարի դեմ իր քաղաքական հայացքների համար իրականացված այս հաշեհարդարն իրականում վկայում է ավելի խորքային երեւույթի մասին` Հայաստանում սեփականության իրավունքը, մեղմ ասած, պաշտպանված չէ:

Արդյոք այս երեւույթը չի՞ մտահոգում Հայաստանի խոշոր գործարարներին, արդյոք այսքանից հետո իրենց պաշտպանվա՞ծ են համարում թեկուզեւ իշխանական համարվող գործարարները: Եվ ընդհանրապես` ինչպե՞ս են խոշոր գործարարները վերաբերվում այսօր Խ. Սուքիասյանի հետ կատարվողին:

Տնտեսության տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող Հրանտ Վարդանյանն ասում է, թե լավ չի զգում, որ «Բջնին» փակել են: «Խաչատուր Սուքիասյանի հետ ես առնչվել եմ ծխախոտի ոլորտում եւ կարող եմ ասել, որ նա ազնիվ էր իր գործունեության մեջ: Մյուս ընկերությունների մասով ոչինչ չեմ կարող ասել»,- դիրքորոշում հայտնելու մեր հարցերին ի պատասխան` նման ոչինչ չասող պատասխան տվեց Հ. Վարդանյանը: Իսկ արդյոք իր տնտեսական գործունեությունը պաշտպանվա՞ծ է Հայաստանում, որտեղ քաղաքական հայացքների համար հարկային մարմինները կարող են կողպել ցանկացած ընկերություն: Այս հարցին եւս պարոն Վարդանյանը խուսափողական պատասխան տվեց: «Դե իմ մոտ էլ հարկայինը ամիսներով ստուգումներ է իրականացրել, եթե խախտումներ հայտնաբերեին` նրանից վատ վիճակի մեջ կլինեի»,- ասաց Հ. Վարդանյանը: Եվ ընդհանրապես մեր զրուցակից գործարարներն այս հարցին շատ ընդհանրական պատասխան էին տալիս: Այնքան ընդհանրական, որ կոկրետ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ սկսում էին խոսել համաշխարհային տնտեսական ճգնաժամից, եւ որ այդ պայմաններում աշխարհի ոչ մի գործարար չի կարող իրեն ապահով զգալ: Իսկ բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը սկզբում ընդհանրապես չցանկացավ խոսել այս թեմայով, ասաց, թե կարծիք չունի: «Չեմ էլ ուզում պատասխանել: Մի բան գիտեմ, որ մարդ իր գործունեության մեջ պետք է ազնիվ լինի»,- ասաց Բ. Բեգլարյանը եւ, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարեց` «Կարծում եմ, որ Խաչատուր Սուքիասյանին հետապնդում են իր տնտեսական գործունեության համար: Ես այսօր այդպես եմ մտածում, եթե վաղը կարծիքս փոխեմ` կասեմ»: Հետո պարոն Բեգլարյանը միանգամից անցում կատարեց իր անձին ու գործունեությանը: «Բոլորը գիտեն, որ իմ հաշվապահությունը բաց է ու մաքուր: Ասեմ, որ ես այն հազվագյուտ գործարարներից եմ, ովքեր առանց թիկնապահների են ֆռֆռում»,- ասաց նա:

«Մաքս գրուպ» ընկերության նախագահ, նաեւ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի կարծիքը նույնպես շատ ընդհանրական էր: Նա գտնում է, որ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններում հարկայինի իրականացրած «բուռն» գործունեության հիմքում քաղաքական դրդապատճառներ եւ՛ կան, եւ՛ չկան: Ընդամենը:

Իր անձեռնմխելի գործընկերներից չցանկացավ ետ մնալ նաեւ «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ԱԺ եւս մեկ գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը: «Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, եթե ստուգումը պետք է պայմանավորված լինի քաղաքական իրավիճակով, իհարկե, գործարարության համար չի կարող ստեղծել կոմֆորտ դրություն: Եթե դրա մեջ կա քաղաքական դրդապատճառ, իհարկե, դեմ եմ: Եթե, այնուամենայնիվ, կան տնտեսական բնույթի խախտումներ, պետք է որ պատժվեմ ես էլ, ցանկացած այլ գործարար էլ»,- ասաց պարոն Բադեյանը:

Իսկ Մ. Բադեյանի կարծիքով՝ քաղաքական դրդապատճառ կա՞ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունների նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող գործողությունների մեջ: «Ցավոք սրտի, ես այդքան տեղեկացված չեմ, որ կարողանամ ճիշտ պատասխան տամ: Իհարկե, կասկածներ կան, որ քաղաքական ենթատեքստ կա, բայց չեմ կարող ստույգ ասել, արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ: Ես ինչպե՞ս կարող եմ լավ տեղյակ լինել, կարո՞ղ եք ասել, քաղաքական որոշում կայացնողը ես չեմ եղել, եթե մեկնումեկը եղել է, նա ինձ հետ չի կիսվել: Տրամաբանությունս ինձ ասում է, որ անկախ քաղաքական հայացքներից՝ գործարարը պետք է իր հարկային պարտականությունները կատարի: Եվ հակառակը` եթե կատարել է, անկախ նրանից, թե որ գաղափարախոսության կրողն է, որեւէ տնտեսական պատժամիջոցների չպիտի ենթարկվի»,- պատասխանեց Մ. Բադեյանը: Իսկ որպես գործարար՝ նա իրեն պաշտպանված զգո՞ւմ է հայաստանյան այս իրականության մեջ: Պատգամավորի պատասխանը կրկին շատ խուսափողական էր: «Իսկ ո՞ր երկրում է գործարարն իրեն ապահով զգում, մանավանդ հիմա, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ է: Գործարարությունը դա մի զբաղմունք է, որն իր վաղվա օրվա համար երբեք չի կարող վստահ լինել: Եթե համեմատենք Ամերիկայի հետ, որտեղ մի քանի օրվա մեջ հարյուր-հազարավոր բանկրոտության փաստ է արձանագրվել,Հայաստանում այդպիսի բան չկա: Ուրեմն կարելի է ասել, որ այստեղ ավելի լավ է»: