Թուրքիայի «Botas» պետական խողովակաշարային ընկերությունը հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից ներմուծել է 3,4 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2,1 միլիարդ խորանարդ մետրով ավելի է ամբողջ 2007թ. մատակարարվածից: Ադրբեջանը Հարավկովկասյան խողովակաշարով Թուրքիա է արտահանում այն գազը, որն արդյունահանվում է «Շահ Դենիզ» ծովային հանքավայրից: Հունվար-սեպտեմբերին «Botas»-ը տարբեր աղբյուրներից Թուրքիա է ներմուծել շուրջ 28,6 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ամբողջ 2007թ. 36,5 միլիարդ խորանարդ մետրի դիմաց: Այդ ժամանակահատվածում Ռուսաստանից Թուրքիա է ներմուծվել շուրջ 17,6 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 5,5 միլիարդով քիչ է անցյալ տարվա ցուցանիշից: Իրանից Թուրքիան ներմուծել է շուրջ 3 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 2007թ. 6,2 միլիարդ խորանարդ մետրի դիմաց: Ալժիրից եւ Նիգերիայից Թուրքիան հունվար-սեպտեմբերին ներմուծել է համապատասխանաբար՝ 4,1 միլիարդ խորանարդ մետր եւ 399 միլիոն խորանարդ մետր հեղուկացված բնական գազ: