Մեղադրանք են առաջադրել

02/11/2008

Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» ռեստորանում անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանության մարզային քննչական բաժինը երեկ մեղադրանք է առաջադրել Արմեն Գրիգորյանին Քրօր. 34-104/2 հոդվածների` սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Նույն օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրիգորյանը, սակայն, դեռեւս հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 21-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքապետի եւ քաղաքի բնակիչներ Արմեն Գրիգորյանի, Արթուր Աղաջանյանի ու Արծրուն Հակոբյանի միջեւ: Վերջիններս, ըստ Դատախազության, իրենց վեց ընկերների հետ միասին ռեստորան էին գնացել՝ Աղաջանյանի կնոջը, ով նաեւ Գրիգորյանի քույրն է, աշխատանքից ազատելու վերաբերյալ Ղարաքեշիշյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Վիճաբանության ժամանակ Գրիգորյանը երկու անգամ դանակահարել է Ղարաքեշիշյանին՝ դեմքի եւ պարանոցի շրջանում նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հարձակումներից պաշտպանվելու նպատակով Ղարաքեշիշյանը կրակել է իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից, ինչի հետեւանքով Գրիգորյանը, Հակոբյանը եւ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ են ստացել: Միջադեպից հետո Ղարաքեշիշյանը, Գրիգորյանը, Աղաջանյանն ու Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով: