Միշել Օբամա. «Ես նրան կասեմ` փոքրիկս, դու կարող ես շատ բան անել»

07/11/2008

ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակից հետո ամերիկյան ամսագրերը ողողվել են ԱՄՆ առաջին տիկնոջ` Միշել Օբամայի մասին պատմող հրապարակումներով:

Նրա աղջկական ամբողջական անունը Միշել Լա Վոն Ռոբինսոն էր, եւ նա ծնվել է 1964թ. հունվարի 17-ին` Չիկագոյում: Նրա հայրն աշխատել է Չիկագոյի ջրախողովակների ընկերությունում: Միշել Օբաման ավարտել է Չիկագոյի ամենահեղինակավոր պետական դպրոցներից մեկը, 1981-1985թթ. սովորել է Պրինստոնյան համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում:

Այնուհետեւ նա իր ուսումը շարունակել է Հարվարդի իրավաբանական դպրոցում, որից հետո աշխատանքի է անցել Sidley Austin իրավաբանական ընկերության Չիկագոյում գործող գրասենյակում: Նա մասնագիտացած էր մարկետինգի եւ ինտելեկտուալ սեփականության մասին օրենքների ուղղությամբ: Հենց Sidley Austin-ում էլ Միշել Օբաման ծանոթանում է իր ապագա ամուսնու հետ: Միշելից բացի, Բարաքը միակ սեւամորթ աշխատակիցն էր ընկերությունում: 1992թ. նրանք ամուսնացան: Որոշ ժամանակ անց Միշել Օբաման աշխատանքի տեղափոխվեց Չիկագոյի քաղաքապետարան, սկզբում՝ որպես քաղաքապետի օգնական, հետո` որպես քաղաքի պլանավորման եւ զարգացման հարցերով կոմիսարի տեղակալ: 1993թ. նա հասարակական աշխատանքի անցավ երիտասարդական Public Allies ընկերությունում` որպես գործադիր տնօրեն: Տիկին Օբաման 1996թ. ընդունում է Չիկագոյի համալսարանում ուսանողների հետ աշխատանքի գծով դեկանի օգնականի աշխատանքի առաջարկը: 2002թ. Մ. Օբաման իր կարիերան շարունակում է Չիկագոյի համալսարանին կից առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որտեղ սկզբում զբաղեցնում էր հասարակական հարցերով զբաղվող գործադիր տնօրենի պաշտոնը, այնուհետեւ` 2007թ. մինչ օրս աշխատում է որպես ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ: Նա մշտապես աջակցել է ամուսնուն` նախագահական ողջ քարոզարշավի ընթացքում: Ունեն երկու դուստր` Նատաշան եւ Մալիան: Ամերիկյան մամուլում Մ. Օբամային բազմիցս համեմատել են ԱՄՆ նախկին առաջին տիկնանց հետ, մասնավորապես` գաղափարական հայացքներով` Էլեոնոր Ռուզվելտի հետ, իսկ ամուսնու վրա ունեցած ազդեցությամբ` Նենսի Ռեյգանի հետ: 2008թ. ընթացքում մամուլում 102 հրապարակումներ են եղել նրա մասին:

Մ. Օբաման երկու բջջային հեռախոս է գործածում` BlackBerry ֆիրմայի, որը շատ պոպուլյար է ամերիկյան էլիտայի շրջանակներում: Հեռախոսներից մեկը նախատեսված էր՝ աշխատանքի, մյուսը` ամուսնու նախընտրական քարոզչության համար:

Մ. Օբաման հաճախ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ ամուսնու մասին խոսելիս նրան դիմում էր «baby» (փոքրիկս) փաղաքշական բառով. «Եթե նա նախագահ դառնա, ես նրան կասեմ` փոքրիկս, դու կարող ես շատ բան անել: Եվ ես գիտեմ, եթե նա նախագահ դառնա, եթե նա շատ աշխատի, նա կարող է փոխել աշխարհը»,- մի անգամ քարոզարշավի ընթացքում ասել է Միշելը: Նա մշտապես եղել է ամուսնու կողքին: Աջակցել է նրան` իբրեւ կին եւ հավատարիմ ընկեր: Բարաք Օբաման 2 գրքի հեղինակ է. 1995թ. նա հրատարակեց իր հուշերը` «Իմ հոր երազանքները» վերնագրով, որում, ըստ որոշ լրատվամիջոցների` խոստովանում է, որ դժվար պահերին թմրանյութեր է գործածել, եւ 2006թ. «Հույսի խիզախությունը» գիրքը: Ըստ որոշ ԶԼՄ-ների` Բ. Օբաման եւ դերասան Բրեդ Պիտը հեռավոր ազգականներ են: Բ. Օբամայի տիկնոջը` Միշելին, նորաձեւության որոշ ամսագրեր ճանաչել են որպես ամենամոդայիկ կանանցից մեկը: Նրան կոչել են՝ նոր Ջեկի Քենեդի: 2005թ. «Time» ամսագիրը Բ. Օբամային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում էր տեղադրել, իսկ անգլիական «New Statement»-ը նրան դասել էր աշխարհի այն 10 մարդկանց շարքում, որոնք կարող են ցնցել աշխարհը: ԱՄՆ նոր նախագահի հիմնական հետաքրքրություններից ամերիկյան մամուլը հիշատակել է բասկետբոլը եւ «Պոկերը»: