«Ռուսաստանը չփորձեց նվաճել ամբողջ Վրաստանը, որովհետեւ հասկանում էր, որ երկիրը դիմադրություն ցույց կտա նրան»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ երկրի Զինուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում ներկայացնելով 37-ամյա փոխգնդապետ Վլադիմիր Չաչիբայային:
«Այն, որ այսօր Վրաստանում սովորականի պես գործում են կառավարությունն ու պետական կառույցները, եւ հանգիստ ապրում է ժողովուրդը, երկրի զինուժերի վաստակն է: Եթե չլիներ այն բանի գիտակցումը, որ Վրաստանի զինուժը կարող է դիմադրություն ցույց տալ, Ռուսաստանն օգոստոսին ավելի կտրուկ քայլերի կգնար»,- հայտարարել է Սահակաշվիլին` նշելով, որ վրացական բանակը Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ստիպեց մարտի դաշտից փախչել ռուս գեներալներին: