Վերջը բարի լինի

05/11/2008

Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների նախագահները հինգ կետից բաղկացած հռչակագիր են ստորագրել: Իրականում այդ հանդիպումը, ինչպես փորձ էր արվում ներկայացնել դրանից առաջ, որեւէ «դարակազմիկ» նշանակություն չի ունեցել, բացի այն խորհրդանշական փաստից, որ 1994թ. զինադադարի պայմանագրից հետո առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ որեւէ փաստաթուղթ են ստորագրել: Իսկ դրանում արձանագրված են այն իրողությունները, որոնք առանց այդ էլ հայտնի են. խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում շարունակելու պարտավորվածության մասին է: Հիշեցնենք, որ այդ սկզբունքները ենթադրում են ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ինչ-որ անորոշ դրույթ: Այսինքն` դրական իմաստով կիրակնօրյա հանդիպումը Հայաստանին ոչինչ չի տվել, բացի այն, որ եւս մեկ անգամ արձանագրվել է, որ «Աղդամը մեր հայրենիքը» չէ: Նշենք, որ հայաստանյան քաղաքական-փորձագիտական շրջանակները եւս որեւէ ուշագրավ փաստ չեն արձանագրել այդ հռչակագրում: Իսկ նոյեմբերի 2-ին կայացած հանդիպման միակ ինտրիգն այն է, որ ըստ որոշ` դեռեւս ոչ առարկայական տեղեկությունների, Մոսկվայում իրականում ստորագրվել է նաեւ մեկ այլ` ավելի գործնական փաստաթուղթ, որը քողարկվել է Մեդվեդեւի ընթերցած հռչակագրով: