Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատել է «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2009 թվականի ծրագիրը»: Ծրագրի շրջանակներում Սեւանա լճի կենսառեսուրսների վերարտադրությունը զարգացնելու նպատակով շուրջ 80 մլն դրամի շրջանակներում կիրականացվի արժեքավոր, հազվագյուտ ձկնատեսակների (հիմնականում` գեղարքունի, ամառային իշխան), խեցգետնակերպերի պաշարների համալրում եւ դրանց հետագա բազմացման ապահովում: Իսկ լճի ավազանի բուսական եւ կենդանական ռեսուրսների հաշվառումից հետո թույլատրելի չափ կսահմանվի դրանց հետագա օգտագործման համար: Կկարգավորվեն «Սեւան» ազգային պարկի բնական պաշարները, կիրականացվի անտառային ռեսուրսների հաշվառում: Կենցաղային, գյուղատնտեսական եւ արդյունաբերական նպատակով օգտագործման համար («Ջրօգտագործման տարեկան ծրագրերի» շրջանակներում) կսահմանվի Սեւանա լճից ջրառումների առավելագույն քանակը: «Սեւան» ազգային պարկում այս տարի նույնպես Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի միջոցով կանցկացվեն լճի եւ նրա ջրային ռեսուրսների հիդրոկենսաբանական աղտոտվածության ամենամյա դիտարկումներ: ՀՀ ԳԱԱ մասնագետների քարտեզագրումից եւ գույքագրումից հետո նախագծեր կմշակվեն լճի ավազանի գյուղատնտեսական, բնապահպանական հողերի, հողահանդակների, անտառտարածքների էրոզացված եւ խախտված հողերի վերականգնման համար:
Ծրագրի շրջանակներում հատկացված գումարների հաշվին կշարունակվեն բարեկարգել նաեւ Սեւանա լճի ջրահավաք ավազանում գործող աղբավայրերը, կստեղծվեն նորերը, կկատարելագործվի արտադրական եւ կենցաղային թափոնների համակարգը: Զուգահեռաբար կնորմավորվեն նաեւ ավազանի տարածքի արտահոսքերն ու արտանետումները: Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, ջրահավաք ավազանի կենսաբազմազանության բնականոն զարգացման, բնական ռեսուրսների ու ջրի պաշարների օգտագործման հետ զուգահեռաբար՝ աշխատանքներ կտարվեն նաեւ «Սեւան» ազգային պարկի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների անցկացման ուղղությամբ: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության նվազեցում» ծրագրով (լճի հայելու նիշի 6 մետր բարձրանալու հետ կապված) 250 մլն դրամի շրջանակներում հաջորդ տարվա ընթացքում նույնպես կմաքրվեն ջրի տակ անցնող 600 հա անտառտարածքներ, կհիմնվեն նորերը: Վերոհիշյալ միջոցառումների եւ կատարվելիք աշխատանքների վերահսկողությունը հանձնարարված է ՀՀ Բնապահպանության, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության, Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, Էներգետիկայի նախարարություններին ու ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: