«Պարոն Անդրանիկ Քոչարյանին ճանաչում եմ, վստահ չեմ նրա աքաղաքականացվածության հարցում»:
Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը` մարտի 1-ի ուսումնասիրությամբ զբաղվող փաստահավաք խմբում Հայ Ազգային կոնգրեսի կողմից ներկայացված անդամի մասին: «Սակայն, կարծում եմ՝ շատ լավ գիտակցելով այն առաքելությունը, որը դրված է իր ուսերին, ամեն ինչ կանի, որ քաղաքական պրոցեսներն իր վրա որեւէ ազդեցություն չթողնեն»,- ավելացրեց Դ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ ապաքաղաքականացվածության մասին պահանջ կար փաստահավաք խմբի ստեղծման մասին նախագահի կարգադրությունում, ինչը շատերի կողմից, մեղմ ասած, վիճելի է համարվում: Ինչ վերաբերում է այդ խմբում «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին եւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Ստեփանյանին, ապա Դ. Հարությունյանը նշեց, որ երկուսին էլ ճանաչում է եւ համարում է ապաքաղաքականացված պրոֆեսիոնալներ: Իսկ կոալիցիան ուշացնում է այդ խմբում իր ներկայացուցիչների նշանակումը, քանի որ, ըստ պարոն Հարությունյանի, նախագահի կարգադրությանը համապատասխանող որակյալ մասնագետներ է փնտրում: Այն հարցին, թե փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ նախագահի հրամանագիրը համապատասխանո՞ւմ է արդյոք Սահմանադրությանը, պարոն Հարությունյանը պատասխանեց: «Վստահ չեմ, որ դա հակասահմանադրական է: Միակ տեղը, որտեղ ես կարող եմ կասկածել, թե կա օրենսդրության հետ կապված որեւէ խնդիր, դա հետեւյալն է՝ հնարավորություն ունի այդ մարմինը պարտավորեցնելու պետական պաշտոնյաներին ներկայանալու եւ բացատրություններ տալու: Վստահ եմ, որ որեւէ պետական պաշտոնյա չի վիճարկի փաստահավաք խմբի այդ լիազորությունը»: Սակայն Դ. Հարությունյանը խոստովանեց, որ Սահմանադրությունը խախտվել է մեկ այլ հարցում: Խոսքը վերաբերում է Երեւան քաղաքի մասին օրենքի ընդունումն ուշացնելուն: Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ սահմանված վերջնաժամկետը 2007թ. դեկտեմբերն էր: Ըստ պարոն Հարությունյանի, ուշացումը պայմանավորված է նրանով, որ իրենք ցանկացել են Երեւան քաղաքի մասին ավելի լավ օրենք ունենալ: Այսինքն` նա, ըստ էության, նորմալ համարեց, որ հանուն ինչ-որ լավ բանի կարելի է խախտել Սահմանադրությունը: ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից նման հայտարարությունը, կարծում ենք, մեկնաբանությունների կարիք չունի:
Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաեւ մարտի մեկից հետո կալանավորված քաղաքական գործիչների` քաղբանտարկյալների խնդրին, իհարկե, խուսափելով «քաղբանտարկյալ» անվանումից: Ըստ նրա, իրավական առումով «Եվրոդատարանը նշել է, որ ոստիկանների ցուցմունքների հիման վրա հնարավոր է արձակել դատավճիռներ, եթե այդ դատավճիռների բողոքարկման հնարավորությունը ներպետական օրենսդրությամբ նախատեսված է»: Ուստի այս հարցը քաղաքական է, եւ նրա կարծիքով՝ կարող է լուծում ստանալ համաներման միջոցով: «Լավագույն տարբերակը, թերեւս, համաներումն է»,- հայտարարեց նա: Երբ լրագրողները Դավիթ Հարությունյանին խնդրեցին գնահատական տալ օրերս «Տոչկա» դիսկոտեկում տեղի ունեցած ծեծկռտուքին, որին, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանի եղբորորդին (հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակումների՝ այդ վայրում գտնվող մեկ այլ երիտասարդ վերջինիս հետ ծեծկռտուքի արդյունքում զրկվել էր աչքից), նա նշեց, որ այդ մասին տեղյակ չէ, եւ հավելեց. «Այս երկրում չի կարող որեւէ մեկը լինել օրենքից դուրս»: Ընդհանրապես, բացի այն, որ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը Հայաստանում միայն թղթի վրա է, պարոն Հարությունյանը նաեւ չգիտեր, որ պատգամավորները միմյանց հետ ԱԺ-ի շենքում շփվում են «odnoklasniki.ru»-ի միջոցով (ի դեպ, նա այնտեղ գրանցված չէ), որ դատական ակտերի հարկադիր կատարողները դիմակավորված եւ հատուկ միջոցներով զինված մտել եւ արգելանք են դրել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» գործարանի գույքի վրա: Բջնիի փակումը, ըստ նրա, դատարանի որոշման հիման վրա է կատարվել, որի համար դատական ակտերի հարկադիր կատարողներին մեղադրել պետք չէ: «Դատական պրոցեսներին քաղաքական գնահատականներ չեն տալիս»,- նշեց նա: Իսկ ի պատասխան այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում, օրինակ, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններով, այն բանից հետո, երբ թերթերից մեկում հրապարակվեցին նրա մոր հայտնի ասածները հարկեր չվճարելու վերաբերյալ, պարոն Հարությունյանը նշեց, թե ինքը չգիտի՝ դրանով իրավապահները զբաղվե՞լ են, թե՞ ոչ, եւ որ «հարկերը պետք է վճարեն բոլորը, չվճարելու համար պատասխանատվություն պետք է կրեն բոլորը»: Անդրադառնալով նոյեմբերի 2-ին ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվայում ստորագրված եռակողմ հռչակագրին, պարոն Հարությունյանը չհամաձայնեց, թե դրանով ամրագրվել է բանակցային գործընթացից ԼՂ-ի դուրսմղումը: Ըստ նրա՝ կարեւորն այն է, որ այդ փաստաթղթով փաստվում է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանգամանքը: