Կիրակի օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները 5 կետից բաղկացած հռչակագիր ստորագրեցին: Ժամանակագրության տեսանկյունից այս հանդիպումն ու հռչակագիրը կարեւոր են այն առումով, որ երկու նախագահներն իրենց ստորագրությունը դրեցին ինչ-որ փաստաթղթի տակ: 1994թ. զինադադարի պայմանագրից հետո, չնայած բազմաթիվ հանդիպումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները որեւէ փաստաթուղթ չէին ստորագրել:
Իսկ որքանո՞վ են այդ հռչակագրով ընդունված սկզբունքները նպաստում ղարաբաղյան հարկամարտության կարգավորմանը, հանդիպումն ու ստորագրած փաստաթուղթը կողմերից որի՞ դիրքերն են ամրապնդում, եւ վերջապես ի՞նչ են թաքնված ընդհանուր արտահայտությունների հետեւում: Տեղեկացնենք, որ ԼՂՀ հարցի կարգավորման մասին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի ստորագրած հռչակագիրը ենթադրում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: ԼՂՀ հարցի կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով, եւ հիմքում լինեն 2007թ. հայտնի Մադրիդյան սկզբունքները:
Իհարկե, հռչակագրով եւս մեկ անգամ հաստատվեց, որ այսուհետ էլ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի շրջանակում: Հատկապես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցից ու Նյու Յորքում 3 երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կարծիք կար, թե Մինսկի խմբի գոյությունը վտանգված է: Իսկ երբ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը կազմակերպեց Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումը, այդ կարծիքն ավելի խորացավ: Թեեւ այս դեպքում էլ չի բացառվում, որ Մինսկի ձեւաչափում որոշիչ լինի համանախագահող որեւէ կողմը: Իսկ ինչպե՞ս են ՀՀ քաղաքական ուժերը վերաբերվում կիրակի օրը ստորագրված հռչակագրին, արդյո՞ք որեւէ իրական փոփոխություն ակնկալում են: Հռչակագրի ստորագրման փաստը շատ է ոգեւորել հատկապես Հայաստանի քաղաքական կոալիցիան ներկայացնող գործիչներին: «Ադրբեջանական կողմը տեւական ժամանակ խոսում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու հարցում տեսանելի հեռանկար չկա: Մինչդեռ այդ միտքը հերթական անգամ արձանագրվեց մի տեւական ժամանակի համար»,- ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը: «Սեպտեմբերի 6-ից հետո շատ քաղաքական գործիչներ շտապեցին հիստերիա բարձրացնել, թե իբր թուրքական կողմը դառնում է միջնորդ, եւ այստեղ վտանգ սկսեցին տեսնել: Նախագահ Սարգսյանը խոսեց ընդամենը թուրքական կողմի օժանդակության մասին եւ ասաց, թե ՀՀ իշխանությունները կողմ են, որ խնդիրը Մինսկի խմբի ֆորմատում մնա: Եվ դա հռչակագրով ամրագրվեց այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն էլ հաճախ էր խոսում ֆորմատի փոփոխման մասին: Իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է ոչ միայն ՀՀ, այլեւ Ադրբեջանի նախագահը»,- ասում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կոալիցիոն գործիչները նաեւ ոգեւորված են այն հանգամանքով, որ հռչակագրի սկզբունքներից մեկն էլ վերաբերում է ԼՂ հարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն ու «միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների, այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»: «Տեսնում եմ միջազգային սկզբունքներից առնվազն 3-ը` տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ երրորդը` մարդու գերակա իրավունքների հարցն է»,- ասում է Ա.Սաֆարյանը` չմանրամասնելով, թե հատկապես ինչպես են համատեղվելու տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Շարմազանովն այս հարցում ունի իր տեսակետը: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա այստեղ նաեւ որպես պատմաբան նշեմ, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: ԼՂՀ-ն միջազգային իրավական նորմերին համապատասխան եւ ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան՝ ավելի շուտ է անկախություն հռչակել, քան Ադրբեջանը»,- ասում է Շարմազանովը:
Հռչակագրի մյուս հետաքրքիր կետն էլ այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Պետական ու քաղաքական այրերի հայտարարություններից հայտնի է դարձել, որ Մադրիդյան սկզբունքներից մեկի համաձայն՝ հայկական կողմը պետք է հանի զորքերն ազատագրված տարածքներից եւ դրանք վերադարձնի Ադրբեջանին: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Ս. Սարգսյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որն անուղղակիորեն պարտադրում է հանձնել այդ տարածքները, եւ ի վերջո համաձայնել է վերադարձնել տարածքները: «Մենք Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու պատճառ չունենք: Մադրիդյան սկզբունքներ կոչվածը պիտի ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների հիման վրա առաջ տանի բանակցությունները: Մոսկովյան փաստաթղթում էլ արձանագրված է, որ դա պիտի լինի միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների հիման վրա»,- կարծում է Ա.Սաֆարյանը: «Մադրիդյան սկզբունքների մասին գիտենք այնքան, որքան մամուլում է խոսվել, իսկ ինձ համար ավելի կարեւոր է իմ երկրի նախագահի կարծիքը: Իմ երկրի նախագահը հստակ հայտնել է, որ սկզբունքներից մեկն Արցախի ժողովրդի ինքնորոշումն է»,- ավելացնում է պարոն Շարմազանովը` այդպիսով չպատասխանելով տարածքների վերաբերյալ հարցին:
Մինչ կոալիցիոն պատգամավորները խանդավառվում են, խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր մտահոգությունն է հայտնում այդ հռչակագրի վերաբերյալ: «Մադրիդյան սկզբունքները եւ անվտանգության միջազգային ասպեկտներն ինձ մտահոգում են: Ինձ համար ամենագլխավորը Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի հստակեցման խնդիրն է: Անվտանգությունն այն ձեւով, ինչ որ կա Մադրիդյան սկզբունքներում, կարծում եմ, շատ փխրուն երաշխիք կարող է տալ: Եթե ազատագրված բոլոր հողերը մենք վերադարձնում ենք, ըստ էության, բոլոր կողմերից շրջապատման մեջ է հայտնվում Ղարաբաղը: Եվ այդ մի փոքր միջանցքը երբեք երաշխիք չի կարող լինել»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: Հռչակագրի դրույթների մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արտաքին գործերի նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, թե նախագահի ստորագրած փաստաթուղթը «ես չէ, որ պիտի մեկնաբանեմ»: Մինչդեռ նրա ադրբեջանցի գործընկեր Խիզար Իբրահիմը մեկնաբանել է իր նախագահի ստորագրած հռչակագիրը` հայտարարելով. «Հելսինկյան եզրափակիչ ակտում արտացոլված է նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, սակայն այդ իրավունքը կարող է իրականացվել նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Միջազգային փաստաթղթերում եւ միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը վեր է դասվում ինքնորոշման իրավունքի սկզբունքից»:
Փորձեցինք այդ հանդիպման ու հռչակագրի մասին իմանալ նաեւ հայ քաղաքագետների կարծիքը: Քաղաքետ, նաեւ նախկին դիվանագետ մեր զրուցակիցները կարեւոր նշանակություն չտվեցին ստորագրված փաստաթղթին: Նրանք նաեւ չեն սպասում, որ առաջիկա ամիսներին ԼՂՀ հարցը որոշակի լուծում ստանա: «Կոնկրետ ոչ մի հարցի հանգուցալուծման պահ չկա այնտեղ: Բայց այս քաղաքական իրավիճակում սա ավելի լավ է, քան որեւէ այլ բան: Եթե նկատի ունենանք տարածքներ հանձնելու, պատերազմական գործողություններ սկսվելու ողջ իրարանցումը, որ ժողովրդի մեջ ստեղծված էր մինչեւ նոյեմբերի 2-ը, այդ ֆոնի վրա, կարծում եմ, որ սա վատ լուծում չէ: Եվ իրենից ներկայացնում է ինչ-որ միջանկյալ քայլ, ոչ-ոքի արդյունքով թայմաուտի նման մի բան»,- ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Այստեղ ոչ մի լուրջ բան չեմ տեսնում: Հնարավոր չէ, որ լուրջ փոփոխություն լիներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոցեսում: Ի՞նչ է փոխվել աշխարհում, որ լուծվի»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բոլոր դեպքերում ի՞նչ նշանակություն ունեցավ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումը, դա ավելի շուտ ո՞ւմ էր պետք: Է.Շարմազանովից բացի, մեր գրեթե բոլոր զրուցակիցները վստահ էին, որ այդ հանդիպումը պետք էր Ռուսաստանին, եւ հանդիպումից շահեց հիմնականում Ռուսաստանը: Ռուս-վրացական հակամարտությունից հետո հատկապես Ռուսաստանին էր պետք աշխարհին ապացուցել, որ Կովկասում ինքն է որոշողը: «Ուզում էր ցույց տալ կտո վ դոմե խոզյաին»: Եթե տողերի արանքում նայենք, կտեսնենք, որ Ռուսաստանն ասում է՝ այո, Մինսկի խումբ կա, մենք երեքս հավասար ենք, բայց երեք հավասարների մեջ կա մեկ առաջինը: Ես չեմ կարծում, որ սա Ռուսաստանի համար մի մեծ հաղթանակ է, դեմարշի նման մի բան էր, ցույց տալու համար, որ ինքը վճռող է: Թե ինչքանով դա հաջողվեց, ցույց կտա հետագա ընթացքը: Դժբախտաբար Հայաստանը խաղաքարտ է դարձել մեծ տերությունների ձեռքին»,- ասում է Ա.Նավասարդյանը: Գրեթե նույն կարծիքին է նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: «Դրանով պարզապես մի գործընթացի սկիզբ ազդարարվեց, որով ռուսական ներգրավվածությունն ավելի ակնառու է դառնում, ինչը միշտ ավելի շատ ստվերում է եղել: Դա չի արտացոլվել անմիջական պաշտոնական բանակցությունների միջոցով: Սա անմիջական քաղաքական ազդեցությունը ճնշումով ուժեղացնելու միջոց է: Ինչպես 1994թ. զինադադարը հաստատելու պահին Ռուսաստանը նախաձեռնությունը վերցրեց եւ կարողացավ գործը հանգեցնել զինադադարի, այդպես էլ, ես կարծում եմ, որ սա նախապատրաստական քայլ է, որ համանման մի բան կատարվի նաեւ քաղաքական ոլորտում: Ե՛վ մենք, եւ՛ Ադրբեջանը ծանր կացության մեջ ենք, որովհետեւ մեծ հաշվով աշխարհի մեծերի ձեռքին դարձել ենք խաղալիք իրենց շահերն առաջ տանելու տեսանկյունից»,- կարծում է Ա.Մելիքյանը: Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ազատագրված տարածքների վերադարձին, ապա դրան Ա. Մելիքյանը նորմալ է վերաբերվում: «Քանի որ պարոն Սարգսյանն արդեն տարիներ ի վեր խոսում է, թե այդ տարածքները վերցրել են հանձնելու նպատակով, եւ մեր երազանքն այն էր, որ պարզապես Ղարաբաղն անկախանա Ադրբեջանից, ես չեմ տեսնում, որ նախագահն իր առջեւ խոչընդոտ ունի տարածքները հանձնելու տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է ինքնորոշմանը, այստեղ խնդիրը հարցի արդարացի լուծումը չէ, խնդիրը հարցի լուծումը համապատասխան շահերին ենթարկեցնելն է: Եվ մեծ հաշվով՝ որ պետությունը կամ գերուժը կկարողանա այնպես անել, որ տարածքներն իր միջոցով վերադարձվեն Ադրբեջանին, իր միջոցով լուծվի կամ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, նա էլ մեծ հաշվով տարածաշրջանում հաղթող կլինի»,- ասում Արման Մելիքյանը: