Փաստերը հանե՛ք պահոցներից

02/11/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, որոնք նրան «զեկուցեցին», թե ինչ փուլում են գտնվում իրենց աշխատանքները:

Հ. Աբրահամյանի հարցադրումը, թե պետական ո՞ր հաստատություններն են խոչընդոտում իրենց գործունեությունը` չտրամադրելով հանձնաժողովի պահանջած համապատասխան փաստաթղթերն ու նյութերը, այդպես էլ մնաց անպատասխան, քանի որ հանձնաժողովը նման որեւէ փաստ չուներ:

Փոխարենը՝ նրանք անընդհատ խնդրում էին Հ. Աբրահամյանին` աջակցել իրենց, որպեսզի ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չմերժեն հանձնաժողովի հրավերներն ու անհրաժեշտության դեպքում մասնակցեն նիստերին: Անհասկանալի էր, թե ինչո՞ւ էին հանձնաժողովի անդամներն այդ հարցում աջակցություն խնդրում Հ. Աբրահամյանից, երբ հանձնաժողովն իր գործունեության չորս ամիսների ընթացքում երբեւէ չի փորձել պաշտոնապես ներկա կամ նախկին որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հրավիրել:

Երեկվա նիստին ներկա մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիտարկումը, թե` նախ պետք է հրավիրել նրանց եւ հետո ասել, որ հրաժարվում են մասնակցել նիստերին, նույնպես մնաց անպատասխան: «Թող հանձնաժողովը հրավիրի, նրանց գալ-չգալն էլ ինչ-որ տեղ ինֆորմացիա է: Չեմ կարծում, թե պետք է սպասել, համոզվել, որ նրանք կգան` նոր հրավիրել այդ նախկին պաշտոնյաներին: Պետք է հրավիրել, չէ՞»,- ասաց Ա. Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դժգոհեց ԱԺ քաղաքական ուժերից, որոնք հանձնաժողովի ստեղծման օրվանից, ինչպես ինքն էր ասում, քաշվել են մի կողմ` բոլոր դժվարությունները թողնելով հանձնաժողովականների «ուսերին»: Այդ պատճառով, իրենք հաճախ «հայտնվում են անօգնական վիճակում»: «Բոլոր կողմերից՝ քննադատություն, բոլոր կողմերից՝ հարված, բոլոր կողմերից՝ բացասական վերաբերմունք, չկամություն եւ այլն, եւ այլն»,- թվարկեց Ս. Նիկոյանը` հավելելով, թե, անկախ ամեն ինչից, իրենք բոլոր հնարավորությունները ներդնելու են, քանի որ իրենց առջեւ դրված է «պետական եւ ազգային խնդիր»:

Ս. Նիկոյանը երեկ նաեւ հայտարարեց, որ հանձնաժողովն ունի իրենց «պատկերացրած» հնարավոր բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերին, ու արդեն պատրաստ են այդ իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտել: «Բայց քանի որ նախաձեռնվում էր փաստահավաք խմբի ստեղծումը, հանձնաժողովը նպատակահարմար գտավ ամեն դեպքում սպասել, որովհետեւ հնարավոր է` այդ խմբի գործունեության ընթացքում որեւէ փաստ ի հայտ գա: Եվ այն մտահոգությունը, որ կարող է մամուլի միջոցով հասարակության մոտ կարծիք ձեւավորվել, որ հանձնաժողովը դիտմամբ չի անդրադարձել այդ փաստին, հանձնաժողովը ձեռնպահ մնաց իր տեսակետները կամ միջանկյալ զեկույցը ներկայացնելուց»,- պատճառաբանեց նա` ավելացնելով, թե «Ազատության» հրապարակից դուրս, մասնավորապես՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած դեպքերն «առանձին օղակ են», որը նույնպես պետք է ուսումնասիրել: «Եթե մենք ունենք բոլոր բավարար փաստաթղթերը, որպեսզի գնահատական տանք «Ազատության» հրապարակում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Ոստիկանության գործողությունների իրավասության եւ համաչափության վերաբերյալ, ինչպես նաեւ գնահատենք ցուցարարների ու նրանց ղեկավարության վարքագիծը, ապա ես շատ եմ կարեւորում նաեւ Ոստիկանության գործողությունների գնահատականը` իրավասության եւ համաչափության տեսակետից, մյուս հարակից փողոցներում` մինչեւ Հանրապետության հրապարակ: Դրանք եւս պետք է գնահատել: Մենք բավականաչափ փաստեր ենք հավաքել նաեւ Ֆրանսիական հրապարակում (նկատի ունի դեսպանատան հարակից հրապարակը.- Լ.Ս.) տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Մենք բավականաչափ տեսանյութեր ունենք: Ցավոք, այդ տեսանյութերի 5 կամ մաքսիմում 10 տոկոսն է, որ հանձնաժողովը ստացել է պետական մարմիններից: Հիմնական նյութերը մենք ձեռք ենք բերել լրագրողների, մեր հարեւանների միջոցով»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա` այժմ հանձնաժողովի հիմնական խնդիրը մարտի 1-ին զոհված անձանց մահվան հանգամանքների ուսումնասիրությունն է, ինչի վերաբերյալ դեռեւս պատասխաններ չունի նաեւ նախաքննական մարմինը: «Ես սկզբում գտնում էի, որ դա վերաբերմունք է հանձնաժողովի հանդեպ, եւ դժգոհում էի դրանից: Բայց մեկ հարցում ես ծանոթացա այն տեխնոլոգիաներին, որով աշխատում է այդ փորձաքննական մարմինը, ես հասկացա, որ սպասելու ժամանակ ունենք»,- ասաց նա: Ս. Նիկոյանը նշեց, որ հաճախ պետական մարմնից ստացված պատասխանից հետո անհրաժեշտություն է լինում եւս երկու հարցով դիմել նրանց, ինչը, ըստ նրա` նշանակում է, որ «հարցի պատասխանը լիարժեք տրված չէ, որպեսզի հանձնաժողովը բավարարվի եւ անցնի հաջորդ հարցերին»: «Ստիպված մենք անդրադառնում ենք այդ պատասխանից առաջացած լրացուցիչ հարցերին»,- ասաց նա` դժգոհելով նաեւ, որ հաճախ իրենք պատասխանները ստանում են ոչ խելամիտ ժամկետներում: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն էլ Հ. Աբրահամյանին խնդրեց աջակցել, որպեսզի պետական մարմինների կողմից մարտի 1-ին կատարված նկարահանումները հանեն պահոցներից եւ փոխանցեն իրենց: «Ցավոք, մինչեւ այսօր մենք չենք կարողանում այդ տեսագրությունները ստանալ. տարբեր տեղեր պահված են ու տարբեր պատճառաբանությամբ այդ նյութերը հանձնաժողով չեն հասնում: Մենք ունենք բազմաթիվ վկայություններ, որ առգրավվել են նկարահանվող նյութեր: Պարզապես երեւի պետք է ձեր աջակցությունը, որպեսզի կարողանանք այդ պահոցներից հանել այդ նյութերը, որովհետեւ այդ նյութերը նաեւ որոշ դեպքում եթեր են հեռարձակվել, բայց որոշակի վերապահումներով ու նկատառումներով»,- ասաց նա` հավելելով, թե առանց այդ նյութերի իրենք չեն կարողանում հասկանալ, վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել: Հանձնաժողովի ՀՅԴ-ական ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց ոչ թե սպասել եւ նախաքննական խմբի աշխատանքների ավարտից հետո տեսակետ ներկայացնել, այլ` դատաքննությունների ընթացքում: Նա նաեւ առաջարկեց իրենց նիստերին հրավիրել մարտի 1-ին զոհված անձանց շրջապատում այդ պահին գտնվող մարդկանց, եւ առանց անունները հրապարակելու՝ լսել նրանց վկայությունները: «Այն մարդիկ, ովքեր մահացել են, նրանց շրջապատի մարդկանց լսելու մեխանիզմ պետք է առաջարկել, չի բացառվում` նաեւ գաղտնիության շրջանակում, որպեսզի կարողանանք ճշմարտությունն իմանալ: Շատ մարդիկ ուղղակի խուսափում են հանդիպելուց եւ իրենց տեսակետները ներկայացնելուց»,- ասաց Ա. Մինասյանը: ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանն էլ առաջարկեց, որպեսզի փակ նիստում իշխանություններն իրենց տրամադրեն այն նյութերը, որտեղ փաստեր կան, թե «սա ինչպիսի հեղափոխություն էր»: «Անընդհատ մամուլում գրում են` ամերիկյան հեղափոխություն, ինչ: Թող փաստեր գրեն` ինչպիսի հեղափոխություն էր, ոնց էր: Մենք պետք է փակ նիստերում ծանոթանանք այդ նյութերին, իշխանությունները մեզ պետք է տրամադրեն դա»,- ասաց նա` բացահայտորեն ցույց տալով, թե իրականում ինչ նպատակով է ինքն ընդգրկված այդ հանձնաժողովում: Եվ որպես դրա շարունակություն՝ ԱԺՄ ներկայացուցիչն առաջարկեց հանձնաժողովի նիստերին հրավիրել ոչ միայն ներկա եւ նախկին պաշտոնյաներին, այլեւ ԵԿՄ ներկայացուցիչների:

Հանձնաժողովականների աշխատանքային «խոչընդոտներին» ծանոթանալուց հետո, Հ. Աբրահամյանն ասաց, թե ինքն ուզում է, որպեսզի հանձնաժողովն արձանագրի, որ մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերն ամենաշատ բացասական ազդեցությունն ունեցել են իշխանությունների վրա: «Ես ուզում եմ նախ՝ մենք արձանագրենք, որ այս մարտի 1-2-ի դեպքերը, երեւի, բոլորդ կհամաձայնեք, եւ յուրաքանչյուր հասարակ քաղաքացի, որը քաղաքականությունից հեռու է, ինքն էլ կհավատա եւ կհաստատի, որ այդ դեպքերն ամենից շատ բացասական անդրադարձավ ՀՀ իշխանությունների վրա: Եվ արձանագրենք, որ ամենից շատ ձեռնտու չէր իշխանություններին, որ դա տեղի ունենա ՀՀ-ում: Արմատական ընդդիմությունը փորձում է դա ձեւակերպել եւ արձանագրել, որ դա իշխանությունների ցանկությունն էր, եւ իրենց սարքածն էր, որն, իմն կարծիքով, աբսուրդ է: Ուզում եմ ասել, որ շատ կարեւոր է մեր հանրությանը՝ իմանալ ճշմարտությունը, եւ ՀՀ նախագահից սկսած՝ բոլոր իշխանությունները` եւ՛ կառավարությունը, եւ՛ ԱԺ-ն, եւ՛ իրավապահ մարմինները ցանկանում են ճշմարտությունը վեր հանել եւ ներկայացնել հանրությանը: Դրա համար մենք պատրաստ ենք յուրաքանչյուր առաջարկ ընդունել»: Հ. Աբրահամյանը հայտարարեց նաեւ, թե ինքը բացառում է որեւէ պետական կառույցի այն գործելաոճը, որը «ցանկություն կդրսեւորի չտրամադրել որեւէ տեղեկատվություն» հանձնաժողովին: «Դա, իհարկե, դատապարտելի է, եւ ես պատրաստ եմ միջամտել եւ մինչեւ վերջ գնալ, որպեսզի յուրաքանչյուր տեղեկատվություն, որը կօգնի հանձնաժողովին ավելի արդյունավետ աշխատել` տրամադրվի»,- ասաց նա: Ի դեպ, Հ. Աբրահամյանի ասելով` ՀՀ ոստիկանապետն իրեն համոզել է, որ մինչ օրս հանձնաժողովից որեւէ մեկը չի դիմել իրենց ինչ-որ նյութ տրամադրելու համար, ինչն իրենք մերժած լինեն:

Հ. Գ. Նիստին ներկա մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ այսուհետ ինքը մասնակցելու է հանձնաժողովի նիստերին, քանի որ արդեն նախաձեռնվել է փաստահավաք խմբի ստեղծումը: Նա ընդդիմությանը կոչ արեց նույնպես մասնակցել այդ նիստերին. «Այս հարցը ոչ ընդդիմության մոնոպոլիան է, ոչ էլ` իշխանության: Բոլորի՛ս խնդիրն է, բոլորս միասնական իրար օգնելով պետք է այս խնդիրը լուծենք»: Ի դեպ, ըստ պաշտպանի` հանձնաժողովի հեղինակության վրա ազդել է ոչ այնքան ընդդիմության բոյկոտը, որքան պետական ինստիտուտների ոչ պատշաճ մասնակցությունը: «Դա կարող է մեզ մոտ դիտարկվել որպես քաղաքական կամքի դրսեւորում, որովհետեւ գիտեն, որ, օրինակ, ժապավենն այնտեղ է (մարտի 1-ին նկարահանված.- Լ.Ս.), բայց չեն տրամադրում»,- ասել է նա: