Հեղափոխության մեխանիկան

07/11/2008 Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Փետրվարյան եւ մարտյան դեպքերից հետո իշխանության գլխավոր մեղադրանքը ընդդիմությանը` ի դեմս Համաժողովրդական շարժման, այն էր, թե վերջիններս պատրաստվում էին գունավոր հեղափոխություն իրականացնել երկրում` արտաքին ուժերի համար ծառայելով իբրեւ գործիք:

Ի հակադրություն դրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը առիթը բաց չի թողնում շեշտելու, որ իրենք գնալու են միայն օրինական ճանապարհով: Ավելին, վերջին հանրահավաքում նա նշեց, որ արտաքին ուժերին գործիք չդառնալու մտահոգությամբ հարմար է ժամանակավոր դադար տալ հանրահավաքային պայքարին: Փաստարկները կրկնվում են` հայելային տրամաբանությամբ: Սակայն հասկանալու համար, թե իսկապե՞ս ընդդիմությունը հեղափոխություն էր ծրագրում, վճռորոշ նշանակություն է ձեռք բերում խոսքը: Ծագումով ռուս, հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ամերիկայում հաստատված սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինը մի հայտնի աշխատություն ունի` «Հեղափոխության սոցիոլոգիա»: Այս աշխատությունը վաղուց արդեն դասական է համարվում հեղափոխությունների օրինաչափությունների բացահայտման տեսանկյունից: Սորոկինի բացահայտումներից մեկն էլ այն էր, որ հեղափոխական վարքագիծը կարելի է նշմարել մի շարք ձեւափոխությունների միջոցով, որոնցից առաջինը խոսքի ձեւափոխությունն է: Ըստ այդմ, Սորոկինը, ուսումնասիրելով մարդկության պատմությանը հայտնի բազմաթիվ հեղափոխություններ` հին եգիպտականից մինչեւ Մեծ ֆրանսիական, ի հայտ է բերում հեղափոխական խոսքի հետեւյալ առանձնահատկությունները. սկզբնական փուլում տեղի է ունենում խոսքի քանակական եւ որակական ապասահմանափակում, այսինքն, լեզվի կապերը քանդվում են, քանակապես տեղի է ունենում խոսքի աճ` զլմ-ներ, հանրահավաքներ, ցույցեր եւ այլն: Որակական առումով սկսվում է ամենատարբեր երեւույթների ինտենսիվ քննադատություն, դրանք քանդելու, վերացնելու կոչեր են հնչում: Այս փուլում չափի որեւէ զգացողություն բացակայում է: Երկրորդ փուլում տեղի է ունենում խոսքի քանակական եւ որակական արգելակում: Դա կարող է ուղեկցվել տարբեր զլմ-ների փակմամբ, հանրահավաքների արգելմամբ եւ այլն: Այնուհետեւ, կյանքի կանոնակարգմանը զուգընթաց՝ վերադառնում է նաեւ խոսքը: Այս հիմնական գործընթացներից բացի, հեղափոխական շրջանի խոսքը բնութագրվում է հետեւյալ հատկանիշներով. ի հայտ են գալիս նոր տերմիններ, ամեն փուլում առկա են սիրելի եւ շահարկվող բառեր, ընդ որում, որպես կանոն՝ առաջին փուլի սիրելի բառը հակառակ վերաբերմունքի է արժանանում հաջորդ փուլում, ամեն փուլում խոսքի բազմազանությունը վերագրվում է հաղթողին, իսկ լռությունը` պարտվողին: Եթե այս տեսանկյունից փորձենք վերլուծել Համաժողովրդավարական շարժման առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ապա միանգամից ակնհայտ է դառնում, որ այդ խոսքը հեղափոխական չէ իր բովանդակությամբ եւ ձեւով: Ասվածը ակնհայտ է, եթե հետեւենք այն հանրահավաքային ելույթների ամբողջությանը, որ ունեցել է Լ. Տեր-Պետրոսյանը 2007 թվականից մինչ այժմ: Ըստ այդմ, առաջին երեք ելույթները Տեր-Պետրոսյանի համար ծառայել են իբրեւ իրավիճակի ախտորոշման ելույթներ: Նա ինքը առաջին հանրահավաքային ելույթն անվանել է «Իրերը իրենց անունով կոչելու ժամանակը»: Այս տեսանկյունից, իհարկե, նոր տերմինների ի հայտ գալու հատկանիշն առկա է: Կարծում եմ, դեռեւս բավական թարմ է առաջին փուլի տերմինաբանական բանավեճը, երբ գլխավոր թեման այն էր, թե ինչքանով է ճշմարտացի ավազակապետություն որակումն օգտագործել մեր իրականության համար կամ թե ինչքանով է այս պետական համակարգը համադրվում մոնղոլաթաթարական խանության հետ, եւ այլն: Բացի տերմինաբանություն առաջարկելուց, Տեր-Պետրոսյանն այս փուլում նաեւ ակտիվորեն կիրառում էր մեր իրականության տարբեր կողմերը «բացահայտելու», քննադատելու ռազմավարություն, ընդ որում, խոսքը կառուցվում էր հենց այն տերմինաբանության շրջանակներում, որ ինքն առաջարկել էր, այսինքն` ավազակապետության բուրգի գլուխ կանգնածների, նրանց մերձավորների եւ այլն: Անվանելով իրենց պայքարը համաժողովրդական շարժում` Տեր-Պետրոսյանը փորձեց խոսքային առումով նաեւ իրավահաջորդություն ապահովել 88-ի շարժման հետ, իզուր չէին համեմատություններն այս ռեժիմի եւ Գորբաչովյան ռեժիմի հետ, անընդհատ հղումները այդ պայքարին, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսի որդեգրումը: Սակայն չպետք է մոռանալ, որ 88-ի շարժման արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանը 1990 թ. ընտրություններում ընտրվեց Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետեւ` նախագահ: Այսինքն` լիովին մնաց այն համակարգի տրամաբանության, իրավական դաշտի շրջանակներում, որի դեմ պայքարում էր: Այս իմաստով իրավահաջորդությունը նաեւ արդյունքի ակնկալիքի մեջ էր, այսինքն` ընտրությունների արդյունքով հաղթանակի հասնելու:

2007 թ. դեկտեմբերի 22-ի իր ելույթում Տեր-Պետրոսյանը նշում է, որ ավարտվում է խոսքի շրջանը եւ սկսվում է գործելու փուլը: Այս փուլում առաջնահերթ նշանակություն է, ըստ նրա, ստանում, մարդկանց հետ մարդկանց լեզվով խոսելը, որեւէ բարդ բառեր, մասնագիտական տերմինաբանություն չկիրառելը եւ այլն: Հետաքրքիր է, որ 88-ի էֆեկտին հասնելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկում է իրենց պայքարը ներկայացնել որպես ազգային-ազատագրական պայքար: Սակայն երիտասարդության համար 88-ը եւ Գորբաչովը չափազանց միֆական են, ուստի ասպարեզ է մտնում սեփական պայքարը նաեւ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների հաղթանակի վերագտնման պայքար կոչելու ռազմավարությունը: Միեւնույն ժամանակ ասպարեզ է մտնում նախընտրական ծրագիրը, որի վերնագրում «հանդարտ խոհեր» բառակապակցության ներառումը կարող է պարադոքսալ թվալ, միեւնույն ժամանակ՝ Տեր-Պետրոսյանի գլխավոր կարգախոսը` հաղթել ենք, միանգամայն համադրվում է այն իրավիճակի հետ, երբ դիմացինին ներկայացնում ես քո լիակատար վստահությունն արդյունքների նկատմամբ, հետեւաբար կարող ես քեզ թույլ տալ նախընտրական եռուզեռում հանդարտ խոհեր ունենալ: Տեր-Պետրոսյանն իր խոսքում ամեն կերպ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանն իրականում հենարան չունի, ձայներ չունի, պաշտպանողներ չունի: Սա ընտրազանգվածին սեփական ուժի մեջ համոզելու փորձ է: Այս տրամաբանության մեջ են նաեւ անընդհատ վկայակոչումները, թե իշխանության ներսում գտնվող ազդեցիկ տարբեր մարդիկ իրականում իրենց կողքին են եւ այլն: Այս ձեւով չեզոքացվում է վարչական ռեսուրսի հնարավոր ազդեցությունն ընտրությունների ժամանակ, քանի որ այդ վարչական ռեսուրսը նույնպես «հոգու խորքում» իրենց հետ է, ուստի որեւէ բանից վախենալ պետք չէ: Միաժամանակ այս բոլոր առանձնահատկությունները մատնանշում են միայն մեկ բան. ռազմավարությունը կառուցվել է՝ ընտրությունները` իբրեւ գլխավոր իրադարձություն դիտարկելով: Այս խնդիրը թափանցիկ կերպով մատնանշում էր Տեր-Պետրոսյանը իրեն սատարող ուժերի կոնգրեսում, երբ հայտարարում էր, որ գլխավորը 2007-ի փետրվարին զանգվածների ակտիվության բարձրակետին հասնելն է: Սակայն ընտրությունները չավարտվեցին հօգուտ ընդդիմության ներկայացուցչի: Մի կողմ թողնելով մարտյան հայտնի իրադարձությունների դիտարկումը, քանի որ դրանք, ըստ էության, մի կողմ է թողնում նաեւ Տեր-Պետրոսյանը` նշելով, թե դրանք խորհրդածելու երկար ժամանակ են պահանջում, նշենք, որ, այդուհանդերձ, սկզբնապես Տեր-Պետրոսյանը ամբողջությամբ չէր հրաժարվել «Հիմա» կարգախոսից: Մասնավորապես, ամռան ընթացքում նա երկու տարբերակ էր շրջանառում իր խոսքում: Առաջինը` որպես ակտուալ, դա օգոստոսին զանգվածների ակտիվության բարձրակետին հասելն էր, այնուհետեւ՝ աշնանն այդ նույն բարձրակետն ապահովելը: Սակայն, միեւնույն ժամանակ` որպես պոտենցիալ տարբերակ, դեռ հունիսին նա նաեւ զգուշացնում էր, որ կարող են դադարեցնել այդ հանրահավաքային պայքարը` ռազմական վտանգի առկայության պարագայում: Իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ իրականացվեց ակտուալ եւ պոտենցիալ տարբերակների փոխատեղում: Ըստ էության, վերլուծությունը Տեր-Պետրոսյանին հուշեց, որ շարժումը վերջացել է: Ջրհեղեղը չմաքրեց ավգյան ախոռները, սակայն այս իմաստով ժամանակի ընթացքում առուն կարող է ջրհեղեղից ավելի գործ անել: Հենց այս տրամաբանությամբ այնուհետեւ Լ. Տեր-Պետրոսյանի խոսքում տեղի է ունենում գործող իշխանությունների փաստացի ճանաչում: Մասնավորապես, եթե մինչ այդ նա գնում էր վերջիններիս վարքագիծը ավազակապետության տրամաբանության եւ տերմինաբանության մեջ վերլուծելու ճանապարհով, ապա այժմ այդ վերլուծությունն իրականացնում է ընդունված տերմինաբանության մեջ` Ազգային ժողով, կառավարություն եւ այլն: Ավելին, այդ ճանաչումը սկսում է ընդգրկել նաեւ Սերժ Սարգսյանի` իբրեւ նախագահի իրականացրած քաղաքականությունն արտաքին գործերի ոլորտում: Խոսքը սկզբում Թուրքիայի նախագահ Գյուլի այցելության, իսկ հետո՝ նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին է: Ընդ որում, փետրվարյան իրադարձությունների ժամանակ երկրորդ նախագահ Քոչարյանը եւ բազմաթիվ վերլուծաբաններ նշում էին, որ ընդդիմության գործողությունները թուլացնում են Հայաստանի դիրքը՝ ինչպես Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում, այնպես էլ միջազգային տարբեր ծրագրերի իրականացման տեսանկյունից, խոսքը, մասնավորապես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին է: Սակայն այդ շրջանում այդ փաստարկը չաշխատեց, սակայն նույն տրամաբանությունն ընդդիմությունն ինքը որդեգրեց արդեն ավելի ուշ` դեպի աշուն: Ուստի, իրականում, հետեւելով Լ. Տեր-Պետրոսյանի խոսքին, պետք է արձանագրել, որ այն որեւէ կերպ հեղափոխական չէ, ավելին, Տեր-Պետրոսյանն ամեն կերպ ամրագրում է, որ գործելու է օրինական ճանապարհով: Այդ ճանապարհի տրամաբանությունը նրան ուղղորդում է դեպի քաղաքական ուժի ինստիտուցիոնալացում` ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի ստեղծման: Բացի այս, հանրահավաքային պայքարի ընդմիջումը եւ կազմակերպական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը նույնպես հուշում են այն մասին, որ Տեր-Պետրոսյանը իրապես պատրաստվում է երկարատեւ քաղաքական պայքարի: Այդ պայքարն արդեն չի ժխտում այս համակարգը, այլ փորձում է ներսից, առանց հեղափոխական միջամտությունների ձեւափոխել այն` որպես վերջնակետ ունենալով խորհրդարանական ընտրությունները: Իհարկե, պատրաստ լինելով ոչ միայն հերթական, այլ նաեւ հնարավոր արտահերթ ընտրությունների: Համակարգի զարգացման տեսանկյունից պետք է նշել, որ այս դեպքում այդ պայքարի հաջողությունը շատ ավելի մեծ դրական հետեւանք կարող է ունենալ, քան զգացմունքային պոռթկման եւ մեկմեկու բացահայտ ժխտման մթնոլորտում 2008-ի ընտրություններում հնարավոր հաղթանակը: Որովհետեւ այս երկրորդն է, որ իրապես «հանդարտ խոհերի» պայմաններում ամեն ինչ կշռադատած հաղթանակի, քաղաքական մշակույթի ամրապնդման եւ քաղաքակիրթ ավանդույթների ստեղծման հնարավորություն է տալիս: Իսկ դրանց կարիքը մենք իսկապես ունենք: