Երբ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնեցին Մաքսային պետական ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանը թալանելու մասին լուրը՝ նշելով, որ հանցագործները, տունը թալանելուց բացի՝ կպչուն ժապավենով կապել են ընտանիքի անդամներին, անգամ երեխաներին, հետո խոշտանգել, բնականաբար, առաջին ռեակցիան զայրույթն էր՝ ինչպե՞ս կարելի է կողոպտել մեկ ուրիշի բնակարանը, այն էլ՝ նման դաժանությամբ: Երբ լրատվամիջոցները տպագրեցին նաեւ պարոն Ավետիսյանի «բնակարանի» լուսանկարը, որն իր ճարտարապետական լուծումներով եւ խոշորությամբ ավելի շուտ հիշեցնում էր հանրապետության նախագահի նստավայրը, լուրից բացասական նստվածք թողեց միայն այն, որ կողոպտիչները վախեցրել ու վնասել էին Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին: Եվ այն, որ շատերն Արմեն Ավետիսյանի առանձնատան կողոպուտի լուրը լսելով կարող էին շշնջալ՝ արժանի էր, ամենեւին չարությունից չէգ
Սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը խնդիր են, թերեւս, բոլոր հասարակությունների համար: Սակայն մեր երկրի սպեցիֆիկան այն է, որ, որպես կանոն, տգիտությամբ ու չտեսությամբ պայմանավորված ճոխ կյանքով հիմնականում ապրում են պետական չինովնիկները, երկրի ղեկավարները, ում աշխատավարձի չափը կոնկրետ ֆիքսված է օրենքով եւ, այդպիսով, հայտնի հասարակությանը:
Պետական բարձրաստիճան ծառայության անցնելու ցանկությունը պայմանավորված է նախեւառաջ աշխատանքի եկամտաբերությամբ: Եվ, ամենայն հավանականությամբ, խոսքը լուրջ գումարների մասին է, հակառակ դեպքում, ինչպես տեսանք վերջին շաբաթվա ընթացքում, հանրապետության մի շարք քաղաքներում քաղաքապետերի ընտրությունները չէին ուղեկցվի արյունահեղությամբ ու մարդասպանությամբ:
Դատելով այն բանից, թե իրականության եւ ժամանակի մեջ չտեղավորվող ինչ կարգի թեկնածուների է պաշտպանում իշխող կուսակցությունը, ակնհայտ է, որ քաղաքապետի պաշտոնը, քաղաքական համարվելուց բացի՝ նաեւ խիստ եկամտաբեր է երկրի առաջին դեմքերի համար: Հակառակ դեպքում՝ իշխող կուսակցությունը, որի նախագահը նաեւ հանրապետության նախագահն է, անհարմար կզգար խոստովանել, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում սեփական կուսակցության միակ արժանավոր թեկնածուն ոչ այլ ոք է, եթե ոչ Վարդան Ղուկասյանը: Ի դեպ, վերջինս եւ նրա ոչ այնքան դաստիարակված որդին ու զարմիկները հայտնի են իրենց անվայել վարքով ու դեբոշներով, որոնցից մեկի ժամանակ անգամ տասներկուամյա մի երեխա անհայտացավ, հետո նրա այրված մարմինը գտան քաղաքի ծայրամասի տներից մեկում: Վարդան Ղուկասյանի զավակն, ինչպես տեսանք այս ընտրություններում, ողջ եւ անվնաս է այնքան, որ մարդկանց խմբերով բաց քվեարկության էր ուղեկցում: Պաշտպանել նման թեկնածուի, նշանակում է՝ չհարգել սեփական հասարակությանը: Եվ ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը մինչեւ իր երկարատեւ եւ, վստահ ենք, երջանիկ կյանքի ավարտը (եթե իշխող կուսակցությունը շարունակի լինել ՀՀԿ-ն) կմնա Գյումրիի անփոփոխ քաղաքապետը: Թե ինչպես անցան հանրապետության մյուս քաղաքապետերի ընտրությունները` հայտնի է բոլորին: Մասնավորապես, Ստեփանավանի քաղաքապետը, իր «Դրախտ» խոսուն անվանումով ռեստորանում հարձակման է ենթարկվում, դանակահարվում՝ հընթացս իր ատրճանակով կրակելով եւ վիրավորելով իր վրա հարձակված չորս քաղաքացիներին:
Քրեական քրոնիկան անցած շաբաթ բավական առատ էր հասարակական հնչեղության իրադարձություններով: Մեր նախորդ հրապարակումներում նկատել էինք, որ իրավապահների կողմնակալ, ոչ գրագետ աշխատանքի պատճառով շատ հանցագործություններ մնում են չբացահայտված, ինչը հնարավոր է դարձնում ինքնադատաստանի, վրեժի հողի վրա կատարված պատասխան սպանությունները: Որսորդների միության նախագահի չբացահայտված սպանությունը պատճառ դարձավ նրա եղբորորդու կողմից կատարված ինքնադատաստանի: Եվ Գլխավոր դատախազության արձագանքը չուշացավ. այնտեղից զարմացած արձանագրեցին, թե ինչպե՞ս կարելի է վենդետա կիրառել 21-րդ դարում: Մինչդեռ պարզվեց, որ Որսորդմիության նախագահին սպանողի անձը իրավապահներին քաջ հայտնի է եղել: Բարեխիղճ աշխատելու դեպքում հանցագործը կձերբակալվեր, եւ երիտասարդ մի մարդ չէր դառնա մարդասպան:
Թեեւ Սերժ Սարգսյանի եղբորորդու երեսն ընթերցողները մամուլում չեն հանդիպում, փոխարենը՝ որդու կատարած բոլոր սրիկայությունների համար թերթերի առաջին էջերում է հայտնվում հայրը` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Դա գուցե թույլ, բայց, ինչ-որ առումով, որոշակի ինֆորմացիա տալիս է, թե ինչու է զավակն այդքան ինքնավստահ: Սակայն խնդիրն ամենեւին այն չէ` պատասխանատո՞ւ են հայրերն իրենց զավակների հանցանքների համար կամ հակառակը, այլ այն, որ ՀՀ նախագահի եղբորորդին, վնասելով մեկ այլ երիտասարդի տեսողությունը, հերթական անգամ կմնա անպատիժ: Նախագահն իր զարմիկին վեր է դասում օրենքից` ստորադասելով արդարությունն ու հասարակական կարծիքը, բարձրաստիճան մյուս ղեկավարները, ովքեր խոնարհ հայացքով սիրում են խոսել բարեպաշտությունից ու արդարությունից, տեսնելով բոլորի համար նվաստացուցիչ ու երկրի համար կործանարար անարդարությունը, քաջություն չունեն պահանջել, որ երկրի իշխանությունների վարկը գոնե մասամբ փրկելու համար արդարադատությունն աշխատի, հանցագործը, եթե անգամ երկրի նախագահի զարմիկն է, պատժվի, իսկ քաղաքական հայացքների համար ամիսներով անազատության մեջ գտնվող մարդիկ ազատ արձակվեն: Իսկ ինչպես հայտնի գրքում Յեշուան է ասում` վախկոտությունն ամենամեծ արատն է: