Եթե նախկինում մեր իշխանավորներն ասում էին, որ տնտեսական ճգնաժամը մեզ վրա չի ազդի, հիմա այլ բան են ասում։ Մասնավորապես, դատելով մեր իշխանավորների խոսքերից, ճգնաժամը կարող է մեր տնտեսության վրա ազդել, բայցգ դրական իմաստով։
Նման միտք երեկ արտահայտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով այսօր աշխարհում նկատվող այն միտումների մասին, որ ստեղծված իրավիճակում բոլորը մտահոգված են իրենց միջոցներն ավելի կայուն տեղում ներդնելով, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այն տեղն է, որտեղ այսօր կարելի է վստահորեն ներդրումներ կատարել:
Մի պահ փորձենք հավատալ, որ մեր երկիրը կայունության կղզյակ է համաշխարհային անկայունության հորձանուտում։ Սակայն մի շատ մեծ հարց անպատասխան է մնում՝ ո՞ր ոլորտում ներդրումներ պիտի անեն։ Այն մարդիկ, ում մասին խոսում է
Տ. Սարգսյանը, սովոր են ներդրումներ անել արժեթղթերի շուկաներում, իսկ Հայաստանում արժեթղթերի շուկա պարզապես չկա։ Եթե խոսքը գնում է ուղղակի ներդրումների մասին՝ ինչ-որ բան զրոյից սկսելու, նոր բիզնես հիմնելու, ապա խնդիրներն այստեղ էլ շատ են՝ սկսած մեր աշխարհագրական դիրքից, հարեւանների հետ հարաբերություններից, վերջացրած՝ լայնամասշտաբ կոռուպցիայով ու հովանավորչությամբ։ Բացի այդ, բոլոր քիչ թե շատ լուրջ ոլորտներում ռուսներն արդեն ամեն ինչ իրենցով են արել, իրենց խոսքերով ասած՝ ներդրել։ Իսկ միգուցե վարչապետն օտարերկրյա ներդրողներին խորհուրդ է տալիս նոր էլիտար ու չէլիտար շենքեր սարքել Երեւանում, կամ գնել մի քանի բնակարան, ասենք, Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում։ Չէ՞ որ ներդրումներ անելու միակ տեղը Հայաստանում անշարժ գույքի շուկան է։ Դա էլ եղանակ է։ Ընդ որում՝ եթե բնակարաններ գնեն, օգուտ կտան տեղի «էլիտարաշինարար» մեծահարուստներին ու կակտիվացնեն անշարժ գույքի կիսամեռ շուկան, իսկ եթե որոշեն նոր շենքեր կառուցել, միգուցե շինարարության հաշվին տնտեսությունը մի 2 տարի էլ երկնիշ աճ արձանագրի։ Կարելի է նաեւ հաց ուտելու, պատիվ տալու տեղեր սարքել. դա էլ է բիզնես ու, բացի այդ՝ երկրի զարգացման կարեւոր ցուցանիշ։ Դե, մնացածը՝ սաունաներ, կազինոներ, բորդելներ եւ այլն, արդեն ըստ ճաշակի։
Պահանջարկ կլինի։ Այսպես թե այնպես՝ թե՛ էլիտար շենքերի, թե՛ պատիվ տալու տեղերի, թե՛ ժամանցի այլ վայրերի հիմնական սպառողները մի խումբ մարդիկ են, ոչ թե 3-միլիոնանոց բնակչությունը, որը գրեթե չի աճում։ Ի դեպ, բնակչության մասին խոսելիս մի հետաքրքիր հանգամանք նշենք։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակման համաձայն, 2008թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 231 հազար 900 մարդ։ Մինչդեռ, Համաշխարհային բանկի տվյալներով, որի հետ մեր իշխանությունները սիրում են խորհրդակցել ու համագործակցել, մեր երկրի բնակչությունը 3 միլիոն 10 հազար մարդ է։ Համոզվելու համար կարող եք այցելել http://www.worldbank.org.am կայքը։ Իհարկե, այնտեղ նշված է՝ 2006թ. դրությամբ, սակայն պատկերը դրանից չի փոխվում, որովհետեւ ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման համաձայն, 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 219 հազար 400 մարդ։ Փաստորեն, եթե հավատանք Համաշխարհային բանկին, որն այս ցուցանիշը հրապարակում է տարբեր աղբյուրների համեմատության հիման վրա, ԱՎԾ-ն 200 հազարով ուռճացրել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը։ Իսկ դա, այսինքն՝ ուռճացումը, իշխանությունների համար լա՞վ է, թե՞ վատ։ Ընտրությունների ժամանակ, իհարկե, լավ է՝ թիվ նկարելու լրացուցիչ ռեսուրս է։ Սակայն վատ կողմեր էլ ունի։ Օրինակ, գլուխ գովալու շանսերը փոքրացնում է։ Ինչպես գիտեք, ցանկացած երկրի տնտեսական մակարդակը գնահատելու հարցում կարեւոր ցուցանիշ է հանդիսանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն։ Որքան մեծ՝ այնքան լավ։ Իսկ բնակչության թիվը որքան մեծ է, այնքան փոքր է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը։ Տեսեք, ԱՎԾ-ի համաձայն, 2007 թվականի ՀՆԱ-ն կազմել է մոտ 9.23 միլիարդ դոլար։ Եթե հիմք ընդունենք ԱՎԾ-ի՝ բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ 3.2 միլիոնը, ապա ստացվում է, որ մեկ շնչին բաժին է ընկնում 2884 դոլար։ Իսկ եթե որպես հիմք վերցնում ենք, որ Հայաստանում բնակվում են 3 միլիոն հոգի, ապա այդ ցուցանիշը կազմում է 3076 դոլար։
Միգուցե հարցնեք՝ ինչո՞ւ այսքան երկար կանգ առանք այս ցուցանիշի վրա։ Որովհետեւ մեր իշխանավորներն էլ են սիրում այդ ցուցանիշով խոսել։ Օրինակ, 2 օր առաջ հայրենի կառավարության կողմից հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» արդյունքների մասին խոսելիս՝ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է. «Ծրագրի ընթացքում նախատեսվում են ՀՆԱ-ի աճի այնպիսի տեմպեր, որոնք կհասցնեն ՀՆԱ-ն մեկ շնչին արդեն 2012 թվականին մինչեւ 5.8 հազար դոլարին համարժեք դրամ, 2015թ.՝ 7,7 հազար դոլարին համարժեք դրամ, եւ 2021թ. մենք կունենանք արդեն բավականին լուրջ մակարդակ՝ 12,6 հազար դոլարին համարժեք դրամ»:
Միանգամից ասենք, որ այս թվերին կարելի է հավատալ գոնե երկու պատճառով։ Նախ, ոչ մի լուրջ պատճառ չկա պնդելու համար, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունն ավելի արագ կաճի, քան ՀՆԱ-ն։ Եվ երկրորդ՝ ցուցանիշի ապահովման հարցում կարող է մեծ դեր խաղալ դոլար-դրամ փոխարժեքը։ Այսինքն, ցանկության դեպքում կարելի է մեկ տարում կրկնապատկել Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, եթե «շուկայական մեխանիզմներով» դոլարի գինն իջնի 300-ից մինչեւ 150 դրամ։
Այլ հարց է՝ թե իրականում ի՞նչ արժեք, ի՞նչ գնողունակություն կունենա, ասենք, 5800 դոլարը 2012 թվականին։ Չէ՞ որ դոլարով արտահայտված գները Հայաստանում այնպես են աճել, որ 3 տարի առաջվա 1000 դոլարն այսօրվա 500 դոլարի չափ գնողունակություն էլ չունի։ Իսկ այս տարի արդեն 12-ամսյա գնաճի ցուցանիշը մոտենում է 10%-ին։ Եվ այս ամենը հաշվի առնելով, նախարարի մյուս կանխատեսումները՝ թե 2021 թվականին կունենանք ընդամենը 7% աղքատություն, փոքր-ինչ անհավատալի են հնչում։
Ի դեպ, լրագրողի հարցին, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը գոնե առաջիկա տարիներին չի՞ խոչընդոտի ծրագրի իրականացմանը, նախարարը պատասխանել է. «Կարծում եմ, որ այն իրադարձություններում, որ հիմա տեղի են ունենում համաշխարհային տնտեսության մեջ, ֆինանսական եւ տնտեսական համակարգում, Հայաստանի տնտեսությունը զարգացման այս փուլում համեմատաբար քիչ է ընդգրկված, մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական համակարգում: Դա է պատճառներից մեկը, որ մենք գրեթե չենք զգում այդ ցնցումների ազդեցությունը»։
Ստացվում է, ըստ նախարարի, մենք «բաբաթին» մեկուսացած ենք համաշխարհային ֆինանսական համակարգից, ու միեւնույն ժամանակ՝ ըստ Տ. Դավթյանի շեֆի՝ Տիգրան Սարգսյանի, դառնալու ենք աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը։ Չնայած, կառավարությունում բոլորն են լավատես՝ ասում են. «Որպես թիրախ՝ մենք ընտրել ենք եվրոպական, արեւելաեվրոպական եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների տնտեսական զարգացման մակարդակը»։ Չնայած լավատեսությունը երեւի արդարացված է. մինչ եվրոպական երկրները ֆինանսական ճգնաժամի արդյունքում տեղում կդոփեն կամ ետ կգնան, մենք կամաց-կամաց կհասնենք նրանց։ Առավելեւս, եթե «կայուն տեղում» ներդրումներ անել ցանկացող օտարերկրացիներ գտնվեն։