Գովելի է

02/11/2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում անցկացնելու Մոսկվայի նախաձեռնությունը «շատ գովելի է, քանի որ ՌԴ-ն որոշել է լրջորեն զբաղվել Կովկասի «սառեցված» հակամարտություններից մեկով»: «Արդեն գրավիչ է այն փաստը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու բավական ուժեղ, ազդեցիկ պետության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի ղեկավարի մասնակցությամբ»,- «Նովոստի Ադրբեջանին» ասել է Միրզազադեն: Ըստ նրա՝ Ռուսաստանը՝ որպես թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, կարող է ազդել ԼՂՀ հակամարտության լուծման վրա: «Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի պետությունների ղեկավարների հանդիպումը սովորաբար տեղի է ունենում տեւական լուրջ նախապատրաստությունից հետո, կարելի է սպասել, որ մոսկովյան հանդիպման ընթացքում կքննարկվեն լուրջ նախաձեռնություններ, ուշադրության արժանի հարցեր»,- ասել է նա` հավելելով, թե` ամեն դեպքում ցանկացած հանդիպում ռազմական գործողություններից ավելի լավ է: