Երկու շաբաթ առաջ գրել էի, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների համար գանձ է: Նրա ցանկացած ելույթ հոդվածի նյութ է: Հոնորարի աղբյուր: Չարաչար սխալվել էի: Նրա ելույթները ոչ թե մեկ, այլ երկու եւ ավելի հոդվածի նյութ են: Հոնորարի մշտնջենական աղբյուր: Սեպտեմբերի սկզբին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ֆինանսավորել արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող հայ ուսանողներին: Պարզվում է, սա պահի տակ արված հայտարարություն չէր: Դրան երկար ու լուրջ նախապատմություն է նախորդում: Հոկտեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը լրագրողներին ներկայացրել էր այն մեծ աշխատանքը, որ նախորդել էր այս ամենին: Որպես ուսանողներին աջակցելու ծրագրի հեղինակ՝ դոկտոր Իշխանյանը տեղեկացրել էր, որ ծրագրի հայեցակարգն այս տարվա հոկտեմբերի 3-ին հաստատվել է եւ տեղադրվել ՀՀ Կրթության ու գիտության նախարարության կայքէջում: Նա նաեւ նշել էր, որ ծրագրի իրագործման համար ստեղծվել է «Լույս» հիմնադրամ:
Ըստ մեր մամուլի՝ «Հասարակության համար այնքան էլ պարզ չէ՝ ծրագիրն ընդունվե՞լ է, թե՞ ոչ»: Իսկ ըստ Ա. Իշխանյանի՝ ծրագրի մեկնարկի մասին հայտարարությունն արվել է ոչ պատշաճ կերպով. «Պիտի լիներ պաշտոնական հայտարարություն, պիտի տպվեր հայկական թերթերում, պիտի ասվեր, թե կրթաթոշակները երբ են հատկացնելու, նշվեր հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրման կարգը եւ այլն»: Բայց չի եղել: ԿԳՆ կայքէջում տեղադրված ծրագիրն իսկապես լավն է: Բայց, ինչպես բոլոր լավ ձեռնարկների հիմքում, այստեղ էլ «Պիտի այսպես լիներ, պիտի այնպես լիներ»-ը որեւէ կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրականում:
Իսկ իրականում տեղի ունեցածը սովորական հայկական պատմություն է: Որ հենց սկզբից դրական հետեւանքի հույս չի թողնում: Նախորդ հրապարակման մեջ ես ենթադրել էի, որ արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բուհերի հայ ուսանողներին ֆինանսավորելու են պետբյուջեի հաշվին: Պարզվում է՝ ոչ: Այդ նպատակի համար հատուկ հիմնադրամ է գործելու: Այն արդեն գրանցված է: Հիմնադրամի հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանն են: Արդարադատության նախարարության գրանցած կանոնադրությունում, օրենքի համաձայն, նշվում է հիմնադիրների հաշվառման հասցեն: Հաշվառման հասցե ասվածը խորհրդային գրանցում կոչվածն է: Այդ հասցեներից ակնհայտ է դառնում, որ հիմնադրամը գրանցող ՀՀ քաղաքացիները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն են: Ավելին` կանոնադրության մեջ հիմնադրամի գործունեություն ծավալելու գրասենյակի հասցե է նշված Տիգրան Սարգսյանի հաշվառման հասցեն (Չարենցի փողոց եւ այլն…):
Այս փաստը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Արտասահմանյան բարձրագույն վարկանիշ ունեցող բուհերի հայ ուսանողներին ֆինանսավորել պատրաստվող «Լույս» հիմնադրամի հիմնադիրները ոչ թե ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետն են, այլ կոնկրետ քաղաքացիներ: Հայկական ամենահայտնի ու ամենաարդյունավետ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է: Ստեղծման օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառավարման բարձրագույն պաշտոնում որպես այդ պահին ՀՀ նախագահներ աշխատել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Հիմա` Սերժ Սարգսյանը: Այս հիմնադրամի հեղինակությունը հենց դրանով էլ պայմանավորված է: Այն անձի սեփականություն չէ, այլ համազգային ձեռնարկ:
Մինչդեռ այս պարագային գրանցողները կոնկրետ անձինք են, եւ հիմնադրամը ոչ թե ազգային կամ պետական է, այլ մասնավոր: Հետաքրքիր է մեկ փաստ եւս: ՀՀ Արդարադատության նախարարությունը հիմնադրամը գրանցել է այս տարվա ապրիլի 18-ին: Եթե հիշողությունս չի դավաճանում՝ ապրիլի սկզբին ներքաղաքական իրավիճակը, մեղմ ասած, ծանր էր: Ենթադրենք, որ Արդարադատության նախարարությունը կանոնադրությունը գրանցելու համար որոշակի մասնագիտական գործառույթների համար մի քանի օր ժամանակ պիտի ծախսած լինի: Այս դեպքում ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը կանոնադրությունը գրանցման պիտի ներկայացրած լինեին ՀՀ նախագահի երդմնակալության կամ ՀՀ վարչապետի նշանակման օրը: Ընդունեք, որ հետաքրքիր համընկնում է: Այ այսպես է ցանկացած բարի ու ազգային ծրագիր բախվում օբյեկտիվ իրականությանը: Կամ` հայկական նեոքաղաքագիտական տերմինով ասած՝ «հայկական աշխարհի» իրականությանը: Կոնկրետ այս ծրագրի նախաձեռնման ակունքում կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են, որ ի վերջո ծրագիրը կգործի այն նույն սկզբունքներով, ինչով կյանքի է կոչվել: Հավատի ոլորտը վերլուծության ենթակա չէ: Ուստի թույլ տվեք հավատաքննիչ չլինել: