Արդեն անցել են վերաբնակեցմանը

05/11/2008

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանն ուրախ կլիներ, եթե Հայաստանն ակտիվացներ ԼՂՀ հակամարտության լուծմանն ուղղված իր ջանքերը: «Մենք կարող ենք միայն ողջունել դա եւ մեր հերթին պատրաստ ենք շարունակել բանակցությունները»,- ասել է նա: Իբրահիմի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղը, ինչպես Ադրբեջանի մյուս տարածաշրջանները, պետք է իր կարգավիճակն ունենա Ադրբեջանի Հանրապետության կազմում, քանի որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պահանջում են, որ կարգավիճակը սահմանվի տարածքային ամբողջականության շրջանակներում: ԼՂ կարգավիճակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարող է սահմանվել միայն այն բանից հետո, երբ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները կվերադառնան իրենց տներ»,- նշել է նա` հավելելով, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը պետք է լինի փուլային տարբերակով: «Ինչպես քանիցս հայտարարել է ադրբեջանական կողմը, առաջին փուլում բռնազավթված տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց տներ»,- հայտարարել է Իբրահիմը: Ի դեպ, նա ասել է, որ պաշտոնական Բաքուն կարեւորում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից կիրակի օրը Մոսկվայում ստորագրված հռչակագիրը: «Դա շատ կարեւոր փաստաթուղթ է, որն արտացոլում է բանակցությունների բոլոր հիմնական կետերը, որոնք մինչ այժմ քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում»: «Հռչակագրում արտացոլվել են այն հիմնական կետերը, որոնք բանակցությունների առարկա են եղել մինչ օրս, փաստաթղթում մատնանշված են սկզբունքներ, փուլեր»,- ասել է նա` հավելելով, թե այդ փաստաթուղթը ցույց է տալիս, որ ԼՂՀ հակամարտությունը կարող է լուծվել քաղաքական ճանապարհով: