Պետությանն անուղղակի «քցողները»

05/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջերս Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հերթական` առաջին հայացքից ոչինչ չասող, սակայն իրականում բավական հետաքրքիր տեղեկատվություն պարունակող հաշվետվությունը: Խոսքը 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակի մասին է:

Ըստ այդմ, 300 խոշոր հարկատուները վճարել են շուրջ 263 մլրդ դրամի հարկեր, ինչը կազմում է նույն ժամանակահատվածում բյուջե վճարված 436 մլրդ դրամ հարկային եկամուտների մոտ 60%-ը: 1000 խոշոր հարկատուները վճարել են շուրջ 324 մլրդ դրամ կամ բյուջեի հարկային եկամուտների 74%-ը: Առաջին հայացքից թվում է, թե սա վատ ցուցանիշ չէ, եւ մեր խոշոր գործարարները բարեխղճորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Քանի որ, ինչպես հայտնի է, խոշոր հարկատուների թաքցրած հարկերի մասին իրականում խոսում են ոչ թե նրանց վճարած հարկերի բացարձակ մեծությունները, այլ կառուցվածքը: Համեմատաբար ավելի շատ հարկեր թաքցնում են այն գործարարները կամ ընկերությունները, որոնք ավելի քիչ ուղղակի հարկեր (շահութահարկ եւ եկամտահարկ) են վճարում, որովհետեւ հարկերի մյուս տեսակը՝ անուղղակի հարկերը, ըստ էության, վճարում են վերջնական սպառողները կամ գնորդները: Օրինակ` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող եւ խոշոր հարկատուների ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող «Ալեքս-Գրիգ» ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է շուրջ 8 մլրդ դրամի հարկեր, որից միայն 17 մլն դրամն է (0.2%-ը) ուղղակի հարկերի գծով: Համեմատության համար նշենք, որ, ասենք, «Մաքուր երկաթ» գործարանը, որն այս տարի զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, վճարել է շուրջ 2.8 մլրդ դրամի հարկեր, որի շուրջ 90%-ը՝ 2.5 մլրդ դրամը, ուղղակի հարկերն են: Սովորաբար նորմալ երկրներում բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 2/3-ը, կազմում են ուղղակի հարկերը: Հայաստանում լրիվ հակառակ պատկերն է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին բոլոր գործարարների վճարած հարկերի միայն 1/4 մասը՝ 24%-ն են կազմում շահութահարկն ու եկամտահարկը: Ընդ որում, առաջին 300 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերն ունեն գրեթե նույն տեսակարար կշիռը, որքան բյուջեում՝ 23.8%: Եվ եթե այդ ցանկից հանենք բանկերին եւ պետական բուհերին, պատկերը շատ ավելի տխուր կլինի: Կմնան հաշված ձեռնարկություններ, որոնց վճարած ուղղակի հարկերն իրենց ընդհանուր հարկային պարտավորությունների կառուցվածքում գոնե 25% են կազմում: Իսկ այն փաստը, որ առաջին 300 խոշոր հարկատուները բյուջե են փոխանցում ապրանքների գնի մեջ ներառված եւ ըստ էության, սպառողներիս կողմից վճարվող անուղղակի հարկերի մեծ մասը, ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը խիստ կենտրոնացված է, եւ, որ երկրի եկամուտների մեծ մասը տնօրինում են մի քանի տասնյակ ընտանիքներ: Սա արդեն պարբերաբար` ամեն եռամսյակ պաշտոնապես արձանագրվող իրողություն է:

Իսկ 300 խոշոր հարկատուների ցուցակում նախկինի համեմատ էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ցուցակը գլխավորել են «Ղ-Տելեկոմը», որի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 23 մլրդ դրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (12.5 մլրդ դրամ) եւ «ՀայՌուսգազարդը» (12.1 մլրդ դրամ): Հատկանշական է, որ «Ղ-Տելեկոմը» նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկատուների ցուցակում 4-րդ էր՝ շուրջ 10 մլն դրամ հարկերով, իսկ «ԱրմենՏելը» երրորդը՝ շուրջ 14 մլրդ դրամով: Այս տարի «ԱրմենՏելը», սակայն, վճարել է ավելի քիչ՝ շուրջ 11.6 մլրդ դրամի հարկեր եւ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Երկրորդ խոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցակում առաջինն էր եւ վճարել էր շուրջ 20 մլրդ դրամի հարկեր: Այսինքն՝ այս ընկերությունն անցած տարի 7.5 մլրդ դրամի չափով ավելի շատ հարկ էր վճարել: Սա պայմանավորված է երկու գործոնով: Նախ՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի կառավարությունն ավելի պարտաճանաչ է գտնվել ավելացված արժեքի հարկի գերավճարները հետ վերադարձնելու առումով, երկրորդ՝ վերջին տնտեսական ճգնաժամի հետեւանքով միջազգային շուկայում պղինձի ու մոլիբդենի գները ընկել են շուրջ 30-40%-ով՝ մինչճգնաժամային գների համեմատ: Ուստի կարելի է սպասել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հետագայում եւս խոշոր հարկատուների ցուցակում կզիջի իր դիրքերը: Ինչ վերաբերում է առաջատար քառյակի ուղղակի հարկերի տեսակարար կշիռներին, նշենք, որ «Ղ-Տելեկոմի» մոտ այն կազմում է իր վճարած ընդհանուր հարկերի շուրջ 38%-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում՝ 49%-ը, «ՀայՌուսգազարդի» պարագայում` 13%-ը, իսկ «ԱրմենՏելինը»՝ 32%-ը: 5-րդ հորիզոնականում, ինչպես արդեն նշեցինք վերեւում, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունն է՝ իր վճարած անչափ փոքր ուղղակի հարկերի տեսակարար կշռով: Այս ընկերությունն առաջին անգամ է հայտնվել խոշոր հարկատուների ցանկում՝ փոխարինելով նույն սեփականատիրոջը պատկանող շաքարավազի մենաշնորհատեր «Սալեքս գրուփին»: Բանն այն է, որ համաձայն շահութահարկի մասին օրենքի, եթե ընկերության կապիտալում օտարերկրյա ներդրողի մասնաբաժինը գերազանցում է 500 մլն դրամը, ապա ընկերությանը 2 տարով շահութահարկի արտոնություն է տրվում: Այս արտոնությունից օգտվելու համար էլ որոշ ընկերություններ ժամանակ առ ժամանակ «լուծարվում են» եւ վերստեղծվում այլ անվամբ: Լուծարված «Սալեքս գրուփն», այնուամենայնիվ, այս տարի հասցրել է մուծել 1.86մլրդ դրամ, որի մեջ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 6% է: Սամվել Ալեքսանյանին պատկանող մյուս՝ 49-րդ տեղում գտնվող «Նատալի ֆարմը» (1.1 մլրդ դրամ), եւս աչքի է ընկնում ուղղակի հարկերի փոքր տեսակարար կշռով (20%): 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում են վառելիք ներմուծող «Քաղ պետրոլ սերվիսը» (Սամվել Բաբայանի անվան հետ կապվող ) ու «Ֆլեշը» (Բարսեղ Բեգլարյանը): Սրանցից յուրաքանչյուրը վճարել է 7-8 մլրդ դրամ հարկ՝ հիմնականում որպես հաստատագրված վճար (հաստատագրված վճարի 40%-ը համարվում է շահութահարկ, այսինքն՝ ուղղակի հարկ, իսկ 60%-ը՝ ավելացված արժեքի հարկ, այսինքն՝ անուղղակի հարկ): Սրանց հաջորդում են Հայաստանի Էլեկտրական ցանցերը, Հայկական երկաթուղին, «Գրանտ Տոբակոն» եւ ՀԱԷԿ-ը (յուրաքանչյուրը վճարել է 3-4 մլրդ դրամ): Առաջինի վճարած հարկերի շուրջ 45%-ը ուղղակի հարկերն են, երկրորդինի մոտ այդ ցուցանիշը 9% է, երրորդի մոտ՝ 50% (հաշվի առած նաեւ հաստատագրված վճարի մեջ շահութահարկի չափը), իսկ չորորդի մոտ՝ 20% է: Հրանտ կամ Միքայել Վարդանյաններին պատկանող մյուս ընկերություններից «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (մուծել է 12 մլրդ դրամ հարկ եւ 12-րդ տեղում է) վճարել է հիմնականում հաստատագրված վճար, իսկ «Գրանդ Քենդին» (1.4 մլրդ դրամով 33-րդ տեղում է) եւ «Մասիս տոբակո հայ-հունական ՀՁ-ն» (528 մլն-ով 91-րդ տեղում է) վճարել են մոտ 10 անգամ ավելի շատ անուղղակի, քան թե ուղղակի հարկեր: Ցուցակի առաջին 50 տեղերում գտնվող եւ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 10%-ը չգերազանցող ընկերություններից են նաեւ «Կարկոմավտո», «Տրանսգազ», «Սարգիս Կարոլինա», «Չորս ընկեր», «Գլոբալ մոթորս», «Սառա-Ռաֆայել» եւ «Վալետտա» ընկերությունները, ինչպես նաեւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող եւ 17-րդ տեղում գտնվող (2.3 մլրդ դրամ) «Միկմետալը»: Այս գործարարին պատկանող մյուս ընկերությունները՝ 61-րդ տեղում գտնվող «Միկա քորփորեյշնը» (998մլն դրամ), 81-րդ տեղում գտնվող «Արմավիա» ավիաընկերությունը (687 մլն դրամ) եւ 154-րդ տեղում գտնվող «Միկա-ցեմենտը», ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի վճարել են համեմատաբար ավելի շատ ուղղակի հարկեր: Համեմատաբար ավելի շատ ուղղակի հարկեր վճարողներ են նաեւ 300 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանին պատկանող բոլոր ընկերությունները՝ «Պարես Արմենիա» ծխախոտ ներմուծող ընկերությունը (2.7 մլրդ դրամով 14-րդ հորիզոնականում է), «ՀայԷկոնոմբանկը» (926 մլն դրամ), իշխանությունների կողմից վերջերս փակված «Բջնի» հանքային ջրերի գործարանը (340 մլն դրամ), «Երեւանի ալրաղացը» (312 մլն դրամ) եւ «Նարեկ» ընկերությունը (219 մլն դրամ): Ուղղակի հարկերի մեծ տեսակարար կշռով աչքի է ընկնում նաեւ 26-րդ հորիզոնականում գտնվող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի վճարած շուրջ 1.85 մլրդ դրամ հարկերի 57%-ը կազմում են շահութահարկն ու եկամտահարկը: 300 խոշոր հարկատուների ցանկում են նաեւ թվով 9 բանկեր, որոնք բոլորն էլ հիմնականում վճարել են ուղղակի հարկեր: Ինչպես միշտ, այս անգամ եւս 300 խոշոր հարկատուների ցանկում են Երեւանի պետական համալսարանը (այս տարի այն 141-րդ տեղում է, իսկ 2007թ. նույն ժամանակաշրջանում 120-րդ տեղում էր), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (201-րդն է՝ նախորդ տարվա 163-րդ տեղի փոխարեն) եւ Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (210-րդ՝ նախորդ տարվա 197-րդի փոխարեն): 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 300 խոշոր հարկատուների ցանկում էր նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որը զբաղեցնում էր 264-րդ տեղը: Այս տարի այն 329-րդ տեղում է: Այսինքն, նախորդ տարվա համեմատ, մեր համալսարանները զիջել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում: Նշենք նաեւ, որ այս համալսարանները եւս վճարել են հիմնականում ուղղակի հարկեր: Գագիկ Ծառուկյանին պատկանող եւ 39-րդ հորիզոնականը զբաղեցրած «Արարատցեմենտը» վճարել է շուրջ 1.3 մլրդ դրամ հարկ, որի գերակշիռ մասը՝ 1.1 մլրդ դրամն ուղղակի հարկերն են: Նրան պատկանող մեկ այլ՝ Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը (այն 67-րդն է) վճարել է 894 մլն դրամ, որի մեծ մասը՝ 635 մլն-ը անուղղակի հարկերն են: 300 խոշոր հարկատուների ցուցակում են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լեոն» եւ «Մուլտի գազը», որոնցից առաջինը վճարել է ավելի շատ անուղղակի, քան ուղղակի հարկ, իսկ երկրորդը վճարել է հիմնականում հաստատագրված վճար: