Արձագանք` արտերկրից

05/11/2008

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արտերկրի գործընկեր, «HARWAL Group»-ի նախագահ Հարութ Օհանեսյանը երեկ նամակ է հղել հետախուզման մեջ գտնվող իր հայ գործընկերոջը, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սուքիասյան: Ես չեմ կարող հավատալ, թե Հայաստանի իշխանությունները ինչպես կարող են քաղաքական պատճառներով ոչնչացնել այնպիսի մի հաջողված ձեռնարկություն, ինչպիսին «Բջնի» հանքային ջրերի շշալցման գործարանն է: Ազգային այս բրենդը, որը հպարտություն է բերում երկրին եւ միաժամանակ աշխարհին ստիպում ճանաչելու այս նշանավոր ջուրը, ապա դրա ոչնչացումը հսկայական կորուստ կլինի: Սա կորուստ կլինի ոչ միայն Սուքիասյան ընտանիքի համար, այլեւ հենց իր` Հայաստանի եւ նրա ժողովրդի համար: Պատկերացրեք, եթե Ֆրանսիական կառավարությունը փակի «Էվիանը» կամ «Պերիեն», կամ ամերիկյան կառավարությունը փակի «Կոկա-Կոլան» կամ «Պեպսի-Կոլան»: Ողջախոհ մարդիկ պետք է դատապարտեն Հայաստանի վարչակարգի այս չմտածված եւ վրեժխնդիր գործողությունը: Ներկայիս վարչակարգն ակնհայտորեն նպատակ է հետապնդում քայքայել իրենց քաղաքական հակառակորդների հաջողակ բիզնեսը, որպեսզի նրանց զրկի իրենց սեփականությունից: Ցավալի է, բայց սա ազգային խիստ արժեքավոր ռեսուրսի ոչնչացում է քաղաքական նկատառումներով: Դժբախտաբար Հայաստանը հեռու է համընդհանուր ժողովրդավարությունից»: