Աշխարհում ընդունված է բուհական կամ դպրոցական դասագրքերը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին: Սովորաբար դրանք ժամանակ առ ժամանակ վերանայվում են, փոփոխվում ու բարելավվում:
Ժամանակը թելադրում է իրենը, բայց, միեւնույն ժամանակ, կա գիտելիքների ու արժեքների մի ամբողջություն, որ, անկախ ժամանակից, պիտի փոխանցվի: Մեզանում էլ միտում կա փոփոխությունների, բայց հաճախ անտեղի ու անհասկանալի: Ամեն սերունդ իր արժեքները փոխանցում է հաջորդ սերնդին կրթությամբ, ու դա, պարզ է, արտացոլվում է դասագրքերում: Սովետական ժամանակներում սոցիալիզմի գաղափարախոսության կրողն ու արտահայտիչն էին նաեւ դպրոցական դասագրքերը: Դրանից զերծ չէին նույնիսկ հայ գրականության, հայոց պատմության դասագրքերը: Բնական ու ճշգրիտ գիտությունների բնագավառները քիչ են ենթակա հասարակական փոփոխություններին, ուստի դրանք համեմատաբար քիչ են ավերումների ենթարկվում: Դրանք թարգմանվում էին ռուսերենից, իհարկե, երբեմն համապատասխանելով ազգային առանձնահատկություններին, երբեմն` ոչ: Ճշգրիտ գիտությունների դասագրքերը հիմնականում լավ էին, չնայած դրանք տարիներ շարունակ վերահրատարակվում էին նույնությամբ, հաշվի չառնելով ժամանակի փոփոխությունները: Այնտեղ կային խնդիրներ սովորական հաշվիչով գործողությունների վերաբերյալ, որոնք վաղուց ոչ միայն աշխարհում, այլեւ մեզանում դադարել էին գործածվել:
Հասարակարգի փլուզումն իր հետ բերեց նոր դասագրքերի ստեղծման խնդիր: Գրվեցին եւ դպրոցներում գործածության մեջ դրվեցին նոր դասագրքեր: Դրանք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, կամ նույն հեղինակների կողմից վերանայվում, ապա` տպագրվում, սակայն հիմնականում մեծ դժգոհություն կա դասագրքերի նկատմամբ: Դրանցից դժգոհ են թե՛ երեխաները, որոնց համար դրանք գրված են, թե՛ ուսուցիչները, որոնք դրանցով դաս են պարապում, թե՛ ծնողները, որոնք առնչվում են դրանց տանը: Երբեմն էլ ուսուցիչներն իրենք` զգալով այդ դասագրքերի անօգտակարությունը ուսուցանելիս` մի կողմ են դնում` իրենք բացատրելով նոր նյութը աշակերտներին կամ օգտագործելով նախկին դասագրքերը: Թերեւս, հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության դասագրքերը կարող էին ամբողջապես բավարարել թե՛ ժամանակի, թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների պահանջներին, եւ, անհասկանալի է, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ դրանցից նույնպես մեծ դժգոհություն կա:
Կան մի քանի պատճառներ: Նախ, մեզանում ընդունված է հեղինակություններ ստեղծել, անվերապահ ընդունել նրանց արածը, արժեւորել անարժեքը: Դպրոցականին անհասկանալի լեզվով գրված դասագրքերի պատճառներից մեկը սա է: Լավ դասագրքեր կարող են գրել նաեւ լավ ուսուցիչները: Նրանք դասի ընթացքում զգում են դասագրքի առավելություններն ու թերությունները, լինելով անմիջական կապի մեջ աշակերտների հետ` գիտեն նրանց համար կարեւորն ու անկարեւորը, նրանց ժամանակին ու մտածողությանը հարիրն ու անհարիրը: Դպրոցին կից ու վերադաս կան այնքան կրթող, պատրաստող-վերապատրաստող անհարկի կառույցներ, որ դասագրքեր գրելու հարցը դպրոց չի հասնում: Ուրիշ երկրներում լավագույն դասագրքերը գրվում են հենց ուսուցիչների կողմից: Բացի այդ, մեզանում գիտության ամեն բնագավառում կան «մաֆիաներ», որոնք հեշտությամբ ձեռք են բերում թե՛ գիտական դիրք, թե՛ փոփոխելու իրավունք, թե՛ նորը ներդնելու տաղանդ: Իրապես նրանք լինելով հեռու թե՛ գիտությունից, թե՛ դպրոցից, գրում են անպետք ու ոչ պիտանի դասագրքեր: Եվ աշակերտները չեն կարողանում սովորել, ուսուցիչները չեն կարողանում սովորեցնել: Դրանց շուրջ գրվում են ուսուցանել սովորեցնող գրքեր, ուսումնական պլաններ, վերապատրաստական դասընթացներ են լինում, բայց` անօգուտ:
Մեզանում չկա նաեւ փորձագիտական մոտեցումը ու ճշմարիտ բանավեճը որեւէ խնդրի շուրջ: Փորձագիտական խմբերի մեջ կարելի է ընդգրկել թե՛ մասնագետների, թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների: Եթե դասագրքերն օգտագործվում են դպրոցներում, ու մի քանի տարի անց պարզվում է նրանց անօգտակարությունը, կարելի էր նոր մրցույթ հայտարարել ու նոր դասագրքեր փնտրել: Դա օգտակար կլինի նաեւ հեղինակների համար, որոնք փորձաքննության արդյունքներին տեղյակ լինելով` կարող են վերացնել դասագրքերի թերությունները: Օրինակ, մաթեմատիկայի 7-9-րդ դասարանների դասագրքերը: Դրանք վերանայվում ու վերահրատարակվում են, բայց աշակերտներն այս տարի հրատարակված գրքի շարադրանքն ավելի չեն հասկանում, քան նախորդներինը: Կա աշակերտներին մատչելի պարզ լեզու, բայց այդ դասագրքերում նյութն արհեստականորեն բարդացված է: Ճիշտ է, այդ դասագրքերը միտված են ժամանակակից գիտության լեզուն աշակերտին մոտեցնելուն, բայց հաճախ ապացուցման առանձնահատկությունները միջին դասարանի աշակերտին հետաքրքիր ու հասկանալի չեն: Դրանցից բողոքում են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Շատ դպրոցներում ուսուցիչներն իրենք են բացատրում դասը կամ դրանք փոխարինում հին սովետական դասագրքերով: Իրականում, մաթեմատիկան ճշգրիտ ընթացող գիտություններից է: Դպրոցում ուղղակի դրա սկզբունքները պարզ բացատրելու խնդիրը կա:
Կենսաբանության, քիմիայի դասագրքերում նյութը ծավալուն է ու խտացված: Աշակերտների կարծիքով` առանց անգիր սովորելու ամեն նախադասություն, անհնար է յուրացնել: Այդպես էլ, առանց խորը հասկանալու՝ դասարանում մի քանի հոգի անգիր են սովորում` ովքեր հետագայում բուհերում ընդունելության քննություններ են հանձնելու այդ առարկաներից: Մնացածին դա հետաքրքրում է գնահատականի համար կամ ընդհանրապես չի հետաքրքրում:
Անգլերենի դասագրքերում, ուսուցիչների կարծիքով` ներկայացվող նյութը չհամակարգված է ու առանց ամբողջական մեթոդի: Դրանք անհետաքրքիր են նաեւ աշակերտների համար, երբեմն նույնիսկ` հեշտ: Գրքերում կան նաեւ բարդ տեքստեր, որոնք թե՛ բառապաշարի, թե՛ նյութի իմաստով անտեղի են: Բազմաթիվ դպրոցներում օգտագործում են ռուսական դպրոցների համար նախատեսված դասագրքերը: Դրանք թեեւ անգլերենի խորացված ուսուցման համար են, բայց հաճելի են թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար: Այնտեղ նյութը մատչելի է ու թեթեւ, համակարգված ու տրամաբանական: Հայ հեղինակների կողմից գրված դասագրքերով պարապելիս աշակերտը ոչ միայն անգլերենը չի սովորում, այլեւ հետագայում պատրաստ չի լինում բուհի ընդունելության քննություններ հանձնելուն: Իսկ ընդհանրապես, դպրոցական դասընթացն այնքան հեռու է բուհերի ընդունելության պահանջներից, որ առանց լրացուցիչ պարապելու բացառվում է բուհ ընդունվելը:
Հայոց պատմության դասագրքերն էլ երբեմն ճիշտ են, երբեմն` թերի. մեր պատմության պես: Որոշ պատմական իրադարձությունների առավել շատ տեղ է տրված, քան արժեն, որոշներն անտեսված են: Երեխաներին ավելի ճիշտ է դաստիարակել հերոսների օրինակով, այնինչ հաճախ ավելի ընդգծված է դավաճանների գործունեությունը: Ուսուցիչների կարծիքով` շատ են ավելորդ թվերը: Օրինակ, իններորդ դասարանի դասագրքում գրված է, որ 1919թ. գարնանը ԱՄՆ-ը Հայաստան է ուղարկել 1,3 մլն փութ ալյուր, 257.000 փութ ցորեն: Ամեն հեղինակ իր գիտական տեսանկյունից է ներկայացնում պատմությունը, այնինչ կա առավել օբյեկտիվ տեսակետ: 6-րդ դասարանի դասագրքում հայ ժողովրդի կազմավորումն ավարտվում է Երվանդականների օրոք, որն այսօր պատմագիտության մեջ քիչ ընդունելի փաստ է:
Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերը նույնպես բազմաթիվ փորձությունների են դատապարտված: Ուսուցիչների կարծիքով՝ գրականության դասագրքերը համեմատաբար լավ են, եւ ամեն անգամ նորացնելով` փորձ է արվում շտկել նախկին թերությունները: Նույնը չի կարելի ասել հայոց լեզվի դասագրքերի մասին: Հինգերորդ դասարանի դասագրքում ամփոփված նյութը հեշտ է, փոխարենը բարդ է վեցերորդ դասարանինը, իսկ յոթերորդում այդ երկուսի կրկնությունն է: Կանոնների անգիր անելը լեզու չի սովորեցնում երեխաներին. հետաքրքիր վարժությունները գրքերում քիչ են: Ուսուցիչներն ու դասախոսները դիմորդներին ուսուցանելիս օգտագործում են Էդ. Աղայանի կամ լրացուցիչ այլ դասագրքեր: Եթե տարիներ անց վերադառնալը հին դասագրքերին ավելի նպատակահարմար է, ո՞րն է նոր դասագրքեր գրելու իմաստը: Գրականության դասագրքերն աշակերտների մտահորիզոնը բացելու փոխարեն` փակում ու սահմանափակում են: Ի՞նչ կարիք կա նույն հեղինակների մասին անցնել ցածր դասարաններում, վերջում նորից կրկնել` Մաշտոցից մինչեւ Իսահակյան: Կա արեւմտահայ գրականություն, որին քիչ են անդրադառնում դպրոցում, եւ վերջապես կա համաշխարհային գրականություն: Հայ գրականությունը համաշխարհային գրականության օվկիանոսի մեջ մի կաթիլ է: Ինչո՞ւ տարիներ շարունակ երեխաների դեռեւս անսահմանափակ մտածողությունն այդ կաթիլի մեջ խցկել: Փեղկերը, թերեւս, դեպի օվկիանոս է հետաքրքիր բացել: