«Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խումբը հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս-2008» զեկույցը, որտեղ Հայաստանը մոտ է այն երկրներին, որոնք վերլուծաբանները համարում են ավտորիտար ռեժիմի երկրներ. դրանց շարքը սկսվում է 117-րդ հորիզոնականից, որտեղ Հայաստանը 113-րդ տեղում է: 167 երկրները դասակարգվում են ըստ 4 խմբերի` լիարժեք ժողովրդավարության երկրներ, փխրուն կամ ոչ հաստատուն ժողովրդավարության երկրներ, հիբրիդ ռեժիմի երկրներ, ավտորիտար ռեժիմի երկրներ: Անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանի նահանջն աննշան է. 2007թ. ցանկում Հայաստանը 110-րդն էր ու գտնվում էր նույն` հիբրիդ ռեժիմի երկրների խմբում: Իսկ 2008թ. ցանկում լիարժեք ժողովրդավարական է գնահատված 30 երկիր: Ըստ հետազոտության` աշխարհի բնակչության 14 տոկոսն է ապրում ժողովրդավարական լիարժեք սկզբունքներ ունեցող երկրներում: Ըստ «Էկոնոմիստի» վերլուծաբանների` աշխարհի բնակչության 34 տոկոսն ապրում է ավտորիտար ռեժիմ ունեցող 51 երկրներում: Ի դեպ, Վրաստանն այս տարվա ցուցակում 104-րդն է` Հայաստանի հետ նույն խմբում, իսկ Ադրբեջանն ավտորիտար երկրների շարքում 135-րդ տեղում: Նշենք, որ «Էկոնոմիստի» հետազոտական խումբը ժողովրդավարական ինդեքսը կազմում է 5 սկզբունքներով (ընտրական գործընթացներ եւ բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործառույթներ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ):