Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանը կրկին չի աշխատում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հոսանքազրկել է «Նաիրիտը»` ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով: «Նաիրիտի» լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանն այս լուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Ասաց, որ այդ հարցին պետք է տնօրենը պատասխանի: Իսկ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանն էլ, երկար ժամանակ է` Հայաստանում չէ: Նշենք նաեւ, որ բացի հոսանքի համար ունեցած պարտքերից` խոշոր գազօգտագործող «Նաիրիտն» ավանդաբար նաեւ օգտագործած գազի դիմաց պարտքեր ունեցող ընկերություն է:
Մեր տեղեկություններով, ընկերությունը դիմել է ՀԷՑ-ին` գոնե 10 օրով հոսանք մատակարարելու խնդրանքով: Գործարանում որոշ քանակի հումք կա կուտակած, եւ դա կփչանա, եթե ժամանակին չօգտագործվի:
Հիշեցնենք, որ 2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը վաճառվեց «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը: Վերջինս այդ գործարքը կատարելու համար իր բաժնեմասը գրավ դրեց ԱՊՀ Միջպետական բանկում, վերցրեց 70 մլն դոլար վարկ, որից 40 մլն-ը վճարեց «Նաիրիտի» համար: Մյուս 30 մլն դոլարի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: «Նաիրիտի» բաժնետոմսերի 10 տոկոսը մնաց ՀՀ կառավարությանը` ի դեմս էներգետիկայի նախարարության: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ Միջպետական բանկը 70 մլն դոլար վարկ է տվել, այսինքն՝ հենց այդքան է գնահատել «Նաիրիտ» գործարանը, սակայն հայրենի կառավարությունն այն վաճառել է ընդամենը 40 մլն դոլարով: Տեղեկացնենք, որ «Ռայնովիլը» Իռլանդիայում գրանցված կազմակերպություն է, սակայն կարծիք կա, որ այն իրականում պատկանում է ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: 2006թ. երբ «Ռայնովիլը» գնեց «Նաիրիտը», պարտավորվեց 5 տարիների ընթացքում կատարել 120 մլն դոլարի ներդրում: Պետք է իրականացվի արտադրության վերակառուցում եւ տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ՝ նոր օբյեկտների կառուցում: Մինչեւ 2008թ. հունվար գործարանը պետք է քլորոպրենային կաուչուկն արտադրեր բութադիենային եղանակով: Սակայն առայժմ գործարանը քլորոպրենային կաուչուկն արտադրում է ացետիլենի հիմքի վրա: Ըստ ծրագրի, մինչեւ այս տարվա հունվար գործարանի արտադրանքի տարեկան ծավալը պետք է հասներ 25.000 տոննայի: Արդյոք գործարանը կատարե՞լ է այս պարտավորվածությունները: Մեր տեղեկություններով` ոչ: «Նաիրիտը» նաեւ պետք է բարձրորակ կաուչուկ արտադրեր: Սակայն, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս լեհական ինչ-որ կազմակերպություն գնել, ապա չեղյալ է համարել 400 տոննա կաուչուկի գործարքը անորակ լինելու պատճառով: «Ռայնովիլը» պարտավորվել էր նաեւ, որ մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը պետք է ՀՀ կառավարությանը ներկայացնի իր կատարած աշխատանքների հաշվետվությունը: Անցած տարի դա չի արել: Իսկ բացը լրացրե՞լ է այս տարի. այս հարցը նորից մնաց անպատասխան: Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանի վիճակը, «Ռայնովիլի» վարած քաղաքականությունը խիստ մտահոգել են ԱՊՀ Միջպետական բանկի ղեկավարներին եւ հատկապես Ռուսաստանի Կենտրոնական բանկին: Բանն այն է, որ ԱՊՀ Միջպետական բանկը հիմնադրվել է ԱՊՀ երկրների ներդրումների շնորհիվ, եւ հիմնական ներդրողը եղել է Ռուսաստանը: Հիմա այդ երկիրը մտահոգվում է իր գումարների ճակատագրով, նաեւ այն 70 մլն դոլար վարկի համար, որը վերցրել է «Ռայնովիլը»: Ի դեպ, այս տարիների ընթացքում այդ վարկն ավելի է մեծացել, որովհետեւ «Ռայնովիլը» վճարումներ չի կատարել: Եվ ըստ որոշ տեղեկությունների, մոտ 1 ամիս առաջ Միջպետական բանկի ղեկավարությունը, նաեւ ՌԴ ԿԲ-ն դիմել են ՀՀ կառավարությանն՝ այդ խնդրին լուծում տալու, այսինքն՝ վարկը վերադարձնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը 1 ամիս ժամկետ է խնդրել լուծում գտնելու համար: Այդ ժամկետն արդեն լրացել է: Ի դեպ, հիշեցնենք, որ ԱՊՀ Միջպետական բանկի եւ «Նաիրիտ գործարանի» միջեւ կայացած գործարքում էական դերակատարություն է ունեցել նաեւ Տ.Սարգսյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը: Նշենք նաեւ, որ նույն Վահան Մելքոնյանն ԱՊՀ Միջպետական բանկի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարն է արդեն երկար տարիներ: Այսպիսով, որքան մեզ հայտնի է, այս շաբաթ Ռուսաստանում վերջնականապես որոշելու են «Նաիրիտի», «Ռայնովիլի» եւ այդ վարկի ճակատագիրը: Ի դեպ, որոշ լուրերի համաձայն, Վ. Մելքոնյանը ցանկանում է ազատվել «Նաիրիտի» տնօրենի եւ Միջպետական բանկի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից, ինչն առայժմ չի ստացվում, որովհետեւ ռուսական կողմը չի համաձայնում: Իսկ Վ. Մելքոնյանն օտար ափերում փորձում է «Նաիրիտի» համար նոր ներդրող գտնել: Հոդվածում ներկայացված տեղեկատվությունը մեկնաբանելու եւ հնչած հարցերի պատասխանները ստանալու համար դեռեւս 2 շաբաթ առաջ դիմել էինք «Նաիրիտ» գործարանի լրատվական բաժնին: Երեկ խոստացան մեր հարցերն ուղարկել Վ. Մելքոնյանին: Նրա պատասխաները կհրապարակենք, եթե, իհարկե, ստանանք: Վերջում հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՊՀ Միջպետական բանկի Արտաքին կապերի վարչության պետ Տատյանա Սերպկովան «168 Ժամին» փոխանցել էր, թե «գործարանից 1 տոննա կաուչուկը գնվում է 2700 դոլարով եւ «Ռայնովիլի» կողմից վերավաճառվում է նվազագույնը 4000 դոլարով: Գործարանից ստացված փողերը գնում են նոր տիրոջ գրպանը»: