Երեկ վերջապես բացվեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, որը գնելիս կառույցի արդեն ներկա սեփականատեր, ռուսական «ԲԱՄՕ» ընկերությունը պարտավորվել է պահպանել համալիրի անվանումը: «ԲԱՄՕ»-ի հայազգի սեփականատերերը (իհարկե, որոշ տեղեկություններով` նրանց հետեւում կանգնած է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը) պարտավորվել են պահպանել նաեւ համալիրի գործունեության ուղղվածությունը:
Համալիրի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, հյուրեր մշակույթի ոլորտից ու նաեւ համալիրի կառուցման գործում ամենամեծ դերակատարությունն ունեցած Կարեն Դեմիրճյանի ընտանիքը: «ԲԱՄՕ»-ի սեփականատեր Մուրադ Մուրադյանը նախ հայտարարեց, որ համալիրի վերակառուցման համար ծախսել է մոտ 42 մլն դոլար: Կառուցվել է սահադաշտ, կոնֆերանսների մեծ դահլիճ, տեղադրվել են ջեռուցման, հակահրդեհային, օդափոխման, անվտանգության ու կապի, ձայնային եւ լուսային համակարգեր: Աշխատանքների ներկայացման` պարոն Մուրադյանի այս ելույթը հնչեց համալիրի բակում: Սակայն ելույթի տպավորության տակ ներս մտնելիս անմիջապես աչքի զարնեց, որ ամեն ինչ չէ, որ փոխված է: Հատկապես՝ համերգային դահլիճում, նույնիսկ նստարաններն ու հատակի գորգը մնացել էին նույնը: Աթոռները, բնականաբար, երկար տարիներ օգտագործվելուց հետո կեղտոտվել էին: Հնամաշ տեսք ուներ նաեւ հատակի գորգը: Նույնն էին նաեւ պատերը: Այդ փաստը գրավեց նաեւ Դեմիրճյանների ուշադրությունը: Ստեփան եւ Ռիմա Դեմիրճյանները զարմացած նայում էին, թե ինչպես է «ամբողջությամբ վերանորոգվել» իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մարզահամերգային համալիրը: Զարմացած էին նաեւ մյուս հյուրերը: Իսկ համալիրի աշխատողներից մեկը` նկատելով այդ տարակուսանքը, իր հերթին դժգոհեց. «Մենք մեղավոր չենք, որ գորգը փոխված չէ, մենք չենք հասցրել փոխել: Վերանորոգումն ամբողջությամբ ավարտված չէ»: Այդ դեպքում ինչո՞ւ էին շտապել ու վերանորոգումը չավարտած` բացման արարողություն կազմակերպել: «Դա մեզ մի հարցրեք, դա ձեր նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեք: Մեզ վերեւից զանգել ու շտապեցրել են, որ բացումը շուտ անենք: Մենք էլ անում ենք»,- հարցին ի պատասխան՝ ասաց մեր զրուցակից տիկինը` խնդրելով այս խոսքերից հետո չհրապարակել իր անունը:
Իսկ ներսում իսկապես նոր էին միայն սահադաշտն ու կոնֆերանսների դահլիճը, նաեւ տեխնիկական համակարգերը: Նույն տիկինը մեզ տեղեկացրեց, որ աթոռներն, այնուամենայնիվ, չեն փոխվելու: «Հիմնական կոնստրուկցիաները չեն փոխվել, ներքին սալահատակների 80 տոկոսը չի փոխվել, բայց փոխել ենք 16.000 քմ սալահատակ»,- ասաց Մ. Մուրադյանը եւ տեղեկացրեց, որ միայն համերգային դահլիճի վարձակալության 1 օրվա գումարը լինելու է մոտ 10 մլն դրամ: Մեղմ ասած, տարօրինակ թվաց, որ հիմնականում սահադաշտի, կոնֆերանսների դահլիճի, տեխնիկական համակարգերի կառուցման ու կոսմետիկ, ոչ ամբողջական վերանորոգման համար սեփականատերերը ծախսել են 42 մլն դոլար: Համալիրի ներսում կատարված աշխատանքին ծանոթանալիս դժվար էր չմտածել, որ ներկայացվող ներդրումներն ուռճացված են: Ս.Դեմիրճյանը հիշեց, որ համալիրը կառուցվել էր խորհրդային 30 մլն ռուբլով: Իսկ այն ժամանակ խորհրդային ռուբլին դոլարից թանկ էր: Հիշեցնենք նաեւ, որ 2005թ. «ԲԱՄՕ» ընկերությունը Մարզահամերգային համալիրի համար Հայաստանի կառավարությանը վճարել է ընդամենը 5 մլն 600.000 դոլար:
«Կարեն Դեմիրճյանն այս համալիրը կառուցելիս ներդրել է իր հնարավորությունները, իր ուժը, ամենակարեւորը` ներդրել է իր ոգին ու սիրտը: Այս համալիրի հետ կապված՝ նա ապրել է եւ՛ շատ մեծ ողբերգություն, եւ՛ շատ մեծ ուրախության պահեր: Կարելի է ասել, որ Կ.Դեմիրճյանը 2 անգամ է կառուցել ու բացել համալիրը: Համալիրն ի սկզբանե կայացվել է որպես համաժողովրդական կառույց եւ ի սկզբանե իր վրա կրել է ժողովրդին ծառայելու մեծ առաքելություն: Հուսով եմ, որ դա կշարունակվի: Անհրաժեշտ է, որ նոր սեփականատերերն իրենցից կախված ամեն ինչ անեն, որ այդ առաքելությունը պահպանվի»,- ասաց Ռիմա Դեմիրճյանը:
Առիթից օգտվելով` փորձեցինք Մուրադ Մուրադյանից տեղեկանալ, թե ե՞րբ է կատարելու խոստացած մյուս ներդրումները: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ նախագահ Ս. Սարգսյանը սփյուռքահայերին հրապարակավ կոչ արեց ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, մի քանի մեծահարուստ հայերից հետ չընկնելով՝ պարոն Մուրադյանն էլ խոստացավ 120 մլն դոլար ներդնել Հայաստանում: Մեր հարցին ի պատասխան, երեկ Մ. Մուրադյանն ասաց, որ դեռ ծրագիր է մշակում, ցանկություն ունի շինարարության ոլորտում ներդրումներ կատարել եւ այդ մասին կհայտարարի մի քանի ամիս հետո: Իսկ ինչո՞ւ է պարոն Մուրադյանը հատկապես շինարարության ոլորտում ցանկանում ներդրումներ անել: Արդյո՞ք այն պատճառով, որ Հայաստանում լայն իմաստով միայն այդ ոլորտն է զարգանում, եւ միայն այդ ոլորտից է հնարավոր ոչ միայն ետ բերել ներդրած գումարները, այլեւ հսկայական շահույթներ ստանալ: «Ո՛չ, քաղաքաշինության ոլորտում ենք ներդնելու, որովհետեւ մենք շինարար ենք»,- պատասխանեց Մ.Մուրադյանը:
Իսկ ինչո՞ւ ներդրումներ չեն կատարում արտադրության ոլորտում: «Գիտե՞ք, մենք Մարտունիում փայտի գործարան ունենք, որը չի աշխատում, որովհետեւ փայտի ներծմուծման խնդիր կա: Հետագայում հնարավոր է առաջանան նոր ճանապարհներ, երկաթգիծ, արտադրությունն էլ հարմար կլինի կազմակերպել»,- ասաց Մ.Մուրադյանը:
«ԲԱՄՕ»-ի սեփականատերը դժգոհեց, որ վերջին մի քանի տարիներին մեր երկրում դոլարը գրեթե 50 տոկոսով արժեզրկվել է: «Դա արտահանմանը ձեռք չի տալիս, դա մեծ խնդիր է: Իսկ մեր երկրում մեր բախտը բերել է, որ դրսից փող գալիս է առայժմ եւ ապահովում է մեր տնտեսության շրջանառությունը: Մեր տնտեսությունը որոշ չափով սկսում է աշխատել: Այսինքն՝ եկած փողով մենք գնում ենք դրսից եկած ապրանքներ: Դրա համար էլ տնտեսության մեջ արտահանման ու ներկրման այդպիսի մեծ տարբերություն կա»,- ասում է Մ.Մուրադյանն ու ավելացնում, որ շինարարության վրա էլ ազդել է միջազգային ֆինանսական ճգնաժամը: «Շինարարություն են անում, բնակարան են կառուցում, իսկ բանկերից հիպոթեքային վարկ են վերցնում, որ բնակարան գնեն: Եթե բանկերում փողը քիչ է, բնականաբար, բնակարան չեն առնի, եւ դա կառուցապատողների համար խնդիրներ կառաջացնի: Բայց գոնե շինարարության ոլորտում մենք տեսնում ենք, որ ինչ-որ փոքրիկ տնտեսություն կա»,- ասաց Մ.Մուրադյանը: