Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ բանկերը վարկեր չեն տրամադրում, կամ խստացրել ու դժվարացրել են վարկ տանալու պայմանները։ Դժգոհություններն ու մտահոգություններն առաջին հերթին վերաբերում են հիպոթեքային՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկերին։ Չնայած բանկերը կտրականապես հերքում են, որ խնդիրներ ունեն եւ այդ պատճառով վարկեր չեն տրամադրում, շատ մարդիկ՝ այդ թվում եւ անշարժ գույքի առեւտրով զբաղվողները, նշում են, որ խնդիր, այնուամենայնիվ, կա։
Բա որ ասում էին…
Նման ահազանգերով վերջին շրջանում քաղաքացիները դիմում են նաեւ մեր խմբագրությանը` նշելով նաեւ կոնկրետ բանկերի անուններ, որոնք հրաժարվում են վարկ տրամադրել: Մենք, իհարկե, հասկանալի պատճառներով դեռեւս ձեռնպահ ենք մնում կոկրետ բանկերի անուններ հրապարակելուց։ Փոխարենը՝ փորձենք ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում հիպոթեքային վարկավորման շուկայում։
Սեպտեմբերի 2-րդ կեսին Հայաստանում նույնպես սկսեցին խոսել, որ, մեղմ ասած, դրական փոփոխություններ չեն սպասվում, եւ որ Հայաստանի ֆինանսական շուկայի վրա միջազգային ճգնաժամն անպայման ազդելու է։ ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն առաջիններից մեկն էր, ով այդ մասին խոսեց՝ ասելով. «Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքները շարունակելու են աճել, իսկ միջոցները` թանկանալ»: Իր ասածը նա հիմնավորել էր իրացվելիության խնդրով, ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ողջ աշխարհում։ Ասում էին` ՀՀ ֆինանսական ղեկավարությունը դժգոհել է, որ պրն Օվսյաննիկովը «խուճապային ազդակներ» է հաղորդում։ Իսկ առեւտրային բանկերը կտրականապես հերքում էին, որ բարձրացնելու են տոկոսադրույքները եւ խստացնելու են վարկավորման պայմանները։ Իսկ այսօր նախկին 12-16%-ի փոխարեն՝ ՎՏԲ-ն հիպոթեքային վարկեր տրամադրում է տարեկան արդեն 15-19% տոկոսադրույքով։ Արարատբանկը նույնպես 2%-ով բարձրացրել է տարեկան տոկոսադրույքը՝ նախկին 12-14%-ի փոխարեն՝ սահմանելով 14-16%։ Նվազեցվել է նաեւ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 25 միլիոնի փոխարեն՝ 20 միլիոն։
«Էյչ Էս Բի Սի» Հայաստանում «լողացող կուրս» է. կա հաշվարկային փոխարժեք, որին գումարվում են լրացուցիչ տոկոսներ։ Օրինակ, դրամով տրվող հիպոթեքային վարկերի համար հաշվարկային տոկոսադրույքը 8.25% է։ Լրացուցիչ տոկոսադրույքը 5.75% է՝ համաձայն բանկի կայքէջի (նախկին 3.75%-ի փոխարեն)։ Փաստորեն, հիպոթեքային վարկի տոկոսադրույքն, ըստ էության, բարձրացել է 2%-ով։ Ստորեւ բերված աղյուսակը, կարծում ենք, հետաքրքիր եւ օգտակար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հիպոթեքով անշարժ գույք ձեռք բերել։ Տվյալները վերցրել ենք բանկերի պաշտոնական կայքէջերից (տե՛ս աղյուսակը)։
Ինչպես նկատում եք, հիպոթեքային վարկ ստանալն, իրոք, բավականին դժվարացել է։
«Լավատեսական» անգործություն
Պատճառը պարզ չէ, ավելի ճիշտ՝ լղոզված է։ Կենտրոնական բանկն ու առեւտրային բանկերը շարունակում են հայտարարել, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը մեր բանկային ու ֆինանսական շուկայի վրա չի ազդել։ Իսկ տոկոսադրույքների աճը բացատրում են ոչ թե ֆինանսական ճգնաժամով, այլ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով, որն արվում է գնաճը զսպելու համար։ Սա զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ հունիս ամսից ԿԲ-ն պարբերաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն բանկերը մինչեւ սեպտեմբեր այդ բարձրացումներին չէին արձագանքում նման կերպ։
ՀՀ ԿԲ-ն էլ լավատեսական «մեսիջ» է հաղորդում. «Տրամադրվել է ընդհանուր առմամբ 86,8 միլիարդ դրամի հիպոթեքային վարկ, ընդ որում՝ դրանց վերադարձելիությունը ամենաբարձրերից է, եւ վատթարացում չի արձանագրվել»: Իսկ առեւտրային բանկերի լավատեսությունը, ինչպես նկատել էր թերթի իմ գործընկերներից մեկը, առավել, քան անհասկանալի է. տոկոսադրույքները բարձրացել են, որոշ կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի ավելի շատ կբարձրանան, սակայն բոլորն ասում են՝ վարկավորման ծավալները կավելանան։ Մինչդեռ վարկ տալու համար ոչ միայն ցանկություն է պետք, այլ՝ շատ կոնկրետ ու առարկայական միջոցներ։ Իսկ բանկերին որտեղի՞ց այդ միջոցները։ Աշխարհում ընդունված է, որ առեւտրային բանկերի միջոցները գոյանում են քաղաքացիների խնայողություններից։ Արտասահմանյան բանկերն, օրինակ, ֆինանսական ճգնաժամի արդյունքում այդպիսի միջոցների պակաս զգացին, այլ կերպ ասած՝ իրացվելիության խնդիր ունեցան։ Նրանց օգնության հասան իրենց երկրների կառավարությունները։ Իսկ մեզանում այդպիսի բան չի լինի, որովհետեւ օգնելու համար նախ պետք է խոստովանել, որ խնդիր կա։ Իսկ մերոնք ասում են՝ խնդիրներ չկան։
Խնայե՞լ, թե՞ ոչ
Նկատե՞լ եք, որ տոկոսադրույքների բարձրացումն ինչ-որ կերպ արտացոլվում է հեռուստատեսային գովազդներում։ Վարկավորման թանկացման մասին առեւտրային բանկերը նախընտրում են չխոսել, սակայն ավանդների հարցում՝ «գովազդախեղդ» են անում։ Հորինում են գեղեցիկ անուններով ավանդներ. ու մարդկանց հորդորում գումարները խնայել իրենց բանկում։ Առաջին հայացքից՝ ամեն ինչ նորմալ է՝ բանկերն իրենց գործն են անում, իհարկե, ավելի ինտենսիվ, քան առաջ։ Սակայն ամենագայթակղիչ գովազդն անգամ անզոր է, եթե… փող չկա։ Ավելի ճիշտ՝ կա, բայց քչանում է։ Որովհետեւ ճգնաժամը մեզ վրա չի ազդում, բայց մեր թիվ մեկ տնտեսական գործընկեր Ռուսաստանի վրա ազդում է։ Հետեւաբար, ազդում է նաեւ ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների, հետեւաբար՝ Հայաստան ուղարկվող նրանց գումարների մեծության, հետեւաբար՝ պոտենցիալ խնայողությունների ծավալի վրա։
Մեկ այլ հանգամանք եւս։ Բանկերն ավանդներ ընդունում են տարեկան մինչ 11% տոկոսադրույքով։ Մինչդեռ, այսպես ասած, սեւ շուկայում դրանք մի քանի անգամ բարձր են։ Օրինակ, «Գինդ» թերթում կարող եք բազմաթիվ հայտարարություններ տեսնել՝ «Կվերցնեմ վարկեր՝ ամսական 4 կամ 5%-ով»։ Տարվա կտրվածքով դա կազմում է 50-60%, բանկերի առաջարկած եկամտաբերությունից 5-6 անգամ բարձր։ Իհարկե, ցանկացած մարդ ծանրութեթեւ է անում՝ ընտրություն կատարելով ռիսկի եւ եկամտաբերության միջեւ։ Բանկն ավելի քիչ է վճարում, սակայն ավելի ապահով է։ Սակայն անորոշության պայմաններում մեծանում է նաեւ բանկերի ռիսկայնությունը, եւ նախապատվությունը տրվում է «սեւ շուկային»։
Եվ վերջին հանգամանքը՝ անորոշությունը։ Ծիծաղելի կլինի ասել, որ մարդը բանկում ավանդ է ներդնում՝ եկամուտ ունենալու համար, մանավանդ հիմա, երբ գնաճը գրեթե հավասարվել է տոկոսադրույքներին։ Կարճաժամկետ ավանդների դեպքում բանկերը շատ քիչ են վճարում՝ 6-7%-ի սահմաններում։ Իսկ մեկ տարի եւ ավելի ժամկետներով, մեր քաղաքացները, որպես կանոն, վախենում են ավանդներ ներդնել։ Վախենում են ոչ թե բանկի փլուզումից, այլ փոխարժեքի տատանումներից։ Չգիտեն՝ խնայողություններն ինչպե՞ս պահեն՝ դոլարո՞վ, եվրոյո՞վ, թե՞ դրամով։ Դոլարը «դոշակի տակ» պահելը ձեռնտու չէ՝ փողը «քնեցնում» ես, ու նաեւ կարող են գողանալ։ Սակայն «դոշակն» ունի մի առավելություն՝ եթե դոլարը սկսի արժեզրկվել, փողը դրա տակից հանելն ու դրամի վերածելը մի քանի րոպեի գործ է։ Իսկ դոլար-դրամ փոխարժեքի տատանումները, ինչպես գիտեք, ավելի դժվար է հասկանալ ու կանխատեսել, քան միջազգային ֆինանսական ճգնաժամերը։