Երկու կարծիք

02/11/2008

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել ճշգրտումներ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ, ընդհուպ մինչեւ նոր տնտեսական ռազմավարություն մշակելը»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ էլ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թեեւ ներկայումս ցածր է, բայց ժամանակի ընթացքում ավելի նկատելի կդառնա:

Հայաստանի տնտեսության վրա եղած ազդեցություններից նա առանձնացրել է նաեւ Ռուս-վրացական պատերազմը եւ երկրի ներքաղաքական վիճակը:

Ըստ Բ. Ասատրյանի` պետական բյուջեն պետք է արտացոլի այն իրողությունները, որ կան Հայաստանում, ինչպես նաեւ՝ պետք է արձագանքի համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Նրա կարծիքով, պետությունը պետք է իրականացնի ծախսերի կրճատում եւ ձեւավորի պրոֆիցիտային բյուջե: Իսկ Ա. Մինասյանի կարծիքով, պետք է ուժեղացվի եկամտային քաղաքականությունը: