Վերահաստատել է

05/11/2008

ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման վերահաստատել է իր հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Կոնգրեսին ներկայացված թիվ 106 բանաձեւի վավերացման ուղղությամբ։ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կեդրոնական կոմիտեի փոխանցմամբ` հոկտեմբերի 31-ին Օբամայի եւ փոխնախագահի թեկնածու Ջո Բայդընի կողմից հրապարակվել է համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ «Բ. Օբաման ամերիկահայության հետ կիսում է ցեղասպանությանը վերջ դնելու սկզբունքային հանձնառությունը` սկսելով աշխարհի պատմության մեջ ցեղասպանությունների ողբերգական փաստերը ճանաչելու գործընթացով։ Որպես սենատոր` Օբաման թիկունք է կանգնել ամերիկահայությանը` կոչ անելով Թուրքիային, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Հիշեցնենք, որ Օբաման ԱՄՆ ԱԳՆ-ին հղած իր գրության մեջ շեշտել էր, որ Հայոց ցեղասպանությունը ո՛չ թե անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ է, այլ բազմակողմանիորեն հաստատված ճշմարտություն, որը վավերացվել է պատմական անուրանալի փաստերով։ Հակառակ թուրքական ծանր ճնշումների եւ Թուրքիայի կողմից գործադրվող լոբբիստական բազմակողմանի փորձերի` Օբամայի եւ Բայդընի համատեղ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ը ու համաշխարհային համայնքը պետք է վերհիշեն անցյալը եւ դասեր քաղեն մարդկության դեմ գործադրված անցյալի ոճրագործություններից, երաշխավորելով, որ այլեւս չեն կրկնվելու այդ նախճիրները։ «Որպես նախագահ` Օբաման կշարունակի պահպանել ՀՀ-ին տրվող ամերիկյան օժանդակությունը։ ԱՄՆ-ի համար Հայաստանը համարվում է արժանահավատ գործընկեր՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում։ Օբամայի վարչակազմը խթան կհանդիսանա Հայաստանի բարգավաճմանն ու զարգացմանն առեւտրական գործառնությունների ու հասցեական օժանդակության ընդլայմամբ։ Նա նաեւ կզորացնի քաղաքական, ռազմական ու մշակութային կապերն ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջեւ»,- ասված է հայտարարության մեջ: