Բողոքի ակցիա` Վանում

05/11/2008

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Վան կատարած այցը բողոքարկող ցուցարարները պատերազմի հրապարակի են վերածել քաղաքի փողոցները: Ըստ «Անատոլու» գործակալության, նրանք քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին գովաբանող պաստառներ եւ լոզունգներ են կրել, քանդել սալահատակը եւ քարեր նետել Էրդողանին ուղեկցող ավտոշարասյան վրա: Ցուցարարները քարեր են նետել նաեւ իրենց զսպելու եկած ոստիկանների վրա: Քարերով եւ դյուրավառ հեղուկով լի շշերով զինված ցուցարարները բազմաթիվ ավտոմեքենաներ են այրել փողոցներում եւ քարեր նետել պետական հիմնարկների պատուհաններին: Նրանք այրել են նաեւ հրդեհը մարելու եկած մի հրշեջ մեքենա: Ցուցարարները քարկոծել են նաեւ Վանի անվտանգության տնօրեն Մեհմեդ Սալիհ Քեսմեզին եւ նրան շրջապատած ոստիկաններին, ինչի արդյունքում մի ոստիկան վիրավորվել է: Բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են: Ոստիկանության միջամտության արդյունքում ցրված ցուցարարները բողոքի ակցիան շարունակել են քաղաքի միջանկյալ փողոցներում: