Հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ ծնված երեխաների համար այս տարվա 10 ամիսներին սոցիալական անապահովության համակարգում հաշվառված 3460 ընտանիքի տրվել է 300.000 դրամ: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը: Ըստ նրա, մինչեւ նոյեմբերի 10-ը կամփոփվի ընտանիքների հերթական ցուցակը: Սոցիալական անապահովության համակարգում այս տարի հաշվառված է մոտ 170.000 ընտանիք: Նշենք, որ նախորդ տարի յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ ծնված երեխաների համար 200.000 դրամ է հատկացվել սոցիալական անապահովության համակարգում հաշվառված 2654 ընտանիքի: ՀՀ 2009թ. բյուջեի նախագծով երրորդ եւ ավելի երեխան ծնվելու կապակցությամբ 2009թ. յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 430.000 դրամ, եւ եթե 2008թ. այն տրվում էր միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին, ապա 2009թ. կտրվի բոլոր ընտանիքներին: