«Քաղաքի կենտրոնում միայն փողատերերն են ապրելու»

26/06/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչներ Ռուբեն Ղարիբյանը, նրա տիկին Վալյա
Հարությունյանն ու նրանց դուստրը արդեն մեկ շաբաթ է հացադուլի միջոցով
փորձում են արդարության հասնել: Այս ընտանիքն իր ունեցած գույքը տեղափոխել
է նույն հասցեի՝ իրենց նախկին տան տարածքում կառուցվող էլիտար շենքի բակ,
որտեղ էլ արդեն քանի օր գիշերում է: Պարբերաբար այցելելով նրանց, ականատես
եղանք, թե ինչպես է հաշմանդամ Ռ. Ղարիբյանը օրուգիշեր նստած բակում,
նույնիսկ այս օրերին տեղացած առատ անձրեւների ժամանակ: Ռ. Ղարիբյանը, լացը
կոկորդում սեղմած, ասում է, որ այնքան կմնա փողոցում, մինչեւ կվերադարձնեն
իր նախկին բնակարանը կամ էլ հենց իր տան բակում կմեռնի: Բանն այն է, որ
Ղարիբյանի բնակարանի ձեռքբերման գործընթացը կազմակերպել է
«Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Սահակյանը՝ տանտիրոջը խոստանալով
տարածքում էլիտար շենք կառուցելու դեպքում նույն շենքում բնակարան
հատկացնել: Հետագայում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն տարածքը վաճառել է Միխայիլ
Բաղդասարովին, նա էլ ներկայումս կառուցվող էլիտար շենքի սեփականատերն է:
Ռ. Ղարիբյանի հավաստմամբ՝ հնարավոր է, Բաղդասարովը տեղյակ էլ չէ, որ իրեն
վաճառել են անօրինական տարածք, ավելին, տանտերերը դեռեւս գրանցումից դուրս
չեն եկել եւ այդ տարածքն իրենց անունով է գրանցված: Մեջբերելով
«Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Սահակյանի եւ Ռ. Ղարիբյանի միջեւ
կնքված առուվաճառքի նախնական պայմանագրից՝ նշենք, որ արձանագրված է
հետեւյալը. «24 ամսվա ընթացքում վճարել Ռ. Ղարիբյանի վարձով ապրելու
բնակարանի արժեքը յուրաքանչյուր ամսվա համար 100 ԱՄՆ դոլարին համարժեք
դրամով: Երաշխավորվում է Ռ. Ղարիբյանին 2 տարվա ընթացքում տրամադրել 100
քմ ընդհանուր մակերեսով բնակարան նոր կառուցվող բազմաբնակարան շենքի
առաջին բնակելի հարկում, բնակարանը կհանձնվի Ռ. Ղարիբյանին մաքուր
վերանորոգված: Տան նկատմամբ կողմ 1-ի, այսինքն՝ «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի
սեփականության իրավունքը ծագում է հիմնական պայմանագրով դրանց նկատմամբ
իրավունքները Անշարժ գույքի կադաստրի լիազորված մարմնում գրանցելու
օրվանից»: Մինչդեռ հիշեցնենք, որ Ռ. Ղարիբյանի խոսքերով՝ Կադաստրի պետական
կոմիտեում տարածքի սեփականատեր է հանդիսանում հենց ինքը՝ Ռ. Ղարիբյանը, եւ
ստացվում է, Միխայիլ Բաղդասարովին վաճառած տարածքն իրականում ապօրինի
տարածք է:
Ռ. Ղարիբյանը նաեւ հավաստիացնում է, որ «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի տնօրենը
պայմանագրի կետերը չի կատարել, որովհետեւ որոշակի ժամանակահատված վճարելով
վարձակալած բնակարանի վարձն՝ այլեւս դադարել է այդ գումարը տրամադրել: Ըստ
նրա, ֆիրմայի ներկայացուցիչները կեղծ լուրեր են տարածում, իբրեւ
տանտերերին վճարել են 10.000 դոլար գումար, այն դեպքում, երբ ոչ մի գումար
չեն տվել: Մինչեւ վերջերս Ռ. Ղարիբյանի ընտանիքը վարձով ապրում էր
Շենգավիթ համայնքում, սակայն հիմա, քանի որ ի վիճակի չեն վարձավճարն
ապահովել, նրանց վարձակալած բնակարանից դուրս են հանում: Վերջիններս հիմա
բառացիորեն փողոցում են ապրում, իրենց նախկին տան բակում, ուր եւ
տեղափոխել են ունեցած գույքը: «Քաղաքի կենտրոնում միայն հարուստ
փողատերերն են ապրելու, դուք ո՞վ եք, որ ուզում եք 100 քմ բնակելի
տարածություն ունենալ քաղաքի կենտրոնում,- ասել են «Եվրոստրոյսերվիսի»
ներկայացուցիչները: -Եթե դու հաշմանդամ չլինեիր՝ մենք քեզ կսատկացնեինք,
մի՛ մոռացիր, որ մեր թիկունքում կանգնած են ղարաբաղցի ղեկավարներ, մեր դեմ
խաղ չկա»: Իսկ երբ հաշմանդամների ընտանիքն ասել է, որ դիմելու է դատարան,
նրանց սպառնացել են՝ «Քաշովդ մեկ փող կտանք, տակից դուրս կգանք»: Թե՛
Առաջին ատյանի եւ թե՛ Վճռաբեկ դատարանները դատական վճիռը կայացրել են
«Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի օգտին: Հավելենք, որ հացադուլ հայտարարած
անօթեւան հաշմանդամներին պարբերաբար քարշ են տալիս ոստիկանություն՝
պատճառաբանելով, թե նրանք խանգարում են էլիտար շենքի շինարարությանը: Ռ.
Ղարիբյանի խոսքերով՝ դա «Եվրոստրոյսերվիսի» հրահանգների արդյունքն է, իսկ
ֆիրմայի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ պտտվում են
հացադուլավորների մոտ, ամենայն հավանականությամբ, գործը կոծկելու հնարավոր
տարբերակներ մտմտալով: