Իսկ դուք ասում եք՝ փաթեթային

07/11/2008

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագիրը լավ հիմք է ստեղծում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- երեկ հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Փաստաթուղթը նոր ճանապարհ է բացում հակամարտության փուլ առ փուլ լուծման համար: Հռչակագրում արտացոլվել են ղարաբաղյան հակամարտության լուծումը միջազգային նորմերի շրջանակներում, տվյալ հարցի վերաբերյալ ընդունված բանաձեւերն ու որոշումները»,- ասել է նա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում: «Տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրադրություն է հաստատվել: Թուրքիայի լուրջ միջամտությունը, Ռուսաստանի ակտիվացումը, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դրական ջանքերը պայմաններ են ստեղծում տարածաշրջանի հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության լուծան համար»,- հայտարարել է Ալիեւը` ավելացնելով, որ ադրբեջանաթուրքական հարաբերությունները դրականորեն են ազդում տարածաշրջանային գործընթացների վրա: Նա ասել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար «առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»: Եվ շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: «Մենք ողջունում ենք Թուրքիայի ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին եւ մեծ հույսեր ենք կապում Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ թուրքական կողմի նախաձեռնության հետ»,- հայտարարել է Ալիեւը: