Աբրահամը պատրաստվում է

12/11/2008

IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է նոյեմբերի 8-ին կայանալիք մրցամարտին, որտեղ դիմակայելու է աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Ռաուլ Մարկեսին: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Ա. Աբրահամը, ինքը լիարժեք ապաքինվել է եւ լավ մարզավիճակում է: Ապաքինվելուց հետո մարզումների ծրագրում փոփոխություններ տեղի չեն ունեցել, աշխատել է նույն ծանրաբեռնվածությամբ եւ ռեժիմով: «Ես մարտական եմ տրամադրված: Ե՛վ տեխնիկապես, եւ՛ տակտիկապես լիովին պատրաստ եմ մարտին եւ ամեն ինչ անելու եմ հաղթանակի հասնելու համար»,- ասել է Ա. Աբրահամը: Նա տեղեկացրլ է, որ ամբողջովին ուսումնասիրել է մրցակցին` պարզելով Ռ. Մարկեսի թույլ եւ ուժեղ կողմերը: Այս անգամ աշխարհի չեմպիոնի ռինգի մուտքի համար նոր երաժշտություն է ներկայացվելու, որը կոչվում է «Crash the sky»: Ինչպես յուրաքանչյուր մարտից հետո, այս անգամ եւս նա հաղթանակից հետո պատրաստվում է գալ Հայաստան, ներկա է լինելու դուդուկահար Ջիվան Գասպարյանի հոբելյանին նվիրված երեկույթին: Ա. Աբրահամը յուրաքանչյուր մարտից հետո իր ձեռնոցներն աճուրդի միջոցով վաճառում է, որից ստացված միջոցներն օգտագործվում են բարեգործական նպատակներով, հիմնականում` քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար: Այս անգամ նա մտադիր է աճուրդի ներկայացվելիք 28-րդ ձեռնոցի գումարը հատկացնել Գերմանիայի Զիիգեն քաղաքի հիվանդանոցներից մեկին՝ Չեչնիայի պատերազմում վիրավորված երեխաների բուժման համար: Բռնցքամարտիկի տեղեկացմամբ, նա նախատեսում է «WBO» ու «WBC» վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի հետ անցկացնել գոտիների միավորիչ մենամարտ: