«ԵԽ ԽՎ բանաձեւում ամրագրված են հստակ պահանջներ եւ սպասելիքներ Հայաստանից: Հայաստանին վերջնաժամկետ է տրված իրագործելու պահանջները` հետաքննության եւ օրենսդրական բարեփոխումների առումով: ԵԽ ԽՎ-ն (հունվարին) կանդրադառնա Հայաստանի վիճակին, եւ ես հուսով եմ, որ կառույցը հնարավորություն կունենա դրական գնահատական տալու բանաձեւի իրագործմանը, եւ Հայաստանը խնդիր չի ունենա»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է ԵԽ ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորանը` հավելելով, թե մարտիմեկյան ողբերգական դեպքերը ցնցում էին Հայաստանի, հայ ժողովրդի եւ ընդհանուր առմամբ ՀՀ-ի` Եվրոպայում զբաղեցրած դիրքի համար: «Իհարկե, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդպիսի ողբերգական դեպքեր կլինեն ՀՀում, եւ այսօր խիստ կարեւոր է պարզել` ինչ է տեղի ունեցել այս տարվա մարտի 1-2-ին»,- ասել է նա: Անազատության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան, նա ասել է. «Դա այն հարցերից մեկն է, որ քննարկվում է ներկայումս: Իհարկե, գուցե կան որոշ պատճառներ ոմանց բանտերում պահելու համար, բայց մեզ հիմա անհրաժեշտ է պատշաճ դատաքննություն եւ արդար դատավարություն»: Ըստ նրա` քանի դեռ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, եւ անգամ չի մեղադրվում 10 զոհերի սպանության համար, ԵԽ ԽՎ-ն կարիք ունի վստահելի հետաքննության` պարզելու` ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին, եւ ովքեր են պատասխանատուները: