Երեկ հայկական մամուլը «Չեն ֆինանսավորի» վերնագրով տիրաժավորեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայտարարությունը: Ռուսական այս ընկերությունը մտադիր չէ ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Այն Հայաստանին է անհրաժեշտ: Հետեւաբար, Հայաստանն էլ պիտի գումարներ հայթայթի երկրի շրջափակումը ճեղքող այս ու մնացած բոլոր ձեռնարկների համար: Դժվարանում եմ բացատրել, թե ինչու է ռուսական ընկերությունն անկեղծացել: Նախկինում երբեք նման բան չի եղել: Երբ «Գույք՝ պարտքի դիմաց» հանրահայտ ծրագրով ռուսաստանյան տարբեր ընկերությունների զիջվեցին հայկական մի շարք ձեռնարկություններ, պատկերն այլ էր: Թե՛ մեր իշխանությունները, թե՛ մեր գույքն իրենցով անող ռուսական ընկերությունների ղեկավարությունն այլ բան էին ասում: Խոսում ու ասում էին, որ այդ ընկերությունները վերագործարկվելու, զարգանալու ու բարգավաճելու են: Ռուսական մամուլն էլ գրում էր. «Հայերը քցեցին ռուսներին»: Իբր թե ահագին փողի դիմաց մի քանի էժան ձեռնարկություն «նաղդեցին»: Այդպիսին որակված էր, ասենք, Սեւան-Հրազդան հիդրոկասկադի ձեռքբերումը: Քանաքեռի հէկ-ը նոր-նոր էինք վերանորոգել: (Գերմանիայից վերցրած 20 մլն մարկ վարկով: Վարկ, որի մարումը մնաց Հայաստանի Հանրապետության բյուջեի ուսերին): Նորոգված Գյումուշն ու կասկադի մյուս հէկ-երը մեծ շահույթով աշխատող ձեռնարկություններ էին: Բայց ռուս-հայկական համագործակցությունը միշտ մեծ եղբոր արած լավություն է ներկայացվել: Անկախ տնտեսական հետեւանքներից: Անիմաստ կամ բացասական հետեւանքներից: Ռուսական ընկերությունների տնտեսական շահը Հայաստանում միշտ ածանցվել է քաղաքական շահից: Նախորդ ու անկեղծ մի պահի ռուս բարձրաստիճան մի չինովնիկ բաց տեքստով հայտարարեց. «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է այս տարածաշրջանում»: Ֆորպոստն արտաքին աշխարհի հետ համարյա կապեր չունեցող ռազմակայանի պես մի բան է: Հետեւաբար, հարկավոր է ամեն ինչ անել, որ Հայաստանը ակտիվ կոմունիկացիաներ չունենա: Եվ չինտեգրվի տարածաշրջանային ծրագրերի մեջ: 1996-97թթ. Հայաստանն ակտիվ բանակցություններ էր վարում Իրանի հետ: Քննարկվում էր իրանական գազատարի կառուցման հարցը: Ենթադրվում էր, որ այն իր թողունակությամբ Իրանի համար լուրջ հետաքրքրություն կներկայացնի: Այս երկիրն էլ շրջափակումը ճեղքելու խնդիր ունի: Արեւմուտքի շուկան հրապուրիչ է բոլորի համար: Եվրոպան ռուսական գազատարներին փոխարինող` վաղուց ու լուրջ է փնտրում: Կառուցվելիք գազատարը հակասում էր ռուսական շահերին: Միմիայն ռուսական շահերին: Արդյունքը հայտնի է: Ռուսական որեւէ ընկերություն որեւէ հայտարարություն չարեց: Բայց նախատեսվող 1,4 մետր տրամագիծ ունեցող գազատարի փոխարեն՝ կառուցվեց 0,7 մետր տրամագիծ ունեցողը: Դա, ըստ մասնագետների՝ հնարավորություն չի տա անգամ Վրաստանի համար տրանզիտ դառնալ: Ավելին` զուգահեռ ընթացող ոչ հրապարակային հայ-ռուսական բանակցությունների ավարտին հայ հասարակությանն անակնկալ մատուցվեց: Տհաճ անակնկալ: Մեր իշխանություններն արդեն բացատրել էին, որ խողովակաշարի տրամաչափը փոքրացել է: Բայց չէին ասել, որ ռուսական կողմն աչք ունի այդ փոքրիկ տրամաչափի վրա: Ռուսական համասեփականություն դարձած գազատարն առայսօր չի շահագործվում: Ակնհայտ է, որ Իրանի համար այն տնտեսական մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Ռուսական սեփականատիրոջ համար եւս: Կարեւորն այն է, որ այդ գազատարը լոկալ նշանակություն ունի: Այսինքն՝ միմիայն Հայաստանի համար է: Իսկ հայկական շահը մեր ռազմավարական գործընկերոջը չի հետաքրքրում: Ավելին, կառուցված գազատարի պարապուրդն ամեն ձմեռ ի ցույց է դնում մեր էներգետիկ անօգնականությունն ու կախվածությունը ռուսական գազից: Կապը, գազը, մյուս ոլորտները անպայման ռուսական ընկերություններին զիջելը շատ փորձագետներ զուտ տնտեսական իմաստով էլ են սխալ համարում: 1999-ին, երբ Երեւանի կոնյակի գործարանը սեփականաշնորհվում էր ֆրանսիական ընկերությանը, մայրաքաղաքում համարյա ժողովրդական հուզումներ էին: Հետո ֆրանսիացիներն իրենց գործունեությամբ նոր որակի բարձրացրեցին գյուղմթերքների մթերման ոլորտը: Նոր` քաղաքակիրթ տնտեսվարման մեթոդներն այս ոլորտի հայկական ընկերություններին մրցակցության մեջ ներքաշեցին: Իսկ դա տնտեսական կյանքում նկատելի դրական հետեւանք ունեցավ: Մինչդեռ ռուսական տնտեսությունն ինքն է տառապում կիսախորհրդային` վարչահրամայական ու կոռուպցիոն մենեջմենթի ձեռքին: Հետեւաբար՝ տնտեսվարման նոր ու արդյունավետ մեթոդներ չի կարող ներմուծել Հայաստան: Ասենք, վերջին հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ տնտեսությունն ու տնտեսվարումը ստորադասվում են քաղաքական շահերին: «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը վերջին տարիներին ֆինանսական հոգսեր կարծես չունի: Իր կազմակերպած ֆուտբոլային գավաթի խաղարկությանը եվրոպական ամենաթանկարժեք ակումբներին է հրավիրում: Հետեւաբար, հայ-իրանական երկաթուղու կառուցմանը ֆինանսական մասնակցություն չբերելու մասին հայտարարությունն ինչ-որ իմաստով ազնիվ է: Իսկապես, ինչո՞ւ մասնակցեն, եթե մենք կարողանում ենք պարտք վերցնելով լուծել նման խնդիրներ: Երբ շինարարությունն ավարտական փուլին մոտենա՝ այդ ժամանակ էլ մեր վարած արտաքին քաղաքականության հետեւանքում ռուսները կմիջամտեն: Կմիջամտեն ու կդառնան կառուցված երկաթուղու սեփականատեր: Վատագույն դեպքում` համասեփականատեր: