Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն երեկ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Վրաստանում կսկսի գործել հատուկ քաղաքական հեռուստաալիք: «Այն լուսաբանելու է երկրի բոլոր հիմնական քաղաքական երեւույթները, եւ նրա հատուկ ստուդիայում կկարողանան ուղիղ եթերում ճեպազրույցներ ու մամուլի ասուլիսներ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունները»,- ասել է Բաքրաձեն: Մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները թերահավատորեն են ընդունել Վրաստանի իշխանությունների նախաձեռնությունը: Վրաստանի միավորված ընդդիմության առաջնորդ Կախա Կուկավայի կարծիքով՝ բացառված չէ, որ իշխանություններն ընդդիմությանն ուղիղ եթեր տրամադրելով մեկ հեռուստաալիքում, էապես կսահմանափակեն նրա ներկայացուցիչների ելույթները վրացական մյուս հեռուստաալիքների եթերում: «Բացի այդ, հատուկ հեռուստաալիքում ընդդիմությանն ուղիղ եթերային ժամանակ տրամադրելը չի ծածկի այն իրողությունը, որ Վրաստանում խոսքի ազատություն չկա, ինչի կապակցությամբ նրա ղեկավարները սուր քննադատության են ենթարկվում համաշխարհային հանրակցության կողմից»,- ասել է Կուկավան: