Սեփական բրդերը

07/11/2008

Երեկ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկների քննարկումը բավական ուշագրավ ընթացք է ունեցել: Բանն այն է, որ բժիշկ-պատգամավորներից յուրաքանչյուրը միայն իր ղեկավարած բուժհաստատության համար է առաջարկ ներկայացրել` պահանջելով բյուջեով ավելացնել իրենց տրվող գումարները։ Օրինակ, հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը, որը նաեւ մանկական «Արբես» հիվանդանոցի սեփականատերն է, կառավարությանն առաջարկ է ներկայացրել մանկական բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 549 մլն դրամ: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Արմեն Մելիքյանը, ով Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մայր Աստվածածին» հիվանդանոցի նախկին տնօրենն էր ու ներկայիս սեփականատերը, առաջարկել է 40 մլն 862.000 դրամ տրամադրել էնդոսկոպիկ վիրաբուժության դպրոցին: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մխիթար Մնացականյանն, ու ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն էլ առաջարկել են 60 մլն դրամ տրամադրել, որից 42 մլն դրամը կհատկացվի «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնի վերանորոգման համար, որի սեփականատերը Մ. Մխիթարյանն է, իսկ 18 միլիոնը` պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին: Հարկ է նշել, որ ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ անձնական խնդիրները լուծելու առիթ է լինում: Այլ դեպքերում նրանք հազվադեպ են մտքեր արտահայտում: