Գլխավոր խնդիրը դրական տոնի ցուցադրումն էր

05/11/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կիրակի օրը Մոսկվայում կայացավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց հակամարտության կարգավորման մասին հռչակագիր: Ներկայացնում ենք ռուս փորձագետներ Վլադիսլավ Շուրիգինի եւ Սերգեյ Միխեեւի տեսակետները:

Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգին. «ԼՂ խնդիրը փակուղի է մտել, ընդ որում` փակուղի է մտել նախեւառաջ ՀՀ-ի համար: Բացի այն, որ ՀՀ-ի վերահսկողության տակ է ԼՂՀ-ն, նա նաեւ վերահսկում է Ադրբեջանի մի քանի շրջանները: Բանակցություններում որոշակի առաջընթաց կարող է լինել, եթե ՀՀ-ն զորքերը դուրս բերի իր կողմից բռնազավթված տարածքներից: Սակայն չարժե մեծ փոփոխություններ ակնկալել, քանի որ ՀՀ ցանկացած իշխանություն գտնվում է իր ընտրողների խիստ ճնշման տակ: Նրանք այս տարիների ընթացքում սովորել են, որ ԼՂՀ-ն պատկանում է ՀՀ-ին: Բացի այդ` ՌԴ-ն պետք է փորձի ինչ-որ կերպ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ: Այդ երկիրը տարածաշրջանում հումք մատակարարող հիմնական երկրներից է, այդ պատճառով նրա հետ վատ հարաբերությունները կարող են ՌԴ-ի համար ողբերգական հետեւանքներ ունենալ առաջիկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես ճգնաժամից հետո: ՌԴ-ին անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բարեկամությունը: Կարծում եմ` իրականում տեղի կունենա բանակցությունների հերթական փուլ, որտեղ զգուշավոր, փոքրիկ քայլերով առաջ գնալու փորձ կարվի: Եթե նախագահները հանդիպում են ՌԴ-ում, ապա միանգամայն հնարավոր է, որ պատրաստ են ինչ-ինչ զգուշավոր, փոքրիկ առաջխաղացումների, եւ ՌԴ-ն շտապում է գրանցելու այդ որոշումները»:

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեեւ. «Հանդիպումը գնահատում եմ որպես ՌԴ-ի` Անդրկովկասում իր ազդեցությունը ցուցադրելու քայլ: Դա նաեւ ցույց է տալիս, որ ՌԴ-ն ձգտում է ամրապնդել իր փոխհարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Այս տեսանկյունից առաջիկա հանդիպումը կարելի է դիտարկել որպես հաջողություն. առաջին` ՌԴ-ին հաջողվեց համոզել 2 երկրների նախագահներին` հանդիպելու միմյանց հետ, երկրորդ` համոզել, որ հանդիպումը կայանա հենց Մոսկվայում: ՌԴ-ի դերը` որպես կովկասյան խնդիրներում միջնորդի, օբյեկտիվորեն մեծանում է: Վրաց-օսական հակամարտությունից հետո Բաքվի համար ակնհայտ դարձավ, որ ծայրահեղ իրավիճակներում (օրինակ` եթե ԼՂ-ում հակամարտությունը սրվի) ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից օգնություն սպասելն անիմաստ է, իսկ ՌԴ-ի ազդեցությունը ցանկացած դեպքում մեծ կլինի: Այդ պատճառով Բաքուն ստիպված է վերանայելու իր արտաքին քաղաքականության կողմնորոշիչները: Այս իմաստով Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը` Մոսկվայում հանդիպելու, անուղղակիորեն վկայում է տարածաշրջանի խնդիրներում ՌԴ դերի բարձրացման մասին: Միաժամանակ ՌԴ-ի համար բացասական գործոն է մոտ ապագայում ԼՂՀ խնդրի լուծման օբյեկտիվ անհնարինությունը, հետեւաբար նաեւ՝ հանդիպման հիմնական նպատակի հնարավոր անհաջողությունը: Առայժմ չեմ տեսնում այն փոխզիջումային տարբերակը, որին կարող են համաձայնել եւ՛ Բաքուն, եւ՛ Երեւանը: Երեւանը գտնում է, որ ԼՂՀ-ն ինքնորոշման իրավունք ունի, Բաքուն դրա հետ բացարձակ համաձայն չէ: Բոլորովին վերջերս ես հանդիպել եմ հայ փորձագետների, որոնք հաստատեցին, որ ՀՀ քաղաքական վերնախավը մնում է այդ համոզմունքին: Դիրքորոշումների համընկնումը գրեթե զրոյական է, դրանք ընդհանրության եզրեր գրեթե չունեն: Համընկնումը նույնքան զրոյական է, որքան Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դիրքորոշումների համընկնումը Վրաստանի դիրքորոշման հետ: Այդ պատճառով հակամարտության կարգավորման լուրջ հեռանկարներ չկան: Թեեւ միանգամայն հնարավոր է, որ հանդիպումը կարող է բավականին կառուցողական լինել: Այդ դրական տոնի ցուցադրումն էլ, ըստ էության, թերեւս կլինի այս հանդիպման գլխավոր խնդիրը»: