2007 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի Ոստիկանության հատուկ ուժերը մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում բիրտ ուժի միջոցով ցրեցին ընդդիմության խաղաղ ցույցը: Քչերն էին ակնկալում, որ դրանից չորս տարի առաջ ամբողջ Արեւմուտքի հավանությանն արժանացած «վարդերի հեղափոխությունը» նման վախճան կունենա:
«Ազատություն» ռ/կ-ն հիշեցնում է, որ ներքաղաքական իրավիճակը Վրաստանում առավել սրվել էր, երբ անցած տարվա սեպտեմբերի վերջին հեռուստատեսության ուղիղ եթերում պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել էր քաղաքական սպանություններ պատվիրելու մեջ: Սահակաշվիլին այդ մեղադրանքները որակեց որպես անհեթեթություն եւ սադրանք: Օքրուաշվիլին ձերբակալվեց: Հաջորդ օրը շուրջ 10 հազար ցուցարարներ դուրս եկան փողոցներ, առաջ քաշելով երկու պահանջ՝ նախագահի հրաժարական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում ապրիլին, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված: Ընդդիմադիր 10 կուսակցությունները ստեղծեցին Ազգային խորհուրդ եւ հոկտեմբերի 17-ին հրապարակեցին համատեղ հռչակագիր, որով իրավիճակը երկրում որակեցին ողբերգական, Սահակաշվիլիին մեղադրեցին կոռումպացված թիմ կազմելու, քաղաքական ահաբեկչություններ ծրագրելու եւ մարդու տարրական իրավունքները ոտնահարելու մեջ: Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ առաջին խոշոր հանրահավաքը, որն անցավ «Վրաստանն առանց Սահակաշվիլիի» կարգախոսի ներքո: Հանրահավաքները դարձան պերմանենտ, իսկ նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին ուժայիններին հրամայեց ցրել ցույցը: Նա արտակարգ դրություն հայտարարեց` պնդելով, թե ցուցարարներին սատարում է Ռուսաստանը: Սահակաշվիլին 2008թ. հունվարի 5-ին նշանակեց նախագահական արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթեց, ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի` վաստակելով քվեների շուրջ 53 տոկոսը: Ընդդիմության առաջատար թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն վերահաշվարկ պահանջեց` պնդելով, որ իրականում Սահակաշվիլին քվեների 46-48 տոկոսն է ստացել, ինչի դեպքում նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլ: Միջազգային դիտորդները լուրջ խախտումներ էին բացահայտել, սակայն չվիճարկեցին ընտրությունների արդյունքները: Մայիսին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: 235-տեղանոց խորհրդարանի փոխարեն՝ ընտրվեց 150-տեղանոցը, որտեղ ընդդիմությունն է՛լ ավելի քիչ թվով տեղեր ստացավ, իսկ ընտրված 31 ընդդիմադիր պատգամավորների կեսը հրաժարվեց մանդատներից: 2008-ի օգոստոսին Վրաստանը ծանր հարված ստացավ՝ Ռուսաստանի հետ կարճատեւ պատերազմի արդյունքում փաստացի կորցնելով Հարավային Օսիան եւ Աբխազիան: Վրաստանի ընդդիմությունը համոզված է, որ նման վիճակ չէր ստեղծվի, եթե երկրում լիներ ժողովրդավարություն, եւ արդար ճանապարհով ընտրվեին նախագահն ու խորհրդարանը: