Դեղատոմսով բաց թողնվող դեղ է

26/06/2005 Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Դեղերը գովազդվում են օրենքի
խախտումներով» վերնագրով հոդվածում գրել էինք, որ Հայաստանում զանգվածային
լրատվության միջոցներով (ԶԼՄ) դեղերը գովազդվում են դեղերի եւ գովազդի
մասին օրենքների խախտումներով, այսինքն, գովազդվում են հիմնականում
դեղատոմսով բաց թողնվող դեղեր: Հոդվածում բերված օրինակներից էր
«Ռուսսկոյե ռադիո»-ով հնչող «Սիալիս» դեղի գովազդը: Այդ կապակցությամբ
«Էլայ Լիլլի» ամերիկյան դեղագործական ընկերակցության տարածաշրջանային
մասնաճյուղի տնօրինությունը պահանջել է հերքում: Մեջբերում ենք նրանց
նամակը. «Նախ՝ ինչպես եւ նշել է հոդվածագիրը, ՀՀ-ում գովազդվելու իրավունք
ունեն ըստ գործող օրենսդրության միայն առանց դեղատոմսերի բաց թողնվող
դեղերի ցանկում ընդգրկված դեղերը: Տեղեկացնում ենք, որ Սիալիսը մտնում է
այդ ցանկի մեջ (ինչը պետք է ճշտեր հոդվածագիրը մինչեւ նման բան տպագրելը)
եւ հետեւաբար կարող է գովազդվել: Բացի այդ, անընդունելի է այն հանգամանքը,
որ Սիալիս դեղին վերագրվել են անցանկալի հատկություններ, որոնցից այն զերծ
է: Հատկապես վերջին հանգամանքը խիստ վրդովել է Էլայ Լիլլի ընկերության
ներկայացուցչությանը, քանզի նման բարձրարդյունավետ դեղի հեղինակությանը
վնաս հասցնելու փորձեր է կատարվում առանց անհրաժեշտ եւ ապացուցող
փաստարկների առկայության»:
Այս նամակով «Էլայ Լիլլիի» տնօրինությունը պահանջում է հերքում տպագրել:
Տպագրելով նրանց նամակը, մենք եւս մեկ անգամ պարզեցինք, որ մեր
հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը ճշգրիտ է: Կրկին
հիմնավորենք մեր փաստարկը:
2005-ի ապրիլի 27-ի առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի N408-Ն
հրամանով հաստատված «Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկում»
«Սիալիս» դեղն ընդգրկված չէ: Հետեւաբար, տվյալ դեղի գովազդն արգելվում է
1998թ. ընդունված «Դեղերի մասին» օրենքի 11-րդ հոդվածով: Վերջինը
սահմանում է. «Արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի գովազդը
ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերով, հանդեսներով, ցուցանակներով,
ազդագրերով, լուսային եւ գովազդային այլ ձեւերով»:
Ավելին, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի
տեղակալ Ալբերտ Սահակյանից տեղեկացանք, որ «Սիալիս»-ը գրանցվել է որպես
դեղատոմսով բաց թողնվող դեղ:
«Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Սիալիս»-ը դեղատոմսով բաց թողնվող դեղ
է, եւ այդ դեղի գովազդը օրենքի կոպիտ խախտում է: Ի դեպ, «Սիալիսը»
պարունակում է Տադալաֆիլ կոչվող ակտիվ նյութը, որը նույնպես դեղատոմսով
բաց թողնվող նյութ է»,- մեզ տեղեկացրեց Հայկական դեղագործական ասոցիացիայի
խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես
Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է դեղի բացասական ազդեցությանը, Հայկական դեղագործական
ասոցիացիայի խորհրդի անդամ Հովհաննես Մարտիրոսյանը պնդում է, որ այն վատ
ազդեցություն է թողնում հիպերտոնիկ եւ շաքարային դիաբետով հիվանդների,
սիրտանոթային հիվանդությամբ մարդկանց առողջության վրա: Հաշվի առնելով այն
հանգամանքը, որ ներկայումս սիրտանոթային հիվանդությունները եւ հիպերտոնիան
տարածված են հատկապես 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, ապա դեղի
ընդունումն իր բացասական հետեւանքներն անպայման կթողնի: